Հնարավո՞ր է արդյոք հաղթահարել կոնգրեսական գործիչների քաղաքական ամբիցիաները. Զոյա Թադևոսյան

Հայ ազգային կոնգրեսը կուսակցության վերածելու մասին լուրերը վերջին շրջանում թափ առան հատկապես Կոնգրեսում տեղի ունեցող խմորումներից հետո: Չնայած մամուլում պարբերաբար շրջանառվող այդ լուրերին, ՀԱԿ անդամները շարունակում են պնդել, թե նման հարց կառույցի ներսում չի քննարկվել:

«ՀԱԿ-ի ներսում այդ հարցն ընդհանրապես չի քննարկվել և որևէ մեկի կողմից որպես օրակարգային հարց դա չի դրվում, հետևաբար՝ դրանք միայն խոսակցություններ են»,- 168.am-ին ասաց «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության նախագահ, ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանը:

Նրա կարծիքով՝ առաջիկայում դժվար թե նման հարց դրվի քննարկման, քանի որ այդպիսի հարցերի քննարկումն առաջին հերթին միասնականության դրսևորում է պահանջում, իսկ այս պահին, Զոյա Թադևոսյանի խոսքով, Կոնգրեսում այդ խնդիրը չկա:

Հարցին, թե ինչպիսի՞ն կլինի իր դիրքորոշումը, եթե հարցը դրվի քննարկման, Զոյա Թադևոսյանը պատասխանեց, որ շատ հարցերում կուսակցությունն ավելի արդյունավետ է, քան դաշինքը, սակայն ինքը դժվար է առայժմ այդ տարբերակը պատկերացնում:

Կարդացեք նաև

«Այդտեղ կան հեղինակավոր, երկար ճանապարհ անցած կուսակցություններ, և նրանց կարծիքը շատ կարևոր է այս հարցում: Օրինակ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը և ՀՀՇ-նն տարբեր գաղափարախոսության կրողներ են, և նրանց բերել միավորելը մի քիչ բարդ է: Դա նշանակում է, որ սկզբունքային հարցերից նրանք պետք է  հրաժարվեն, բայց արդյո՞ք հեշտությամբ կլուծվի այդ հարցը»,- ասաց Զոյա Թադևոսյանը:

Նրա կարծիքով, ցանկության դեպքում կարելի է գալ ընդհանուր հայտարարի, բայց այս պահին դժվար է ասել՝ հնարավո՞ր է արդյոք հաղթահարել կոնգրեսական գործիչների քաղաքական ամբիցիաները:

Տեսանյութեր

Լրահոս