«Լավագույն» մարմնավաճառուհիները (լուսանկարներ)
«Ամենահին մասնագիտություններից» մեկը համարվում է մարմնավաճառությունը, որը դարեր ի վեր որոշակի ձևափոխումների է ենթարկվել: Սակայն, մարմնավաճառուհու կերպարը միշտ իր մեջ ներառել է երկու մեծ ուժ` սեքսը և փողը: Իրականում այս պարագայում առկա է ևս մեկ ուժ` իշխանությունը, որը տարիներ շարունակ եղել է համաշխարհային կինոյի ուշադրության կենտրոնում: Բայց մինչև այսօր ոչ մի ռեժիսորի և դերասանուհու չի հաջողվել խորությամբ ուսումնասիրել և պատկերել մարմնավաճառուհու կերպարը: Այնուամենայնիվ, համաշխարհային կինոարվեստում արձանագրվել են մարմնավաճառուհիների բավական հաջողված դերակատարումներ, որոնք միմյանցից տարբերվում են իրենց յուրահատկություններով:
Ֆրանսիացիներն իրենց մարմնավաճառուհիների կերպարին վերաբերվում են ինչպես ազգային արժեքներին և նույնիսկ ավելի լավ, քան հենց մարմնավաճառուհիներին: Դրա վառ օրինակն է Կատրին Դենյովի հերոսուհու կերպարը «Ցերեկային գեղեցկուհին» ժապավենում: Տարիներ անց հայտնի ռեժիսոր Պատրիս Լեկոնտը նկարահանում է մի ֆիլմ՝ «Վայելքների փողոցը» խոսուն անվանումով: Ֆիլմը հենց սկիզբն արդեն հարուստ է նոստալգիկ տրամադրությամբ` անձրև, փարիզյան նեղ փողոց և երեք փողոցային կին: Նրանք այդ եղանակին հուսահատված սպասում են հաճախորդի և հիշում են իրենց «գործընկերներից» մեկի որդուն, ով ծնվել և մեծացել էր հասարակաց տանը: Ամբողջ կյանքի ընթացքում այդ երիտասարդը սիրում է մի մարմնավաճառուհու և քնքշորեն հոգ է տանում նրա մասին` փորձելով կնոջ համար Մեծ սեր գտնել: Իսկ դրանից հետո արդեն սկսում է սիրահարված զույգի մասին հոգ տանել… Այս ամենն, իհարկե, հուզիչ է, բայց ո±րն էր այստեղ մարմնավաճառուհու կերպարի յուրահատկությունը. նույն հաջողությամբ նրա փոխարեն կարող էր լինել որևէ բանվորուհու կերպար:
Վերջին տարիներին ֆրանսիական կինոն իր մարմնավաճառուհիներին տեղափոխել է մեծ բյուջե ունեցող պատմական ֆանտաստիկ ժապավեններ, օրինակ` «Գայլերի եղբայրությունը», «Վիդոկ»: Առաջին ֆիլմում Մոնիկա Բելուչիի մարմնավորած մարմնավաճառուհին խորհրդավոր և իմաստուն մի կերպար է, սակայն նա ամենևին էլ «ժամանակակից» մարմնավաճառուհի չէ:
Այստեղ հարկ է նշել, որ համաշխարհային կինոն հստակորեն տարանջատում է «ժամանակակից» և «պատմական» մարմնավաճառուհիներին: Վերջիններս, այսինքն` կուրտիզանուհիներն, ինտելեկտուալ կանայք են` մեծ աշխարհայացքով, սեփական զգացմունքները զսպելու ունակությամբ, սառը դատող: Հիշենք Կետրին ՄակԿորմակի և Ժակլին Բիսեի հերոսուհիներին «Ազնիվ կուտիզանուհին» ֆիլմից, կամ էլ` Նիկոլ Քիդմանին «Մուլեն Ռուժ» մյուզիքլից:
Առավել դաժան ռեժիսորները նախընտրում են ավելի դրամատիկական ճշմարտությունը. մարմնավաճառուհիները «սիրո փափուկ մսի կտոր» են: Այս առումով դասական կարող է համարվել Մայքլ Ֆիգիսի «Լքելով Լաս Վեգասը» ժապավենը: Ո՞ւմ կարող էր որպես կյանքի ընկերուհի ընտրել մինչև մահը հարբելու համար Լաս Վեգաս ժամանած անբուժելի հարբեցողը: Իհարկե, մարմնավաճառուհուն: Կամ ո՞մ կարող էր սիրահարվել փողոցային մարմնավաճառուհին, եթե ոչ՝ անցյալ ու ապագա չունեցող մի անծանոթի:
Դրամատիկական պատմություն է նաև «Դժոխքից» ժապավենը: Ջեկ Մորթազերծողը հերթով որսում է փողոցային մարմնավաճառուհիներին` փորձելով այդ կերպ ազատվել այն այլանդակություններից, որ տարածվում է այդ կանանց պատճառով: Լիովին հակառակ պատկեր է ներկայացնում Շարլիզ Թերոնը՝ «Հրեշը» ժապավենում: Նրա հերոսուհին թափառաշրջիկ մարմնավաճառուհի է, որը, կարծես վրեժ լուծելով իր դաժան կյանքի համար, սպանում է իր հաճախորդներին: Ընդ որում, Թերոնն այս դերի համար արժանացել է Օսկար մրցանակի:
Բայց, իհարկե, ոչ ոք դեռ չի հասել այն բարձունքին, որին հասել է դանիացի Լարս ֆոն Տրիերը: Նրա՝ «Ալիքները ճեղքելով» ժապավենում ստեղծված կերպարը բացեց «սուրբ մարմնավաճառուհու» թեման: Էմիլի Ուոթսոնի հերոսուհին քնում է ում հետ պատահի` միայն թե իր հաշմանդամ ամուսինն իրեն լավ զգա ու շուտ ապաքինվի:
Բայց «դասական» մարմնավաճառուհիները չեն ուզում ոչ ոքի փրկել կամ մխիթարել, երևի հենց այդ պատճառով այնքան էլ չեն հետաքրքրում մեծ ռեժիսորներին: 1989թ. ԽՍՀՄ-ը մի ֆիլմ արտադրեց` «Ինտերաղջիկը», որը պատմում է մի մարմնավաճառուհու մասին, ով ուզում է ամուսնանալ արտասահմանցու հետ, գնալ արտասահման, տուն ունենալ, իսկ վերջում հասկանում է, որ իրեն ինչ-որ բան պակասում է` երջանկությունը: Լեգենդար Ֆելինին 1957թ. խոսեց Կաբիրիա անունով մարմնավաճառուհու մասին («Կաբիրիայի գիշերները), ով աշխատում էր Հռոմի էժանագին թաղամասերից մեկում, վուլգար էր, կեղտոտ, կռվարար: Սակայն նա պարզամիտ էր ու բարի և համառությամբ փորձում էր գտնել իր երազանքների տղամարդուն: Միգուցե հենց սրա՞նք են «դասական» մարմնավաճառուհու կերպարները:
1990 թ. համաշխարհային կինոյում հայտնվեց ամենասիրված մարմնավաճառուհու հերոսը, որին մարմնավորում է Ջուլյա Ռոբերթսը: Ավելորդ հուզականությունից և ողբերգականությունից զուրկ «Սիրունիկը» մելոդրաման իր պարզությամբ տարբերվում է մարմնավաճառուհիների մասին այլ ֆիլմերից:
Երբեմն հենց մարմնավաճառուհու դերն է դերասանուհուն ապագա խոստանում: Դրա ամենավառ օրինակը Սկորսեզեի «Տաքսիստը» ժապավենն է: Դեռահաս Ջոդի Ֆոսթերի մարմնավորած հերոսուհին ֆիլմում երկրորդական դեր ուներ, սակայն ժամանակին Ֆոսթերը հենց դրա շնորհիվ հայտնվեց կինոքննադատների ուշադրության կենտրոնում:
Հայկական կինոն նույնպես զուրկ չէ մարմնավաճառուհու կերպարից: Հիշենք Անժելին և նրա երկու ընկերուհիներին` Հենրիկ Մալյանի «Կտոր մը երկինք» ժապավենից: Այստեղ էլ առկա է կյանքը փոխելու մարմնավաճառուհու մեծ ձգտման և դրան հասնելու դժվարին ուղու պատմությունը: Այս ամենին գումարած` հայկական ավանդական մտածելակերպը:
Դեռ շատ գերաստղեր կմարմնավորեն տարբեր մարմնավաճառուհիների` հմայիչ, հուսահատված, դժբախտ, սուրբ և երջանիկ: Մնում է միայն մի կարևոր հարց` ինչպիսի± կերպար են ուզում բացահայտել կինոգործիչները:
«Ամենալավ» մարմնավաճառուհին
Մեր կատարած փոքր հարցման մասնակիցների գերակշիռ մասի կարծիքով, կինոյում մարմնավաճառուհու ամենահայտնի հերոսուհուն մարմնավորել է Ջուլյա Ռոբերթսը «Սիրունիկը» ժապավենում: Երկրորդ տեղում ԽՍՀՄ արտադրության «Ինտերաղջիկը» ժապավենն է, իսկ երրորդ տեղում՝ Նիկոլ Քիդմանի մարմնավորած հերոսուհին՝ «Մուլեն Ռուժ» մյուզիքլում: