Ինչո՞ւ է լռում Լևոն Տեր-Պետրոսյանը

ԻՄ նախագահ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձից հետո կատարվածը դատապարտող, նրան զորակցող և նմանատիպ այլ  հայտարարություններով հանդես եկան Հայաստանում հայտնի ու անհայտ, էական ու ոչ կարևոր դերակատարություն ունեցող գրեթե բոլոր ուժերն ու գործիչները: Տեղի ունեցածի վերաբերյալ, ըստ էության, արձանագրվեց կոնսենսուս առնվազն մի քանի առումներով: Բոլորը դատապարտում են կատարվածը, գրեթե բոլորը համարում են, որ մահափորձն ուղղված էր ոչ միայն Պարույր Հայրիկյանի, այլև պետության դեմ, գրեթե բոլորը վստահ են, որ հանցագործությունը չէր կարող կենցաղային պատճառներ ունենալ: Եթե նշված ասպեկտներով կան որոշակիորեն այլընտրանքային կարծիք արտահայտողներ (օրինակ՝ որոշ քաղաքական գործիչներ, փորձագետներ տարակուսում են այն առիթով, որ մահափորձից անմիջապես հետո հայտարարվեց, թե տեղի ունեցածը քաղաքական պատճառներ ունի), ապա մի հարցում կա գրեթե հարյուր տոկոսանոց համակարծություն: Խոսքը վերաբերում է Պարույր Հայրիկյանի անձի ու նրա կենսագրության գնահատականներին. գրեթե բոլորը, անգամ՝ Հայրիկյանի նկատմամբ առանձնապես համակրանք չտածողները, համարում են, որ նա անկախության ու ինքնորոշման գաղափարի մարմնավորումներից է և մեծ վաստակ ունի Հայաստանի Հանրապետության անկախացման գործում: Ընդ որում, Հայրիկյանի վերջին տարիների գործունեությունը չի կարող ստվեր նետել նրա անցյալի վրա, և միանգամայն արդարացի են այն գնահատականները, որ եթե մահափորձը քաղաքական էր, ապա այն առաջին հերթին՝ ուղղված էր Պարույր Հայրիկյանի անցյալի դեմ:

Այս համատեքստում առնվազն տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, որ մահափորձից երկու-երեք օր անց հարյուրավոր կարծիք արտահայտողների թվում բացակայում է ՀՀ հիմնադիր նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի անունը: Այն դեպքում, երբ հենց վերը նշված գործոնների պատճառով Տեր-Պետրոսյանը պետք է առաջիններից մեկը լիներ Պարույր Հայրիկյանին այցելողների ու նրա դեմ կատարված մահափորձը դատապարտողների, տեղի ունեցածին քաղաքական գնահատականներ տվողների շարքում: Ոչ միայն ու գուցե ոչ այնքան՝ որպես ՀՀ հիմնադիր նախագահ, այլ որպես «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, որպես մարդ, ով պայքարել է հանուն Հայաստանի անկախացման, ով հաղթել է այդ պայքարում և ով քաղաքական ու պետական գործչի իր կարիերան արել է շնորհիվ Հայաստանի անկախացման ու անկախության: Լևոն Տեր-Պետրոսյանն  առնվազն 1991-ից հետո, մեղմ ասած, Հայրիկյանի զինակիցը չի եղել, բայց նա մշտապես եղել է Պարույր Հայրիկյանի գաղափարակիցը, եթե, իհարկե, անկեղծ է եղել անկախությանն ու ժողովրդավարությանը հավատարիմ լինելու մասին ինքնագնահատականներում: Ի դեպ, հայտնի է Պարույր Հայրիկյանին տրված Լևոն Տեր-Պետրոսյանի բնորոշումը. դեռևս անկախության առաջին տարիներին Տեր-Պետրոսյանը մի առիթով ասել է, որ Հայրիկյանն իր համար քաղաքական գործչի իդեալական կերպար է: Իհարկե, հետագայում Տեր-Պետրոսյանի թիմակիցներից ոմանք ասում էին, թե առաջին նախագահը սարկազմով է դա ասել, ինչը, եթե համապատասխանում է իրականությանը, ամենևին չի ավելացնում Տեր-Պետրոսյանի մարդկային ու քաղաքական արժանիքները: Սակայն, անկախ Տեր-Պետրոսյանի այդ հայտարարության մոտիվներից, անկախ հետագայում Հայրիկյանի հանդեպ նրա ունեցած մարդկային ու քաղաքական զգացմունքներից, նա՝ որպես քաղաքական, պետական գործիչ, պարտավոր էր գոնե ձևականորեն զորակցել Հայրիկյանին և գնահատական տալ կատարվածին: Իսկ այն, որ այդպես չի վարվել, հազիվ թե պայմանավորված է միայն սեփական անձի գերակայության տերպետրոսյանական սինդրոմով: Բացառված չէ, որ ՀՀ առաջին նախագահը լռելու շատ ավելի լուրջ ու ծանրակշիռ պատճառներ է ունեցել, որոնք նրան հետ են պահել բոլորի, անգամ՝ գործող նախագահի համեմատ իր կարգավիճակային գերակայությունը ցուցանելու հնարավորությունն օգտագործելուց (դժվար չէ պատկերացնել, որ Տեր-Պետրոսյանի այցելությունը Հայրիկյանի մոտ շատ ավելի մեծ ռեզոնանս էր առաջացնելու, քան Սերժ Սարգսյանի այցը): Իսկ այդ պատճառները, թերևս, թաքնված են Պարույր Հայրիկյանի՝ իր դեմ կատարված մահափորձի վերաբերյալ հայտնած կասկածներում: Հիշեցնենք, որ Հայրիկյանը հայտարարել է. «Ես, առաջին հերթին, ամենայն անկեղծությամբ ասեմ` կասկածում եմ օտար պետության` ինձ երկար տարիներ հետապնդած գաղտնի ծառայության, ոչ այս Ռուսաստանի, այլ` նախկին, ես կասկածում եմ նրանց գործելակերպի վրա: Որովհետև ես բավական շեշտակի դրեցի, որ մենք այլընտրանք չունենք, գնալու ենք Եվրոպա, և չբացառեցի, որ նույն դաշինքում մենք երազում ենք տեսնել նաև Ռուսաստանին»: Հայրիկյանի այս հայտարարությունն ակնհայտորեն չի տեղավորվում հակառուսական տրամադրությունները զսպելու «գծի» մեջ, որը, ինչպես Լևոն Զուրաբյանն էր վստահեցնում Վարդան Օսկանյանին, այդքան հետևողականորեն պահպանում էր(է) Լևոն Տեր-Պետրոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս