ԱՄՆ-ը երկու անգամ դիմել է ՄԱԿ-ին՝ Լեռնային Ղարաբաղում իր խաղաղապահների տեղակայման համար. ռուս քաղաքագետ
Ռուսական Regnum լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ռուս քաղաքագետ, Սևծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական ու սոցիալական հետազոտությունների հասարակական ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովն ուշագրավ հայտարարություն է արել.
«Այն, որ ԱՄՆ-ն արդեն երկու անգամ դիմել է ՄԱԿ-ին՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում իր խաղաղապահ կոնտինգենտին մտցնելու հարցում թույլտվություն ստանալու համար, նորություն չէ և հասանելի է բաց աղբյուրներից: Ես այդ մասին կարդացել եմ համացանցում: ՄԱԿ-ին ԱՄՆ-ի կողմից այդ հարցով դիմելու մասին տեղեկատվությունն առաջին անգամ հայտնի է դարձել մոտ 2 տարի առաջ:
Դա հանդիսանում է հակաիրանական կամպանիայի մասնիկը: Երբ կհստակեցվի Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու ժամկետը, Ադրբեջանը ռազմական գործողություններ կսկսի Լեռնային Ղարաբաղի դեմ, ինչից հետո ԱՄՆ-ը, ուշադրություն չդարձնելով մանդատի բացակայության վրա, իր զորքերը կմտցնի Լեռնային Ղարաբաղ:
Որպես դրա ձևական պատճառ կնշվի խաղաղության ապահովման ձգտումը, սակայն իրական նպտակը կատարելապես այլ է. հասնել իրանական սահմանների մերձակայքում զորքերի հնարավոր առավելագույն կենտրոնացմանը»:
Նշվում է, որ քաղաքագետն այս մասին հայտարարել է նաև Аргументы и факты թերթի մամլո կենտրոնում Ղարաբաղյան շարժման սկսման 25-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ:
Հիշեցնենք, որ կարծիքներ կան, թե Ռուսաստանը ներկայումս կարող է օգտագործել Ստեփանակերտի օդանավակայանի բացման շուրջ ստեղծված իրավիճակը և այդ պատրվակով իր խաղաղապահներին տեղակայել ԼՂՀ-ում: