«Հայաստանում նախագահները հասցնում են միայն նմանվել նախագահի»
Ասում է աբստրակցիոնիստ Խաչատուր Մարտիրոսյանը
Ցանկացած ընտրություն, այդ թվում նաև նախագահի ընտրություններ, որոշակի փիլիսոփայություն ունեն: Նախընտրական քարոզարշավը մեզ թույլ է տալիս տեղեկանալ ոչ միայն թեկնածուների ծրագրերին, այլ նաև որոշակի եզրահանգումներ անել նրանց գեղագիտական ճաշակի, ներքին համոզմունքների, աշխարհայացքի և արժեքային համակարգի վերաբերյալ: Օրինակ՝ շատ կարևոր է այս փուլում ուսումնասիրել, թե ովքեր են կանգնած նախագահի թեկնածուների կողքին կամ ինչ տեքստեր են հնչում նրանց շուրթերից, իսկ առավել կարևոր է, թե մշակութային ինչ արժեքների կրողներ են Հայաստանի նախագահի պաշտոնի հավակնորդները:
Այլ կերպ ասած՝ իրենք` թեկնածուներն, ո՞ւմ են ընտրում` իրենց ներկայացնելու համար: Այս իմաստով գործող նախագահ Սերժ Սարգսյանի ընտրությունը կրկին կանգ է առել «աստղային» այն փնջի վրա, որը պատրաստ է փողի դիմաց երգել ցանկացած մեկի համար, ցանկացած ոճի ու ճաշակի երգ: Հետևաբար` գործող նախագահի մշակութային արժեքներն այնպիսին են, ինչպիսին եղել է այդ ոլորտը նրա պաշտոնավարման տարիներին: Թերևս պատահական չէ, որ առաջիկա նախագահական ընտրություններից որևէ ակնկալիք չունեն նաև արվեստագետներից շատերը: Եթե նախկինում նրանք ուսումնասիրում էին թեկնածուների նախընտրական ծրագրերն, ապա այսօր այդ ծրագրերն էլ ակտուալ չեն: Աբստրակցիոնիստ Խաչատուր Մարտիրոսյանը կարծում է, որ Հայաստանում նախագահ ընտրվելուց հետո մարդիկ միայն հասցնում են նմանվել նախագահի, և ոչ ավելին:
– Անկեղծ ասած՝ նոր նախագահի պաշտոնավարումից ես մշակութային սպասելիքներ առանձնապես չունեմ: Չգիտեմ` ով կլինի նախագահ, բայց մշակույթի ոլորտի խնդիրները մեկ օրվա լուծում չեն պահանջում: Հայաստանում նախագահի ինստիտուտը ձևավորված չէ: Գալիս են նոր նախագահներ, և նրանք այդ ընթացքում դառնում են արարողակարգային ֆիգուրներ: Երկիրն այս խոր ճգնաժամից հանելու համար` միայն Երևանը փրկելով չի, որովհետև գյուղերում ծայրաստիճան վատ վիճակ է, սարսափելի է: Նախագահական ընտրություններից ինչպես` շատերն, այնպես էլ` ես ոչ մի սպասելիք չունեմ, իմ սպասելիքներն արվեստից, մշակութային գործիչներից, նոր ցուցադրություններից են: Հայաստանում մշակույթն ամենաբարձիթողի ոլորտն է:
Հիմա կասեն՝ Մշակույթի նախարարություն, իսկ Մշակույթի նախարարությունն ի՞նչ կապ ունի մշակույթի հետ: Բացարձակապես կապ չունի, անգամ ֆինանսական ծրագրերը չեն կարողանում կանոնակարգել: Օրեր առաջ նախարարությունում էի: Փոխնախարարն ասում է` եթե այսօրվա հասարակարգը ճանաչում է մշակույթի տվյալ գործչին՝ նոր մենք պատրաստ ենք նրան աջակցել: Այսինքն՝ հասարակությունը պիտի ճանաչի, որից հետո` ֆինանսավորում կատարեն:
– Հասարակությունն այսօր ճանաչում է բոլոր այն անարժեք երգիչներին, որոնց ինքնադրսևորվելու հարթակն ապահովում է Մշակույթի նախարարությունն ու հեռուստատեսությունը: Չէ՞ որ նախարարությունը պիտի կարողանա ծրագրեր իրականացնել հասարակական ճաշակը բարձրացնելու ուղղությամբ:
– Իրենք ասում են՝ մենք տաղանդավոր մարդկանց չենք փնտրում, քանի որ հասարակությունն է որոշում, թե ով է տաղանդավորը: Նախարարության Ժամանակակից արվեստի բաժնում առհասարակ ժամանակակից արվեստի մասին պատկերացումներն են խեղաթյուրված: Ասում են, ով այսօր ստեղծագործում է՝ նա ժամանակակից արվեստագետ է: Կոնկրետ ես մշակույթի դաշտում ոչինչ չեմ կապում ընտրությունների հետ, մանավանդ, որ մարդիկ դեռևս տարրական գիտելիքներ չունեն: Ի վերջո, մենք էն թռչուններից չենք, որոնք սպասում են, վերևից մի բան ընկնի, ու գոհանան: Նույն Վենետիկի Բիենալեն մի տարածություն է, որտեղ պետություններն են ներկայացնում, բայց այդ կարևոր համաշխարհային միջոցառման համար մեր պետությունն ընդամենը 5մլն դրամ է հատկացնում:
– Արվեստագետների համար ո՞րն է վատթարագույնը, երբ պետությունը ստեղծագործելու, թեմատիկայի տաբունե՞ր է դնում, ճնշումների՞ է ենթարկում (ինչպես խորհրդային ժամանակաշրջանում էր), թե՞ տոտալ անտարբերություն է ցուցաբերում ժամանակակից արվեստի նկատմամբ:
– Իհարկե, անտարբերությունը սարսափելի բան է: Մենք հիմա ազատ ենք, մեր արվեստանոցներում անում ենք այն, ինչ ուզում ենք, բայց ներկայանալու տարածքների բացակայությունն էլ, իր հերթին, մի տաբու է: Ի դեպ, այսօր չկան նաև այն արվեստաբանները, ովքեր կանգնած կլինեն աբստրակցիոնիստների կողքին: Նրանք կամ կոնցեպտուալ դաշտում են, կամ Նկարիչների միության տարածքում: Այնպես որ, կրկին վերադառնալով ընտրություններին` պետք է ընդգծեմ, որ երկիրը չի փոխվելու նախագահական ընտրություններով: Ամենամեծ արժեքը դա մարդ լինելու արվեստն է: Հրեաները տարիներով սպասել են այն գերհրեային, որը պիտի գա ու իրենց փրկի: Մեզ մոտ չկա այդ սպասելիքը, որ կգա այն հայը, որը, երկիրը ոտքի կանգնեցնելու կեցվածքով, հայի տեսակն ուսումնասիրելու պատրաստակամություն կցուցաբերի:
– Այսինքն՝ ոչ թե նախագահի պաշտոնը պետք է փոխվի, այլ այդ պաշտոնը զբաղեցնող անձը:
– Իհարկե, պաշտոնյայի մարդ լինելը շատ կարևոր է: Աշխարհում շատ երկրներ կան, որ նախագահները փոխվում են, բայց սիստեմը մնում է նույնը: Անհատը պիտի փոխվի: Մյուս կողմից էլ` մենք ականատես ենք լինում մի երևույթի, երբ օլիգարխիկ կամ մաֆիոզ ստրուկտուրայով զարգացող երկրներում անգամ հսկայական ներդրումներ են կատարվում մշակույթի ոլորտում, օրինակ՝ Իտալիան կամ Ռուսաստանը: Ռուսաստանում ամեն ինչ քանդվեց, բայց բալետը չվերացավ: Ընդ որում, մշակույթի ոլորտում ներդրում կատարելու հրահանգներն իջեցվում են պրեզիդենտական ապարատից: Ի դեպ, շատ կարևոր է, որ նախագահի մշակույթը զարգանա:
– Նախագահի մշակութային կողմնորոշումների վերաբերյալ հասարակական պատկերացումն այն է, որ նրա համար մշակույթն այն փոփ երգիչներն են, որոնք ընտրությունից ընտրություն երգում են նրա քարոզարշավներում:
– Մեզ մոտ ոչ թե պաշտոնյաներն են ձգտում բարձրանալ դեպի արվեստագետը, այլ՝ արվեստագետին են քաշում դեպի ցած, դեպի իրենց ճաշակն ու պատկերացումը: Իրենց ձեռք է տալիս այդ պրիմիտիվիզմը, որովհետև նրանց մոտ պակասում է փիլիսոփայական, անտրոպոլոգիական տարրը: Աշխարհում է այդպես, նախագահներին շրջապատում է պարզունակ այն խումբը, որը պատրաստ է փողով նրանց փառաբանել: Նշեմ նաև, որ մենք ականատես ենք լինում, որ մեր բոլոր ընտրված նախագահները հասցնում են միայն սովորել նախագահ լինել: 5-10 տարվա մեջ նկատում ես, որ սկսել է նախագահի նման քայլել, կարողանում է իրեն դրսևորել, շարժվել, այսինքն՝ սկսում է տիրապետել ընդամենը արարողակարգին: Եթե երկրի նախագահը մշակույթի ոլորտի հետ կապված ծրագրեր ունենար, ապա Հայաստանում այսօր բազում պատկերասրահներ պիտի ստեղծվեին, անկախ նրանից` դրանք փող բերո՞ւմ են, թե՞ ոչ: Մինչդեռ նկարիչներին, կերպարվեստին նայում են` որպես տուրիզմի զարգացման ճյուղ:
– Բայց չէ՞ որ անհատները, արվեստագետներն էլ կարող են էսթետիկա ստեղծել, հասարակական ճաշակ փոխել, միջավայր ձևավորել:
– Այսօր մարդիկ կամ խելք ունեն, կամ փող, բայց, եթե փող չունես՝ համարում են, որ խելք չունես: Դժվար է գիտակցել արվեստագետի կարևորությունը: Այսօր ամեն պատեհ-անպատեհ առիթներով խոսում են արտագաղթի մասին, բայց արվեստագետը հայտնվում է դրսում ու հասկանում է, թե տվյալ երկիրը որքան իրենը չէ, բայց որքան լավ է իրեն զգում այդ տարածության մեջ: Մինչդեռ, դրան զուգահեռ, մեր այսօրվա սերունդը զրկվում է ժառանգությունից, քանի որ մշակութային ներուժը դրսում է:
– Հուսահատություն կա՞ արվեստագետների մեջ:
– Ոչ, բացարձակապես: Ճիշտ արվեստագետներ շատ չպիտի լինեն, իսկ այն արվեստագետներն, ովքեր իրենց ստեղծագործությունների մեջ մաքուր են, երբեք կախում չունեն արտաքին աշխարհից: Հոգևոր դաշտում ամեն ինչ այլ կերպ է: Պարզապես ինքնադրսևորվելու տարածք չկա, այսինքն՝ մեր միջավայրը մենք ստեղծել ենք, բայց մյուս կողմը փակ է:
– Ի՞նչ է քաղաքացիական պարտքը:
– Չեմ կարող ասել, որովհետև այսօր համատարած դեգրադացիա է: Եթե նախկինում ուշադրություն էինք դարձնում թեկնածուի ասելիքին, ապա այսօր մարդիկ չեն էլ լսում նրա խոսքը: Ո՞րն է պարտքի զգացումը, որ ինքդ քեզ խաբե՞ս: Վտանգ կա այս ամենի մեջ: Ժողովուրդն արդեն որևէ թեկնածուի հարցում կողմնորոշվելու միջոց չունի, քանի որ մեծ փորձ ունի: Եթե այսօր մեկն իմ դուռը թակի և ասի, որ մշակութային ծրագրեր ունի, և այլնգ բնականաբար, մեծ ցանկության դեպքում էլ չեմ հավատա, որովհետև կյանքը ցույց տվեց, որ խոսքերը, տեքստերը խաբեություն են: Առաջիկայում կընտրվի մեկն ու կհասցնի ընդամենը նմանվել նախագահի:
«168 ԺԱՄ»