
Ռուսաստանը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղում ներկա իրավիճակի անվերջ պահպանմամբ. L’Occidentale

Իտալական L’Occidentale թերթում հրապարակվել է «Ստալինիզմի ստվերը Կովկասի վրա» խորագրով հոդվածը, որում ասվում է.
«Կովկասը վերստին անցնում է Ռուսաստանի ձեռքը, իսկ տնտեսական ու կառուցվածքային վիթխարի խնդիրներ ունեցող Եվրոպան հնարավորություն չունի միջամտել և կորցնում է իր քաղաքական ազդեցությունն այդ առանցքային տարածաշրջանում:
Դժբախտաբար, օրինակ Կովկասի հանդեպ վերաբերմունքն ի ցույց է դնում ԵՄ-ի քաղաքական իրական մայրամուտը: Այդ ընթացքում Կրեմլը վերանվաճում է այնտեղ ունեցած ազդեցությունը: Մինչև 2008 թվականի ավարտը Կովկասում ազդեցության տարածման հարցում սուր մրցակցություն էր ծավալվել Ռուսաստանի ու Արևմուտքի միջև:
ԱՄՆ-ը և ԵՄ-ը փորձում էին կայունացնել տարածաշրջանը՝ կովկասյան հանրապետություններին Մոսկվայի շանտաժից ազատելու համար, սակայն կիրառված ռազմավարությունը չգործեց ակնկալվող ուղղությամբ: Քաջ հայտնի է, որ Ռուսաստանը Կովկասը լցնում է «բաժանիր ու տիրիր» ռազմավարության օգնությամբ՝ տարածաշրջանային հակամարտությունները ծառայեցնելով իր օգտին:
Դրա վառ օրինակն է հանդիսանում Ղարաբաղյան հակամարտության չկարգավորված լինելը: Կրեմլը տվյալ գոտում նենգաբար խաղում է հիմնական խաղաղապահի դեր, սակայն նա շահագրգռված է նրանում, որ գոյություն ունեցող իրավիճակը պահպանի անվերջ՝ տվյալ գոտում սեփական ազդեցությունը հնարավորինս երկար պահպանելու համար:
Նա հիանալի հարաբերությունների մեջ է Երևանի հետ և միաժամանակ երկդիմի հարաբերություններ է պահպանում Բաքվի հետ: Գործելով նման կերպ՝ Մոսկվան դառնում է հակամարտող կողմերի համար բացարձակապես անհրաժեշտ երկիր, իսկ նրա քաղաքական կշիռն աճում է:
ԱՄՆ-ը և Եվրոպան շատ ջանքեր են գործադրել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, սակայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոշտ դիմակայությունը և Ռուսաստանի երկդիմի քաղաքականությունը թույլ չեն տվել հասնել անհրաժեշտ փոխզիջման:
Կատարելապես ակնհայտ է, որ քանի դեռ կարգավորված չէ Ղարաբաղյան հակամարտությունը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ առավել ևս Ադրբեջանն իրականում չեն դառնալու իրենց ճակատագրերի անկախ տերերը»: