Դավիթ Շահնազարյան․ Հայ ազգային կոնգրեսը «շատ բացասական դեր ունեցավ»

Հայ ազգային կոնգրեսի նախկին անդամ Դավիթ Շահնազարյանը Հայաստանի քաղաքական համակարգի «անապատացման գործում» տեսնում է Կոնգրեսի մեղքը։

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման հայտարարություն է արել 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավարած Դավիթ Շահնազարյանը, ով մինչեւ անցած տարվա մարտ ամիս Հայ ազգային կոնգրեսի անդամ էր:

Շահնազարյանը նշել է, թե այս նախագահական ընտրություններին քաղաքականապես չի սատարելու որևէ թեկնածուի, քանի որ «չկա ընդգծված ընդդիմադիր թեկնածու, ով ձեռնոց է նետել իշխանության թեկնածուին», սակայն քվեարկելու է Հրանտ Բագրատյանի օգտին:

«Ոչ Հայ ազգաին կոնգրեսը, ոչ Հայ ազգային կոնգրեսի դաշնակիցները չմասնակցեցին այս ընտրություններին, որովհետև ակնհայտ էր՝ նրանց նպատակն էր այս ընտրությունները վերածել օլիգարխիկ համակարգի ներքին պայքարի։ Օլիգարխիկ թևերը իրար հետ, ըստ էության, համաձայնություն կնքեցին, և ակնհայտ է, որ «Բարգավաճ Հայաստանը» այս կարգավիճակով շատ անհարմար է իրեն զգում, որովհետև այլևս այլընտրանք չէ, իսկ ընդդիմադիր գործունեություն, ընդհանրապես քաղաքական գործունեություն, դասական իմաստով, ես չեմ պատկերացնում ինչպես է իրականացնելու,- ասել է նա,- Ակնհայտ է, որ ընտրություններից հետո «Բարգավաճ Հայաստանը» մաս կկազմի իշխանության։ Դա ձևականորեն կձևակերպվի կոալիցիայում, թե ոչ ձևականորեն, և որևէ քաղաքական ապագա ես այստեղ չեմ տեսնում»։

Կարդացեք նաև

Անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի ապագայի մասին մեր հարցին, Շահնազարյանն ասել է, թե չի ուզում այդ հարցը շոշափել։ Այդուհանդերձ, ՀԱԿ նախկին անդամը նշեց․ – «Մի բան փաստ է, որ այդ քաղաքագիտական վերլուծությունից հետո քաղաքական համակարգը Հայաստանում ավելի քան այլասերված է, և այսպիսի թույլ քաղաքական համակարգ մենք չունեինք։ Այո, այսօր Հայաստանի քաղաքական համակարգը հիշեցնում է մի անապատ, և չկա այն օազիսը, որ լուրջ հույսեր կարողանա ներշնչել հասարակությանը եւ հասարակությունն էլ խիստ հիասթափված է ողջ քաղաքական համակարգից»։

Շահնազարյանը հավելել է, թե այսօր Հայաստանի առջև ծառացած կարեւորագույն խնդիրներից է գաղափարական ընդդիմության ձեւավորումը, որը կկարողանա՝ «գոնե զսպել այս իշխանություններին, որպեսզի չկարողանան էլ ավելի արմատավորել օլիգարխիկ համակարգը»:

Նա անդրադարձել է նաև Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչի` օրերս իր բլոգում կատարած աղմկահարույց գրառմանը, թե ինչո՞ւ Հայաստանի խորհրդարանի երեք հիմնական ոչ իշխանական կուսակցություններից որեւէ մեկը սեփական թեկնածուով հանդես չի գալիս նախագահական ընտրություններին:

«Ո՞րն է այս կուսակցությունների չմասնակցելու պատճառը՝ ֆինանսական խնդիրները, թե՞ արդար արդյունքի նկատմամբ հավատի բացակայությունը կամ գուցե դրանք իրականում այդքան էլ ընդդիմադիր չեն, այն առումով, ինչպես մենք ենք ընկալում այս հասկացությունը»,- մասնավորապես, նշել է բրիտանացի դիվանագետը:

«Կարող եմ ասել, որ դա լրիվ համապատասխանում է իրականությանը։ Եկեք ուղղակի հիշենք մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանի արտահայտած միտքը, որ սկուտեղի վրա մատուցվել է հնարավորություն անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ։ Այսինքն, իշխանությունն էլ է ընդունում, որ այդ բացառիկ հնարավորությունը կա, որը մինչեւ հիմա չի եղել»,- «Ազատություն» ռադիոկայանին ասել է Դավիթ Շահնազարյանը։

Այսօր սպասվում է, որ Փարիզում տեղի կունենա Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Ըստ մամուլի, հանդիպմանը կարող է քննարկվել նաեւ Ստեփանակերտի օդանավակայանի հարցը: Դավիթ Շահնազարյանը, ով 1992-1995թթ. եղել է Հայաստանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպանը, անմիջականորեն ներգրավված լինելով ղարաբաղյան բանակցություններում, այսօր մեզ հետ զրույցում կարծիք է հայտնել, թե Հայաստանի իշխանությունները լավ չեն հաշվարկել Ստեփանակերտի օդանավակայանի շուրջ ստեղծված իրավիճակը եւ թռիչքներ դեպի Ստեփանակերտ պետք էր իրականացնել Սաֆարովի դեպքից անմիջապես հետո։

 

Տեսանյութեր

Լրահոս