Ո՞վ է Իմամ Ռագուզան
1946 թ. Դամասկոսից Հայաստան հայրենադարձված հասարակական-մշակութային գործիչ Ալեքսանդր Փաշայանի իրերում գրքերով լի շատ սնդուկներ կային: Հետպատերազմյան տարիներն էին. համընդհանուր աղքատություն ու սով: Գյուղական մի քանի տղաների մտքով անգամ չէր կարող անցնել, որ այն սնդուկները, որ նրանք գողացան, իրականում գրքեր էին: Բայց արդեն ուշ էր. սնդուկներն այլևս չէին կարող հետ վերադարձնել, ստիպված այրեցին գրքերը: Փրկվեց սնդուկներից միայն մեկը, որի մեջ կար մի հակաստալինյան գիրք` «Ստալինի կյանքը» խորագրով, որը հրատարակվել էր 1938-ին, Փարիզում, ֆրանսերենով, իսկ շապիկին, կարմիր ֆոնի վրա, Ստալինի նկարն էր: Գրքի հեղինակը ոչինչ չասող մի անուն էր` Իմամ Ռագուզա: Սարսափելի է անգամ պատկերացնել, թե ինչ կպատահեր մեր ընտանիքի հետ, եթե Բաթումում կամ թեկուզ արդեն Հայաստանում այդ գիրքը հայտնաբերվեր: Իրականում, հայրս ինքն էլ չգիտեր և չիմացավ էլ, թե ով էր Իմամ Ռագուզան, ով այդքան լավ ծանոթ էր սովետական, այդ թվում` վրացական իրականությանը, որտեղ ծնվել և մեծացել էր Ստալինը, ինչպես նաև` խորհրդային համակարգին ու ստալինիզմին:
Ի վերջո, երկարատև փնտրտուքից հետո, 1980-ականների վերջերին, մեզ հաջողվեց ճշտել, որ Իմամ Ռագուզան, որքան էլ դժվար է պատկերացնել, խորհրդային պետական գործիչ, հրապարակախոս, գրող, խմբագիր և պատմագիտության դոկտոր Սուրեն Երզնկյանն է` մի յուրօրինակ կենսագրություն ունեցող մարդ: Հետագայում նրա մասին շատերն իմացան:
Սուրեն Երզնկյանի նախնիները, ինչպես ազգանունն է հուշում, Երզնկայից էին, որ 18-րդ դարում տեղափոխվել էին Հաղպատ, սակայն ինքը ծնվել էր Թիֆլիսում, 1881-ին, մի շատ երևելի մարդու` Ներսիսյան դպրոցի մանկավարժ, Թիֆլիսի մայր եկեղեցու ավագ քահանա Եզնիկ Երզնկյանի ընտանիքում: Սուրեն Երզնկյանը, բնականաբար, պետք է գերազանց իմանար Վրաստանը, քանի որ սովորել էր Ներսիսյան դպրոցում և տիրապետում էր վրացերենին: Հետագայում նա ուսանել է նաև Մոսկվայի, Փարիզի և Ժնևի համալսարաններում: Կոմունիստական գաղափարների համար աքսորվել է Սիբիր, որոշ ժամանակ բանտարկվել է նաև Թիֆլիսի Մետեխի բանտում: Խորհրդային կարգերի հաստատումից հետո Թիֆլիսում մինչև 1927թ. գրական, հրատարակչական և մշակութային ակտիվ գործունեություն է վարել, շփվել ժամանակի հասարակական ու մշակութային հայտնի հայ և օտար գործիչների հետ:
Հետաքրքիր է, որ Սուրեն Երզնկյանին պետական բարձր պաշտոն է վստահվել, ինչը նշանակում է, որ նա լայն կապեր է ունեցել երկրի իշխող շրջանակների հետ: 1928-30 թթ. եղել է ԽՍՀՄ-ի առևտրի ներկայացուցիչը Ֆինլանդիայում: Սակայն 1930-ականներին, զգալով ռեպրեսիաների սկիզբ առնող ալիքը, Երզնկյանը որոշում է թողնել պետական ծառայությունը, սակայն դա նրան թույլ չեն տալիս: 1930 թ. նա դարձյալ մեկնում է Ֆինլանդիա, որտեղ ընդունում է մի անսպասելի որոշում` այլևս չվերադառնալ Խորհրդային Միություն: Իսկապես, եթե վերադառնար` կարժանանար իր հորեղբորորդու` պետական ու կուսակցական գործիչ Արամայիս Երզնկյանի, նաև իր մեկ այլ բարձրաստիճան հայրենակցի` ԽՍՀՄ արտաքին գործերի ժողկոմի տեղակալ, 1934-37 թթ. Թուրքիայում ԽՍՀՄ դեսպան Լևոն Կարախանի և շատ այլ ուրիշների ողբերգական ճակատագրին, ովքեր 1937թ. գնդակահարվեցին:
Երզնկյանի համար կար մի շատ ցավալի փաստ ևս. դա նրա զավակներն էին, որոնք մնացին ԽՍՀՄ-ում, դուստրը` Մարոն, ով հետագայում դարձավ մեր լավագույն կինոսցենարիստներից մեկը, և որդին` Սարոն, ով զոհվեց Հայրենական մեծ պատերազմում: Սուրեն Երզնկյանի գրական կեղծանուններից մեկն էլ Սար-մար էր` կազմված զավակների անվանումների առաջին վանկերից:
Ֆինլանդիայից բացի` Սուրեն Երզնկյանը որոշ ժամանակ ապրեց նաև Ֆրանսիայում, հետագայում վերջնականապես հաստատվեց Շվեդիայի Ուփսալա քաղաքում, որտեղ դարձյալ կեղծանուններով գրական գործունեություն ծավալեց: Լրիվ պատահաբար Երզնկյանը Ուփսալայի գրադարաններից մեկում ծանոթանում է հայտնի հայագետ, լեզվաբան Նորայր Բյուզանդացու արխիվին և ստանձնում այն համակարգելու դժվար, բայց և շնորհակալ գործը: 1943թ. Հելսինկիում շվեդերեն ու ֆիններեն լույս է տեսել «Կամո, Լենինի ընկերը, Ստալինի մտերիմը և համերկրացին», 1943-ին ֆիններեն` «Խորհրդային կովի պատմությունը», 1944-ին շվեդերեն` «Կովկասը` իմ հայրենիքը», իսկ 1945-ին` դարձյալ շվեդերեն` «Կովկասի ժողովրդական հեքիաթներ» գրքերը: Եվրոպայում էլ Երզնկյանը շարունակել է կապեր պահպանել հայկական մտավորական շրջանակների հետ:
Սուրեն Երզնկյանն այն եզակի խորհրդային գործիչներից էր, ով Ստալինի կենդանության օրոք, թեև ԽՍՀՄ-ի սահմաններից դուրս, համարձակություն ունեցավ գրել նրա մասին: 1945 թ. Ստոկհոլմում շվեդերեն թարգմանությամբ լույս տեսավ նրա մեկ այլ` «Ստալինը և Խորհրդային Միությունը» մենագրությունը` Ս.Լորելլի կեղծանվամբ: Երկու գրքերն էլ լավագույնս արտացոլում են Խորհրդային Միության ստալինյան շրջանը: Դրանցում հեղինակը հանգամանորեն ներկայացնում է նաև այն մեթոդները, որոնք կիրառվում էին խորհրդային առաջնորդի «թշնամիներին», այդ թվում` Լենինի զինակիցներին շարքից հանելու համար: Այդ փաստերն աննախադեպ հետաքրքիր ու արժեքավոր են դարձնում երկու գրքերն էլ: Հեղինակն, օրինակ, պարզաբանում է «սելյոդկայի մեթոդը», որն օգտագործվում էր կեղծ ցուցմունքներ կորզելու համար. բռնադատվածին աղի ձուկ էին տալիս` պահելով ծարավ:
Շվեդիայում Սուրեն Երզնկյանը երկրորդ անգամ ամուսնացել է շվեդուհի Յոթա ֆլեյի հետ և մինչև իր կյանքի վերջը` 1963թ., ապրել նրա հետ: Յոթա Երզնկյան-Ֆլեյը մահացել է ամուսնուց մոտ 40 տարի անց` միշտ ապրելով նրա հուշերով: Ամուսինների աճյուններն ամփոփված են Ուփսալայի կենտրոնական գերեզմանատանը:
Ահա թե ով է Իմամ Ռագուզան, ում գրքերը հայտնություն էին այն ժամանակվա Եվրոպայի համար (որտեղ Ստալինի և ԽՍՀՄ-ի մասին ցանկացած տեղեկություն արժեքավոր էր, սակայն այսօր էլ դրանք կարդացվում են մեծ հետաքրքրությամբ և չեն կորցրել իրենց գիտական, քաղաքական ու ճանաչողական նշանակությունը:
ԱՍԱՏՈՒՐ ՓԱՇԱՅԱՆ