Ընտրությունները և պետության անհամաչափությունը
Ժողովրդավարական պետություններում ընտրությունների անցկացման ձևն ու որակը ժողովրդավարության երևի թե հիմնական ցուցիչներից են: Առաջադեմ ժողովրդավարություններում ոչ միայն ընտրություններն են որոշակի առումով տոն դառնում, այլև՝ այն քաղաքական ավանդույթները և իրադարձությունները, որոնք հաջորդում են բուն ընտրություններին: Երրորդ Հանրապետության բոլոր իշխանություններին, թերևս, հաջողվել է ամեն ինչից «տոն» սարքել, բացի ընտրություններից. վերջերս պարզեցինք նաև, որ տոն կարելի է անել նույնիսկ Եռաբլուրում: Ինչևէ…
Հայաստանում անցկացվող բոլոր տեսակի ընտրությունները նույնպես ցուցիչներ են, որոնք, սակայն, ի տարբերություն իրապես ժողովրդավարական պետությունների, ոչ միայն ցույց են տալիս, որ մեր որդեգրած ժողովրդավարությունը հռչակագրային բնույթի է, այլև, թե ինչպիսի անհամաչափ հարաբերությունների և դրսևորումների մեջ է մեր պետությունը՝ ժողորդավարության հանդեպ:
Օրինակ առաջին: Եթե չեմ սխալվում, 2003 թվականի նախագահական ընտրությունների շեմին էր, որ Հայաստան պետությունը դրսում գտնվող իր քաղաքացիներին զրկեց ընտրելու իրավունքից. ժողովրդավարական համարվող որևէ երկրում անպատկերացնելի լուծում: Այսինքն՝ տարբեր հաշվարկներով՝ 700.000- 1.000.000 ՀՀ քաղաքացիներ (կամ նրանց զգալի մասը), որոնք երկիրը լքել էին սոցիալ-տնտեսական ծանր պայմանների պատճառով և մեկնել արտերկիր՝ իրենց ընտանիքների համար ավելի մարդավայել կյանք ապահովելու նպատակով, մեքենայաբար զրկվեցին ընտրության իրենց իրավունքն իրացնելու հնարավորությունից՝ հանուն այն երկրի, որի քաղաքացիները նրանք շարունակում էին/են լինել: Սա նշանակում է, որ նախագահական ընտրություններում որ թեկնածուն էլ ձայների մեծամասնություն հավաքի, այդ մեծամասնությունը խիստ հարաբերական է, քանի դեռ հաշվի չի առնվել դրսում գտնվող ՀՀ քաղաքացիների կամարտահայտության հնարավորությունը: Իսկ այդ հնարավորության հաշվառման պարագայում ոչ միայն կարող էր ձայների հարաբերակցությունը շրջվել հօգուտ ընդդիմադիր թեկնածու(ներ)ի, այլև՝ դեպի տուն վերադարձի ճանապարհ կբացվեր բոլոր մեր այն հայրենակիցների համար, ովքեր, հաճախ՝ պարտադրված, լքել են երկիրը, և որոնք պատրաստակամ կլինեին վերադառնալ դեպի ավելի արժանապատիվ և իր քաղաքացու իրավունքներն ու շահը պաշտպանող Հայաստան: Այստեղ, իհարկե, այլ հարց է, թե որ թեկնածուն ինչպես կօգտագործի արտագաղթը. որպես վերարտադրվելու միջո՞ց, թե՞ որպես խնդիր, որի դեմ պետք է պայքարել:
Դժվար չէ պատկերացնել, թե ինչ վերջնական արդյունք կգրանցվեր այս ընտրություններում, եթե Հայաստանից մեկնած քաղաքացիների (միջինում՝ 850.000 հոգի) ձայների գոնե 50-60 տոկոսը վերաբաշխվեր ընտրապայքարի արդյունքում, ըստ ԿԸՀ տվյալների՝ առաջին տեղը զբաղեցրած թեկնածուի՝ 861.373, և երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուի՝ 539.693 ձայների վրա: Ավելին՝ ժողովրդավարության հանդեպ եղած այս էական անհամաչափությունը, ինչպես ցանկացած այլ անհամաչափություն, ծնում է այլ՝ ավելի խորը անհամաչափություններ, իմա՝ ոչ իրավաչափություն: Բոլորիս հիշողության մեջ դեռ թարմ է համեմատաբար վերջերս առաջ քաշած այն նախագիծը, որի նպատակն էր՝ ինչ-որ մի X ժամանակահատվածից ավելի Հայաստանից դուրս գտնվող քաղաքացիներին պարտադրել վճարել տուգանք՝ ամսական Y գումարով: Բարեբախտաբար, այդ նախաձեռնությունն օրենքի ուժ չստացավ, այլապես կստացվեր, որ պետությունը ոչ միայն սահմանափակում է իր թերացումների պատճառով դրսում գտնվող իր քաղաքացիների ընտրության, այլև՝ ազատ տեղաշարժի իրավունքները: Դժվար չէ եզրակացնել, թե որքանով է դա ժողովրդավարական:
Օրինակ երկրորդ: Ի պատասխան հնչող այն մեղադրանքներին, թե իշխող կուսակցությունն օգտագործում է վարչական ռեսուրսը՝ մարդկանց դեպի ընտրատեղամասեր հասցնելու կամ նրանց ձայներն ուղղորդելու գործում, իշխանությունն ասում է, որ այդպիսի պնդումներն անհիմն են: Սակայն իր գործողություններով շարունակում է ապացուցել հակառակը: Տեղական կառավարման մարմինների ղեկավարների՝ այս օրերին արձանագրվող և սպասվելիք պաշտոնանկություն-հրաժարականները ոչ միայն ցույց են տալիս, որ որոշ մարզպետներ, քաղաքապետեր, համայնքապետեր և գյուղապետեր «ըստ պատշաճի» չեն կատարել իրենց «պարտավորություններն» իշխանության թեկնածուի հանդեպ, այլև, որ, փաստորեն, տեղական կառավարման մարմինների ղեկավարները, ոչ այլ ինչ են, եթե ոչ՝ իրենց վստահված տարածքներում ընտրությունների մենեջերներ. ըստ էության կարևոր չէ, թե, օրինակ, որ մարզը տնտեսական և ժողովրդագրական ինչպիսի աճ կարձանագրի կոնկրետ ժամանակահատվածում, այլ ավելի կարևոր է, թե որ մարզպետը, քաղաքապետը կամ գյուղապետը որքան «կողմնորոշված» ընտրող կբերի ընտրության:
Այս երկու օրինակն էլ բավարար են ժողովրդավարության հանդեպ ունեցած՝ մեր պետության, կամ, ավելի ճիշտ, նրա հետ իրենց նույնացնող ուժերի անհամաչափ վերաբերմունքը վեր հանելու համար: Օրինակները կարելի է շարունակել:
Սակայն բավարարվենք՝ արձանագրելով, որ վերջին ժամանակներում սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերի բուռն արձագանքները, օրինակ՝ հայտնի ֆիլմի, որևէ թեկնածուի կողմից թույլ տրված սայթաքման, այս կամ այն միջադեպի, և այլնի նկատմամբ, ոչ թե սոսկ չարակամություն են, չուզողություն, թշնամանք կամ նախանձ, ինչպես արձանագրվեց որոշ պարզունակ մեկնաբանություններում և արձագանքներում, այլ՝ ընդվզում անհամաչափության դեմ՝ իր բոլոր դրսևորումներում. անհամաչափություն ռեժիսորական կարողությունների և իրականացրած կինոնախագծի, անհամաչափություն կոնկրետ պատմական իրադարձությունների և դրանց կինեմատոգրաֆիական պատկերման, անհամաչափություն նախապես գրված ելույթների և գրված տեքստերից դուրս ելույթների միջև, և այլն, և այլն: Այլկերպ՝ մարդկանց ընդվզումն ուղղված էր անհամաչափ պետության մեջ ստեղծված անհամաչափ իրականության դեմ:
Բնական է, որ տարբեր տրամաչափի եվրադիտորդների գնահատականները մեր անհամաչափ իրականության հանդեպ նույնքան անհամաչափ են: Իրականում ժամանակն է, որ դադարենք տառապել ինքնախաբեությամբ և շարունակաբար մենք մեր աչքում ինքնահաստատվենք տարբեր եվրագործիչներից ստացած գնահատականների կամ շնորհավորանքների միջոցով: Որևէ արտասահմանյան գործչի Հայաստանը դժվար թե հետաքրքրի՝ որպես պետություն և որպես ժողովուրդ, մանավանդ որ, չունենք այնպիսի շահեկան ռեսուրսներ, որոնցով կկարողանայինք շարժել նրանց հետաքրքրությունը, և նրանցից շատերը չեն էլ թաքցնում այդ հանգամանքը: Նրանց Հայաստանը կարող է լոկ միայն որպես տարածք հետաքրքրել: Ուրեմն, ամեն դեպքում, վերջին խոսքը Հայաստանի քաղաքացունն է, ով ուզում է ապրել բոլոր իմաստներով համաչափ պետության մեջ:
ԱՐՄԵՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ