Ֆրանսիայի խորհրդարանի շենքում ծեծկռտուք է գրանցվել հայերի ու ադրբեջանցիների միջև

Հայ-ամերիկյան Asbarez պարբերականի փոխանցմամբ՝ ադրբեջանական պատվիրակությունը փչացրել է երեկ Ֆրանսիայի խորհրդարանում Սումգայիթի զոհերի հիշատակի 25-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառումը: Ադրբեջանի դեսպանատան հետ կապված մարդիկ ծեծկռտուք են հրահրել Փարիզում գտնվող խորհրդարանի շենքում:

Ադրբեջանցիները հրաժարվել են հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգել Սումգայիթի զոհերի հիշատակը: Ֆրանսիայում Հայկական կազմակերպության կոորդինացիոն խորհրդի (CCAF) նախագահ Մուրադ Փափազյանը հայտարարել է, որ ադրբեջանցիներից մեկը հարվածել է միջոցառման կազմակերպիչներից Հրաչ Վարժապետյանին, երբ վերջինս մոտեցել է նրանց՝ կապված նրանց անհարգալից վերաբերմունքի հետ:

Ականատեսների վկայությամբ՝ ադրբեջանցիներից մեկը հայտարարել է, որ ինքը հոտնկայս կհարգի միայն «Խոջալուի զոհերի» հիշատակը: Այն բանից հետո, ինչ ադրբեջանցիները հարվածել են Վարժապետյանին, մի խումբ հայ երիտասարդներ նետվել են նրանց վրա և տեղի է ունեցել ծեծկռտուք: Զարմանալին սակայն այն է, որ անմիջապես դեպքի վայրում է հայտնվել Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Էլչին Ամիրբեյովը՝ դեսպանատան այլ աշխատակիցների ուղեկցությամբ և հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ:

«Սումգայիթի դեպքերը 25 տարի անց. ներկա իրավիճակը և ապագա հեռանկարները Լեռնային Ղարաբաղի բնակչության համար» խորագրով միջոցառումը կազմակերպել է ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Ռոշեբլուն: Միջոցառմանը մասնակցել են ֆրանսիացի մի շարք պատգամավորներ:

Տեսանյութեր

Լրահոս