Հայ գիտնականների կողմից ուղեղից ստացված նոր տիպի դեղանյութը կարող է բուժել մի շարք հիվանդություններ
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հ. Բունիաթյանի անվան Կենսաքիմիայի ինստիտուտում ակադեմիկոս Արմեն Գալոյանի ղեկավարած գիտական խմբի կողմից ուղեղի հիպոթալամուսից առանձնացվել է պրոլինով հարուստ պոլիպեպտիդ (ՊՀՊ), որն ունի յուրահատուկ պաշտպանիչ հատկություններ:
Այդ պոլիպեպտիդի քիմիական կառուցվածքը պարզաբանվել է, և ներկայումս ինստիտուտում սինթեզվում են ինչպես` ՊՀՊ-1-ը, այնպես էլ դրա ածանցյալները: Պոլիպեպտիդների այս խումբը եզակի է նախ և առաջ` նրանով, որ այն սպեցիֆիկ չէ որևէ մի վարակի հանդեպ, այլ ընդունակ է ոչնչացնել ախտածին վարակների տարբեր տեսակներ, այդ թվում` սիբիրախտի մանրէները, ստաֆիլոկոկի մահացու վտանգավոր հակաբիոտիկ կայուն տեսակները, և այլն:
Ուղեղի նոր տիպի դեղանյութի ներդրումը բժշկության մեջ հանրապետության գիտության և տնտեսության զարգացման համար կունենա հզոր ռազմավարական նշանակություն: Այն կարող է հզոր դեղամիջոց հանդիսանալ նաև արյան ծանրագույն հիվանդությունների` լեյկեմիայի, միելոմայի և լիմֆոմայի բուժման համար: Այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրեն, կենս. գիտ. դոկտոր Սամվել Չաիլյանը:
«Ուղեղից անջատվում են կենսաակտիվ պեպտիդներ, և մենք ուսումնասիրում ենք դրանց ազդեցությունը տարբեր հիվանդությունների և պաթոլոգիաների ժամանակ: Մեզ արդեն հաջողվել է ուղեղից անջատել կենսաակտիվ պեպտիդ, բացահայտել դրա ամինաթթվային կազմն ու հաջորդականությունը և ստեղծել դրա սինթետիկ անալոգները»,- ասաց Ս. Չաիլյանը` նշելով, որ ներկայումս այդ պեպտիդն անցնում է նախակլինիկական փորձարկումներ, և փորձում են դրանք տանել դեպի կլինիկական փորձարկում: Ստացված արդյունքները հետաքրքրել են շատերին: Օրինակ` Ֆրանսիայում Պաստերի ինստիտուտի հետազոտողներն ուսումնասիրել են ամենավտանգավոր վարակներից մեկով` Staphylococcus Aureus-ով վարակված մկների խումբը, որին ներարկվել է ընդամենը 1 միկրոգրամ պեպտիդ, և նրանք կենդանի են մնացել, այն դեպքում, երբ ստուգիչ խումբն ամբողջությամբ մահացել է:
Ուղեղից ստացված միացությունների ուսումնասիրություններն ակադեմիկոս Գալոյանի ղեկավարությամբ սկսվել էին դեռևս 60-ականների վերջին, և 70-ականների սկզբից, երբ նա և իր աշխատակիցները ստացան կարդիոակտիվ հատկություններով միացություններ: Ամիսներ առաջ մեծանուն գիտնականը մահացավ, և ներկայումս այդ աշխատանքները շարունակում են նրա աշակերտները: Կենսաքիմիայի ինստիտուտի միջազգային կապերի գծով փոխտնօրեն Կարինե Գևորգյանը պատմում է, թե ինչպես էին ակադեմիկոս Գալոյանի ղեկավարությամբ գիտաշխատողները խմբերով գնում սպանդանոցներ` մեծ եղջերավոր անասունի` տավարի հիպոթալամուսը հավաքելու նպատակով: «Սկզբում` երևանյան, հետագայում` Գյումրիի, և այնուհետև` նաև Մոսկվայի սպանդանոցներ էին գնում, քանի որ աշխատանքները լայնորեն տարածվեցին: Նույնիսկ Մոսկվայում է ստեղծվում փոքրիկ լաբորատորիա, որտեղ ևս սպանդանոցների մեծ եղջերավոր անասունի ուղեղից ստացված հիպոթալամուսը մշակվում էր»,- ասաց Կ.Գևորգյանը` նշելով, որ դա բավական դժվար գործընթաց էր, և կարևոր էր, որպեսզի ստացված նյութը չհնանա և ժամանակին տեղ հասցվի:
Նոր դեղամիջոցի ստեղծման աշխատանքներում ներգրավված են ոչ միայն Կենսաքիմիայի ինստիտուտի գիտնականները, այլև թվով մոտ 40 գիտնականներ՝ ինչպես Կենսաքիմիայի ինստիտուտից, այնպես էլ Պետական Ագրարային համալսարանի համաճարակաբանության և մակաբուծության ամբիոնից, Երևանի պետական համալսարանի գենետիկայի և ցիտոլոգիայի ամբիոնից, Լ.Ա. Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտի կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիաների փոխհատուցման ֆիզիոլոգիայի լաբորատորիայից, «Արմենիկում» կլինիկական կենտրոնի լաբորատորիայից, Անասնաբուժության և անասնաբուծության գիտական կենտրոնի գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների ուսումասիրման լաբորատորիայից, Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայից, Օրգանական և դեղագործական քիմիայի գիտական տեխնոլոգիական կենտրոնից և այլ հաստատություններից:
«Հիպոթալամուսից ստացված կարդիոակտիվ, ինչպես նաև իմունոկարգավորիչ միացությունները բավական թանկ արժեին` մեկ ամպուլայի ինքնարժեքը գնահատվում էր մոտ 500 դոլարից ավելի: Հենց դրա համար ակադեմիկոս Գալոյանը սկսեց զբաղվել ստացված միացությունների վերծանմամբ, այսինքն` կառուցվածքի պարզաբանմամբ, և հետագայում արդեն այդ կառուցվածքի շնորհիվ հնարավոր դարձավ ստանալ դրանց սինթետիկ ձևերը, որոնք բնականի հետ համեմատելիս` նույն արդյունքն էր տալիս: Այսինքն` դրանց` բնականի և սինթետիկի ազդեցությունը նույնն էր»,- ասաց Կ. Գևորգյանը` նշելով, որ դրանց օգտագործման հնարավորությունները վարակիչ, իմունային, նեյրոդեգեներատիվ և սրտանոթային հիվանդությունների բուժման համար հետաքրքրում են շատերին:
Այդ հետազոտությունների արդյունքում 700-ից ավելի հրապարակումներ են եղել Հայաստանի և միջազգային հեղինակավոր գիտական ամսագրերում: Իսկ որոշ արտասահմանյան ընկերություններ խիստ հետաքրքրված են նմանատիպ միացությունների կիրառման խնդիրներով, ինչը կարող է ունենալ նաև իր բացասական հետևանքները` այն առումով, որ ուղեղից ստացված նոր դեղանյութի վերաբերյալ հայ գիտնականներն ունեն միայն տեղական արտոնագրեր, և չունեն ոչ մի միջազգային արտոնագիր: «Բացառված չէ, որ նրանք կարող են թևանցել մեր հետազոտությունների արդյունքները, մանավանդ այն դեպքում, երբ մենք չունենք միջազգային պատենտներ մեր շահերը պաշտպանելու համար: Մենք` Գալոյանը և իր աշխատակիցները, այդ աշխատանքների հետ կապված ունենք 29 պատենտ. միջազգայինները չեն գործում վաղեմության պատճառով (դրանք ձեռք են բերվել խորհրդային տարիներին.- Լ.Մ.), իսկ միայն տեղականը չի կարող մեզ ապահովել միջազգային արենա, քանի դեռ մենք չենք պատենտավորել այս ամենն արտերկրում, ինչը բավական թանկ արժե` առնազն 40-50 հազար դոլար»,- ասաց Կ. Գևորգյանը` նշելով, որ պատենտավորման հարցը բավական կարևոր է, իսկ հարցի անլուծելիությունը կարող է մեծ վնասներ հասցնել մեր հանրապետության գիտությանն ու տնտեսությանը:
ՀՀ ԳԱԱ Կենսաքիմիայի ինստիտուտի տնօրեն Սամվել Չաիլյանի խոսքով` ինստիտուտում գործող լաբորատորիան, որը զբաղվում է պեպտիդների սինթեզումով, Կովկասյան տարածաշրջանում միակն է իր տեսակի մեջ: Լաբորատորիան ունի գերժամանակակից սարքավորումներ, որոնք հիմնականում ձեռք են բերվել տարբեր դրամաշնորհների միջոցով: «Այն գումարները, որ կառավարությունը հատկացնում է մեզ, բավական չեն լիարժեք աշխատելու համար, իհարկե, մենք փորձում ենք տարբեր դրամաշնորհային համակարգերով ինչ-որ գումարներ հայթայթել և շարունակել աշխատանքը, սակայն, ցանկալի կլիներ, որ ֆինանսավորումն ավելի լիարժեք լիներ: Գիտության մեջ ֆինանսավորման առումով «բավարար» հասկացողություն գոյություն չունի, միշտ էլ քիչ է, եթե հաշվի առնենք, որ մեկ սարքավորման արժեքը 100-150 հազար եվրո է: Կարծում եմ, կառավարությունն ավելի շատ ուշադրություն պետք է դարձնի գիտության զարգացմանը, քանի որ գիտությունը հանդիսանում է տնտեսության հիմքերից մեկը, ունենալով լավ գիտություն, շատ կարճ ժամանակահատվածում կարելի է արագ տեմպերով զարգացնել տնտեսությունը: Չունենալով լավ գիտություն, տնտեսությունն ընդհանրապես գնում է դեպի փակուղի»,- ասաց Ս. Չաիլյանը` նշելով, որ առանց օժանդակության նրանց չէր հաջողվի ստանալ նմանատիպ արդյունքներ:
«Եթե Ռուսաստանը ունի գազ, Ադրբեջանը ունի նավթ, և տարբեր երկրներ հարուստ են տարբեր հումքերով, ապա Հայաստանը չունի այդ ամենը: Միակ պոտենցիալը, որ Հայաստանը կարող է զարգացնել, դա գիտությունն է, մարդկային ռեսուրսները, ահա մեր երկրի և մեր տնտեսության զարգացման ճանապարհը, որին, սակայն, բավարար ուշադրություն չի դարձվում»,- ասաց Ս. Չաիլյանը` նշելով, որ պետք է առանձնահատուկ դիտարկել այն աշխատանքները, որոնք ուղղված են և ծառայում են մի նպատակի` մարդու առողջությանը, և, եթե ավելի շատ ֆինանսավորում հատկացվի, ապա իրենք կարող են ավելի մեծ ներդրում ունենալ, օրինակ` դեղագործության մեջ, որն աշխարհում իր շահութաբերությամբ երկրորդ տեղն է գրավում, իսկ Հայաստանն ունի այդ պոտենցիալը և կարող է զարգացնել այն:
Ս. Չաիլյանը նշում է, որ ՀՀ Կառավարությունն իր հնարավորությունների չափով իրենց ուսումնասիրությունների համար 2007թ.-ից գումարներ է հատկացրել, իսկ 2013թ. վերոհիշյալ թեմայի համար տրամադրել է նպատակային ծրագրով ֆինանսավորում, որի արդյունքում բավական մեծ աշխատանքներ են ծավալվում: «Եթե պատշաճ ֆինանսավորում չլինի, մենք մեր ուժերով դժվար թե ուղեղից ստացված դեղանյութի մեր ուսումնասիրությունները հասցնենք կլինիկա: Մենք մեծ ջանք ենք գործադրում, որպեսզի դեղանյութն ունենանք ամպուլաների ձևով»,- ասաց Ս. Չաիլյանը` նշելով, որ Առողջապահության նախարարության կողմից թույլտվություն են ստացել դրանք երեք կլինիկաներում փորձարկելու համար: Սակայն մեկ այլ խնդիր է առաջ եկել, այն է՝ ո՞ւմ են այն ներարկելու. հիվանդը և նրա հարազատները դրա համար պետք է համաձայնություն տան, այսինքն` դեղամիջոցները ստուգելու համար կամավորներ են անհրաժեշտ, ինչպես նաև պետք է լուծվեն նրանց կյանքի ապահովագրության խնդիրները: