
«Գեղեցիկ ժպիտն ու բարեմասնությունները բավարար չեն հաղորդավար դառնալու համար». Եգոր Գլումով

Ռադիոհաղորդավար Եգոր Գլումովը չի ճանաչում այնպիսի մի հաղորդավարի, ով սովորել է հեռուստառադիո հաղորդավարներ պատրաստող որևէ դպրոցում: «Մեզ մոտ՝ ռադիո, օրական մի քանի հոգի է գալիս և համոզված ասում, որ կարող է հաղորդավար աշխատել: Նրանցից շատերն էլ արդեն ունեն պատրաստի հաղորդում և այդ հաղորդման համար հովանավոր: Հիմա ինչ-որ անհաջող տենդենց կա, որ այն մարդը, ով ունի հովանավոր, կարող է մտնել ռադիո և հաղորդում վարել, բայց դա «Ռադիո Վանում» չի աշխատում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ե. Գլումովը:
Վերջինիս խոսքով, որպեսզի կարողանաս լսարանի համար հետաքրքիր լինել, պետք է ունենաս բարձրագույն կրթություն, տարիների փորձ ու լինես բանիմաց: «Խոսքս հեռուստառադիո դպրոցներում ստացած գիտելիքի մասին չէ:
Ո՛չ ես, ո՛չ իմ կոլեգաներից որևէ մեկը նման կրթություն չենք ստացել, և չգիտեմ մի հաղորդավարի, ով ռադիոհաղորդավարի կրթություն ունի: Մեզ մոտ շատերն են գալիս պրակտիկայի: Շատերին օգնում ենք, բայց ես հասկանում եմ, որ մարդիկ իզուր ժամանակ են վատնում: Ամեն մարդ չի կարող հաղորդավար աշխատել: Գեղեցիկ ժպիտն ու բարեմասնություններն այստեղ կարևոր չեն»,- ասաց Եգոր Գլումովը:
Եգոր Գլումովի հետ ամբողջական հարցազրույցն՝ առաջիկայում: