
Վլադիմիր Գասպարյանն ընդունել է եվրոպական հյուրերին

Հունվարի 31-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Օլեքսանդր Պավլյուկին:
Ողջունելով հյուրին՝ Վլադիմիր Գասպարյանը գոհունակությամբ նշեց, որ սերտ համագործակցությունը Հայաստանի ոստիկանության ու Եվրոպայի խորհրդի միջեւ արդյունավետ է եղել, իսկ անցյալ տարի ընդգրկել է փոխգործակցության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են կոռուպցիայի դեմ պայքարը, մարդու օրգանների անօրինական շրջանառության դեմ համատեղ միջոցառումները, ընտանեկան եւ կանանց դեմ բռնությունների կանխարգելումը, կիբերհանցագործությունների դեմ պայքարը եւ այլն:
Ներկայացնելով Հայաստանի ոստիկանության բարեփոխումների ընթացքը՝ Վլադիմիր Գասպարյանը հույս հայտնեց, որ Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել ոստիկանության արդիականացմանը՝ ի շահ հանցավորության ժամանակակից մարտահրավերների դեմ համատեղ պայքարի հաջողության:
Ոստիկանության պետը նկատեց նաեւ, որ համագործակցությունն ավելի արդյունավետ կլինի փորձագետների հաճախակի այցելությունների ու կոնկրետ ոլորտներում նրանց գործնական աջակցության պարագայում:
Օլեքսանդր Պավլյուկը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ հավաստիացրեց, որ Եվրոպայի խորհուրդը, իր հանձնառություններին հավատարիմ, շարունակելու է աջակցություն ցուցաբերել Հայաստանի ոստիկանությանը, մասնավորապես՝ բարեփոխումների բնագավառում, եւ համագործակցությունն ավելի սերտ ու համակողմանի կլինի՝ պայմանավորված նաեւ նրանով, որ մայիսին Հայաստանը վեց ամսով ստանձնելու է Եվրոպայի խորհրդի նախագահությունը:
Անդրադառնալով առաջիկա նախագահական ընտրություններում ոստիկանության գործառույթներին՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում արվում եւ արվելու է առավելագույնը` նախագահական ընտրություններն ամենաբարձր մակարդակով անցկացնելու համար:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս: