«Երևանի ոսկերչական գործարանի» կանոնադրական կապիտալը կնվազեցվի
Հիմք ընդունելով «Երևանի Ոսկերչական գործարան» բաց բաժնետիրական ընկերության` 2011 թվականի ֆինանսական արդյունքները՝ կառավարությունն իր վաղվա նիստում կթույլատրի բաժնետոմսերի անվանական արժեքը նվազեցնելու միջոցով ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը` այն համապատասխանեցնելով 2011 թվականի տարեվերջի դրությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքին (որը կազմել է 3243272 հազ. դրամ):
2011թ. տարեկան գործունեության արդյունքների հիման վրա ներկայացված ֆինանսական հաշվետվությունների համաձայն «Երևանի Ոսկերչական գործարան» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը կազմել է 10348896 հազ. դրամ, սեփական կապիտալը` 3243272 հազ.դրամ: «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության պահանջով, եթե երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա ավարտից հետո պարզվի, որ Ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է կանոնադրական կապիտալից, ապա Ընկերությունը պարտավոր է հայտարարել եւ սահմանված կարգով գրանցել իր կանոնադրական կապիտալի նվազումը:
Նախագծի ընդունման նպատակն է ապահովել ՀՀ էկոնոմիկայի նախարարության կառավարմանը վերապահված պետական բաժնեմասով ընկերություններում օրենքի նշված հոդվածի պահանջը: