
Թուրքիան ու Հունաստանը ստորագրել են 25 համաձայնագիր

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասն այսօր Ստամբուլում դռնփակ հանդիպում է ունեցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ: Հանդիպումից հետո Սամարասը բարձր է գնահատել անցկացված բանակցությունները՝ հայտարարելով, որ երկու երկրները ստորագրել են 25 համաձայնագիր.
«Դրանք օգտակար ու կառուցողական բանակցություններ էին: Այս օրը շատ կարևոր է թուրք-հունական հարաբերությունների համար: Երկու երկրների միջև ստորագրվել է 25 համաձայնագիր, որոնք առնչվում են գիտության, կրթության, սպորտի, առողջապահության, մշակութային ոլորտներում համագործակցությանը:
Ներկայումս անհրաժեշտ է լուծել գլխավոր հարցը՝ բարիդրացիական հարաբերությունների ամրապնդումը: Զբոսաշրջությունը կարևոր գործոն է մե փոխադարձ առևտրում: Մենք նպատակադրվել ենք երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը հասցնել 10 միլիարդ դոլարի: Ես վստահ եմ, որ դա հնարավոր է»:
Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ երկու երկրները համատեղ պայքար են մղելու ահաբեկչության դեմ՝ ընդգծելով, որ թե՛ Թուրքիան, թե՛ Հունաստանը բավականաչափ տուժել են ահաբեկչությունից: Սամարասը նաև դռնփակ հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ: