
Ադրբեջանի ԱԳՆ-ն այս տարի բեկում չի ակնկալում Ղարաբաղյան բանակցային գործընթացում

Ադրբեջանական 1news.az լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովն Ադրբեջանում ՆԱՏՕ-ի միջազգային դպրոցում (NISA) այսօր ունեցած ելույթում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«2013 թվականին առաջընթաց չի գրանցվի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, ինչի պատճառը Հայաստանում և Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններն են: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին չեն առաջարկել հակամարտության կարգավորման վերաբերյալ նոր առաջարկներ:
2010 թվականից հետո որևէ կոնկրետ առաջընթաց չի գրանցվել հակամարտության կարգավորման գործընթացում: Մենք դժգոհ ենք համանախագահների հետ Փարիզում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքներից: Անհրաժեշտ է առաջ մղել մինսկյան գործընթացը:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի երևանյան հայտարարությանը, ապա այն կարելի է ընկալել միայն որպես կոպիտ, անհաջող կատակ: Ես անձամբ ծանոթ չեմ նրան և դրա համար էլ ոչինչ չեմ կարող ասել նրա բնավորության մասին: Հնարավոր է՝ նա կատակել է»:
Հիշեցնենք, որ Բորդյուժան Երևանում կասկած էր հայտնել, թե Ադրբեջանը կհարվածի Ստեփանակերտի օդանավակայան մեկնող քաղաքացիական ինքնաթիռներին: