Անկարայում ավերել են Խոջալուի իրադարձություններին նվիրված ստենդը
Ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, վկայակոչելով թուրքական Anadolu լրատվական գործակալությանը, հայտնում է, որ Անկարայում անհայտ անձինք հարձակում են գործել Իվանյանի (Խոջալու) իրադարձություններին նվիրված ստենդի վրա:
Երիտասարդ անձանց խումբը ջարդուփշուր է արել այդ ստենդը և տվյալ իրադարձություններին նվիրված լուսանկարները հայտնվել են գետնին: Ստենդը կազմակերպել էր Գյոքբորու կազմակերպությունը: Հարձակման ժամանակ ձեռնամարտ է սկսվել այդ կազմակերպության անդամների ու հարձակում գործածների միջև, ինչի հետևանքով վիրավորվել է կազմակերպության 7 անդամ:
Հիշեցնենք, որ այն տարածքը, որտեղ 1992 թվականին զոհվեցին Խոջալուի բնակիչները, գտնվում էր ադրբեջանցիների վերահսկողության ներքո, ինչը նշանակում է, որ ադրբեջանցիները մահացածներին և տեղանքը անսահմանափակ ու անարգել նկարահանելու հնարավորություն ունեին:
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հետագայում ռուսական ԶԼՄ-ներին հայտնել է, որ Խոջալուի իրադարձությունները կազմակերպվել են իր հրաժարականի համար հարմարավետ առիթ ստեղծելու համար:
Նա հավելել էր, որ չի հավատում այն վարկածին, թե ադրբեջանական խաղաղ բնակչության համար մարդասիրական միջանցք բացած հայերն են կրակել խաղաղ բնակիչների վրա և հետո թույլ են տվել, որ այդ փաստերը հայտնվեն ադրբեջանցիների ձեռքում:
Մութալիբովն ընդգծել էր, որ այդ ժամանակ Ակնի (Աղդամ) մոտակայքում ադրբեջանական բավականաչափ ուժեր էին տեղակայված, որոնք կարող էին դուրս գալ և օգնել այդ մարդկանց, կամ էլ ուղղակի համաձայնության գալ, որպեսզի խաղաղ բնակչությունը հեռանա: Այդպիսի պրակտիկա միշտ գոյություն է ունեցել: