Հունական ԶԼՄ-ները գործադուլ են կազմակերպել վարչապետի թուրքական այցի օրը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հույն լրագրողները մտադիր են այսօր անցկացնել հերթական գործադուլը՝ որպես բողոքի նշան եկամուտների կրճատման ու աշխատանքից հեռացվելու դեմ:

Հունաստանի կառավարությունը լրագրողներին մեղադրել է խափանարար աշխատանքներ իրականացնելու մեջ, քանի որ այսօր Հունաստանի գրեթե ողջ կառավարությունը՝ վարչապետ Անտոնիս Սամարասի գլխավորությամբ այցելում է Թուրքիա: Մինչ այս էլ լրագրողները գործադուլ էին կազմակերպել փետրվարի 19-ին, երբ Հունաստան էր ժամանել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:

Սամարասը Ստամբուլում հանդիպելու է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ, մասնակցելու է Թուրք-հունական համագործակցության բարձրագույն խորհրդի նիստին և գործարարների ֆորումին: Վերջինիս մասնակցելու է 100 հույն և 200 թուրք գործարար:

Ակնկալվում է, որ տնտեսական խնդիրների հետ մեկտեղ Սամարասն ու Էրդողանը քննարկելու են նաև երկկողմանի հարաբերություններին առնչվող այլ հարցեր և մասնավորապես մայրցամաքային շելֆի ու բացառապես տնտեսական գոտու բաժանման հարցը, ազգային փոքրամասնությունների իրավունքներին ու կրոնական կրթությանն առնչվող խնդիրներ:

Սամարասը նաև հանդիպելու է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ:

Տեսանյութեր

Լրահոս