Սերժ Սարգսյանը կբողոքարկի՞ ընտրությունների արդյունքները
ՀՀԿ-ն «Ազատության» հրապարակում փետրվարի 21-ին պատրաստվում է հավաք կազմակերպել: Ինչպես 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, այդ օրը հայ ժողովրդի հաղթանակն են տոնելու:
Ըստ Երևանի քաղաքապետարանի կայքի, այսօր ի գիտություն է ընդունվել Հայաստանի Հանրապետական կուսակցության Կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանի 13.02.2013թ. իրազեկումը՝ փետրվարի 21-ին, ժամը 14:00-21:00-ն հավաք անցկացնելու վերաբերյալ:
Հարցին, թե փետրվարի 21-ին ՀՀԿ-ն հավաքվելու է՝ տոնելո՞ւ ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանի հաղթանակը, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, թե դա ոչ թե ՀՀԿ թեկնածուի հաղթանակն է լինելու, այլ հայ ժողովրդի ընտրությունը՝ դեպի ապահով Հայաստան: Էդուարդ Շարմազանովը բացառեց, որ փետրվարի 21-ի «Ազատության» հրապարակի հանդիպումը լինի ոչ թե հաղթանակած, այլ պարտված թեկնածուի հավաք: «Կարծում եմ, դուք մի քիչ շատ եք ուտոպիստական և ֆանտաստիկ տրամադրությունների մեջ ընկել:
Չեմ կարծում, որ ՀՀ որևէ քաղաքացի կամ քաղաքականությամբ հետաքրքրված մարդ գոնե մի պահ կասկածում է, որ հասարակության մեծամասնությունը ազատ և արդար ընտրությունների արդյունքում իր ձայնը կտա գործող նախագահին»,- պնդեց ՀՀԿ խոսնակը: Էդուարդ Շարմազանովը որևէ զարմանալի բան չի տեսնում նրանում, որ ՀՀԿ-ն հենց «Ազատության» հրապարակում է որոշել անել հետընտրական հավաքը: Էդուարդ Շարմազանովի խոսքերով՝ «Ազատության» հրապարակը մեր միասնության, ժողովրդավարության, ազգային արժեքների, ղարաբաղյան շարժման խորհրդանիշն է, իսկ ՀՀԿ-ն և նրա ղեկավարը կանգնած են այդ ամենի ակունքում:
Մեր այն դիտարկմանն ի պատասխան, թե «Ազատության» հրապարակում ավանդաբար միայն ընդդիմությունն է հավաքներ կազմակերպել, և արդյո՞ք սա ակնարկ չէ, որ ընդդիմությունն այդ հարթակն ազատ է թողել իշխանության համար, Էդուարդ Շարմազանովը ասաց. «Չեմ կարծում, որ «Ազատության» հրապարակը ընդդիմության կամ իշխանության սեփականությունն է: Ինչպես ժամանակին մեր նախագահ Սերժ Սարգսյան ասաց, դա քաղաքական բազմակարծության հրապարակ է: Թևավոր խոսքի տեսքով ասեմ, հեղափոխությունը չի տուժի, եթե մի օր էլ միջացառում անելու իրազեկում ներկայացնի ՀՀԿ-ն` մի կուսակցության, որը թե՛ անկախության, թե՛ Արցախի ազատագրման համար պայքարում շատ լուրջ ներդրում ունի»: