«Եթե էս ժողովրդի հույսը Րաֆֆին է, ուրեմն ողբամ զքեզ, հայ ժողովուրդ»

Այսօր, ըստ Երևանի քաղաքապետարանի կայքի, ի գիտություն է ընդունվել Հայաստանի Հանրապետական կուսակցության Կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանի 13.02.2013թ. իրազեկումը` փետրվարի 21-ին, այսինքն՝ ընտրություններից հետո, Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու վերաբերյալ:

Հաշվի առնելով, որ Ազատության հրապարակում ցույց, հավաք կամ որևէ բողոքի ակցիա անցկացնելը մշտապես եղել է ընդդիմության, այլ ոչ թե իշխանության մենաշնորհը, ինչպե՞ս են ընդդիմադիրները վերաբերվում այս փաստին:

168. am-ի հետ զրույցում, մեր այս հարցին ի պատասխան` Հայ ազգային կոնգրես դաշինքի անդամ Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան կուսակցության վարչության անդամ Գուրգեն Եղիազարյանն ասաց. «Իհարկե, ճիշտ եք ասում, որ Ազատության հրապարակն ընդդիմության հրապարակն է, և ոչ մի անգամ՝ իշխանության, բայց ինչ վերաբերում է փետրվարի 21-ի միջոցառմանը, դա հատուկ է արվում. կարծում եմ, որ ընտրություններից հետո անհամաձայնության ալիք կբարձրանա, իսկ անհամաձայնության ալիքը հավաքի տեղ ունի` Ազատության հրապարակը»:

Մեր այն հարցին, թե սրա մեջ կա՞ ընդդիմադիր թեկնածուների մեղքը, քանի որ նրանցից առայժմ որևէ վճռական քայլ չենք տեսնում, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Դե, մեկն ամեն վայրկյան կյանքը վտանգած Անդրիաս Ղուկասյանն է, երկու ընդդիմադիր թեկնածուններն արդեն իսկ հրաժարվեցին ընտրություններից, իսկ մնացածներն էլ, ինչ ասեմ… չեմ կարող ասել, թե որքանով են ընդդիմադիր: Ես իրենց ելույթների մեջ չեմ տեսնում այն շեշտադրումը, որը պետք է ունենար ընդդիմադիր թեկնածուն: Ի՞նչ ընդդիմության մասին կարող է խոսք լինել, երբ բոլորի համար արդեն իսկ պարզ են նույնիսկ նրանց  պատվավոր տեղերը` 2-րդ, 3-րդ և 4-րդ»:

Կարդացեք նաև

Սակայն, օրինակ, ընդդիմադիր թեկնածուներից մեկը` Րաֆֆի Հովհաննիսյանը, բավական հաստատակամ հայտարարում է, որ հաղթելու է փետրվարի 18-ին: Սրան ի պատասխան՝ ՍԴՀԿ ներկայացուցիչը պատասխանեց այսպես. «Րաֆֆի Հովհաննիսյանն անամոթ և տմարդի հայտարարություններ է անում: Նա անում է իշխանամետ, իշխանահաճո հայտարարություններ, և մարդիկ, ցավոք սրտի, դրան ուշադրություն չեն դարձնում»:

Այս համատեքստում ընդդիմադիր գործիչը հիշեցրեց երեկ Կենտրոն հեռուստաալիքի «Ուրվագիծ» հաղորդաշարում Պետրոս Ղազարյանի հետ Րաֆֆի Հովհաննիսյանի հարցազրույցը. «Էդ Րաֆֆի Հովհաննիսյանը Պետրոսի մոտ և արդեն որերորդ անգամ հնչեցնում է հետևյալ միտքը, որ «Ժառանգության» կուսակցականները մարտի 1-ին կանգնել էին մեր և Ոստիկանության միջև և թույլ չէին տալիս, որ զոհվեին ինչպես՝ ընդդիմադիրները, այնպես էլ՝ ոստիկանները: Խնդրում եմ` այդ անամոթին հասկացրեք մի բան, որ նախաքննությունը 5 տարվա ընթացքում որևէ ընդդիմադիրի վրա այդպես էլ չկարողացավ ոչ մի հոդված կարել, ինչ է թե՝ այդ անամոթ մարդը Սերժ Սարգսյանին սապոնվելու, օճառվելու համար, որ հարմար տեղադրվի, խոսում է, թե «Ժառանգությունը» կանգնել է, որ ընդդիմությունը Ոստիկանությանը չնեղացնի»:

Գուրգեն Եղիազարյանն ասաց, որ նման բան չէր կարող լինել, քանի որ առաջինը` Րաֆֆի Հովհաննիսյանն իր կուսակցությունում այդքան մարդ չուներ, երկրորդը` ընդդիմությունը չի գնացել բախման Ոստիկանության հետ:

«Եթե սպանություններ են կատարվել, կատարել է իշխանությունը, և այդ որտե՞ղ էին այդ ժառանգականները, որ չպետք է թույլ տային: Ուրեմն թող թույլ չտային, որ տականքները 10 մարդ գնդակահարեին: Ահա այս վիճակն է եղել: Հիմա ելույթներ է ունենում, դուք ինձ ասում եք` նա ընդդիմադիր է: Նա ո՞նց կարող է ընդդիմություն լինել, նա կնեղանա, 10 օր կփախնի, հետո էլ կշնորհավորի, բայց սև վերնաշապիկ կհագնի: Երբ նրան հարցնում են` «ինչո՞ւ Մարտի 1-ից հետո անամոթաբար գնացիք շնորհավորելու Սերժ Սարգսյանին», նա պատասխանում է. «ես սևազգեստ էի այնտեղ գնացել»: Բայց դուք հարց տվեք նրան` տղա՛ ջան, որ սևազգեստ գնացել էիր, մի բերան չասեցի՞ր, թե ինչի՞ էդքան մարդ սպանեցիք: Ասում է`«ես լուռ կանգնած էի, ես որոշ մարդկանց նման չէի թաքնվել»: Ուրեմն, ավելի լավ կլիներ, որ թաքնվեիր, քո ֆիզիանոմիան ցույց չտայիր, ուռած գլուխդ, ավելի հանգիստ կլինեինք և կմտածեինք, որ դու ընդդիմություն ես»,- նշեց նա:

Շարունակելով քննադատությունների տարափը Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին` Գուրգեն Եղիազարյանը քննադատության ենթարկեց նրա այն հայտարարությունները, թե ինքը հաղթել է Ղարաբաղում:

«Րաֆֆին ասել է` «ես ասացի` կհաղթեմ, ու հաղթեցի», մի հատ էլ նկար ունի Մոնթեի`էդ պայծառ տղու հետ, թե ո՞նց է հաջողացրել նկարվել, Աստված գիտի: Էդ նկարի տակ ասում է` հաղթեցինք պատերազմում: Իսկ այն մարդն, ով գերագույն գլխավոր հրամանատարն էր պատերազմի ժամանակ, ըստ նրա, ամեն տականքություն արել է. մազութը լցրել է ցորենի վրա, որ բանակը չուտի, հրամայել է, որ Շուշին չգրավեն, գրավել են, լույսերը հանգցրել է, որ հայ ազգը լույս չունենա, ամեն ինչ արել է հակառակը, բայց հաղթել ենք, Րաֆֆի Հովհաննիսյանի ասածով` Լևոն Տեր-Պետրոսյանի ինադու հաղթել ենք պատերազմում: Հիմա էլ գնում է այստեղ-այնտեղ ասում է` «ես որոշ մարդկանց նման ձեր լույսը չեմ հանգցրել, հետո տանն էլ չեմ թաքնվել»: Տո դու ո՞վ ես եղել, որ լույս հանգցնեիր: Մյուսը, ի տարբերություն քեզ, պատերազմ է հաղթել` որպես գլխավոր հրամանատար»:

Սակայն մենք նշեցինք, որ, կարծես թե, ամեն դեպքում ակնհայտ է, որ ժողովրդի մի ստվար զանգված հակված է դեպի Րաֆֆի Հովհաննիսյանը և Հրանտ Բագրատյանը: Մեր այս դիտարկանն էլ ի պատասխան՝ ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն ասաց. «Հրանտի հետ 5 տարի նույն թիմում ենք եղել, Հրանտի մասին ոչ մի բառ չեմ ասելու: Բայց ծիծաղելի է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդդիմություն է, դա իրոք ծիծաղելի է»:

«Խնդիրը ոչ թե անձն է, այլ այն, որ ժողովրդի մի մասը նրան է ընկալում՝ որպես ընդդիմադիր թեկնածու, ով կարող է որևէ փոփոխություն կատարել: Դուք՝ որպես ընդդիմադիր գործիչ, չե՞ք ուզում կանգնել ժողովրդի կողքին»,- հարցրեցինք մենք:

«Մի բան ասեմ, չնայած հիմարություն են անում` ընտրությունները կեղծում են, բայց առանց ընտրությունները կեղծելու` առանց անձնագիր հավաքելու, առանց դպրոցներում կիսատ-պռատ ժողովներն անելու, Սերժը՝ քնած ժամանակ, մի ոտքի վրա կանգնած, մի աչքն էլ փակած` 3605 անգամ ամեն օր կհաղթի Րաֆֆիին՝ գոնե իր կենսագրականով»,- պատասխանեց Գուրգեն Եղիազարյանը:

Նա նաև նշեց, որ այսօր, իհարկե, իշխանություններից դժգոհ բավական շատ մարդիկ կան, այսօր երկրում հացի խնդիր կա, սակայն կրկին նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը սխալ հարցադրումներ է կատարում:

«Հիմա մի հատ լսեք` էդ ընդդիմադիրն ի՞նչ է խոսում իր գլխավոր մրցակցի մասին, ասում է` «այո՛, նա մեծ գործեր է արել»: Շատ բաներ կարելի է ասել` ինչ չի արել Սերժ Սարգսյանը, բայց ինչ էլ չի արել, չի կարելի Սերժ Սարգսյանի արած-չարածը համեմատել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Էդ սին խոստումները, որ մարդկանց տալիս է, մարդիկ էլ հավատում են էդ խոստումներին` մոռանալով, որ Աշտարակում ասել էր, թե 180 հազար աշխատատեղ է բացելու, 10 կմ անցնելուց հետո էլ ասում է` «200 հազար աշխատատեղ եմ բացելու»: Հրանտն ասում է 100 քայլի մասին, սա կարճացրել է`5 քայլ է սարքել, 5 քայլն էլ ամեն անգամ կարդում է, հետո մոռանում է իր 5 քայլերի մասին: Էս ժողովուրդն է մեղք. եթե էս ժողովրդի հույսը Րաֆֆին է, ուրեմն ողբամ զքեզ, հայ ժողովուրդ»,- ավարտեց Գուրգեն Եղիազարյանը:

Տեսանյութեր

Լրահոս