Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանն իրեն պատկերացնում է Առաջին տիկնոջ կարգավիճակում
Այսօր նախագահի թկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի 8-րդ օրն է: Այս օրերին նա ունեցել է բազմաթիվ հյուրեր, եկել գնացել են ծանոթ ու անծանոթներ: Սակայն կա մեկը, ով ամեն օրը, օրը մի քանի անգամ գնում է նրա մոտ ու ջուր է տանում: Նա Անդրիաս Ղուկասյանի կինն է:
Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը սատարում է ամուսնու քայլերն ու գաղափարախոսությունը, սակայն «Ա1+»-ի հետ զրույցում նա խոստովանել է, որ դժվար է խոսել նրա հացադուլի մասին:
– Ինպե՞ս եք վերաբերում Ձեր ամուսնու հացադուլին ու արդյոք խրախուսու՞մ եք նրա այս քայլը:
– Երբ նա եկավ ու ինձ ասաց, որ այդպիսի որոշում է կայացրել, իհարկե, շատ դժվար էր ընդունել նրա ասածները: Սակայն ես հասկանում եմ, որ նրա այս քայլը անհրաժեշտ է գործողություն էր: Եվ, իհարկե, բոլոր հարցերում, սատարում եմ Անդրիասին:
– Հնարավո՞ր է՝ միանաք նրան:
– Ոչ, դրանք տարբեր բաներ են, իր հացադուլը դա քաղաքական որոշում է: Իսկ ես պարզապես կին եմ և կապ չունեմ այդ հարցի հետ:
– Դուք որևէ ազդեցություն ունեցա՞ք նրա նախագահի թեկնածու առաջադրվելու որոշման հարցում:
– Ոչ, նա պարզապես ինձ տեղյակ պահեց իր որոշմանը: Ինձ համար սկզբից զարմանալի էր, որովհետև կարծում էի, որ նրա ռեսուրսները դեռ բավարար չեն: Բայց զրուցեցի նրա հետ ու ընդունեցի իր որոշումը:
– Կհասնի՞ արդյոք Անդրիաս Ղուկասյանը իր նպատակին:
– Համոզված եմ, ինքը արդեն հասել է իր նպատակին: Մարդիկ սկսել են այլ կերպ մտածել: Մարդկանց մեջ հիմա հույս ու հավատ է ծնվել: Եվ նրանք սկսել են այլ աչքերով նայել իրականությանը:
– Հնարավո՞ր է արդյոք ընտրությունների միջով Հայաստանում իշխանափոխություն լինի:
– Իհարկե. հնարավոր է, եթե ընտրությունները լինեն արդար, ազատ: Ես համոզված եմ, որ ժողովուրդը կարող է միշտ ընտրություն կատարել և ընտրել իր առաջնորդին:
– Կարո՞ղ է նա միայնակ հասնել իր ուզածին:
– Հացադուլը մենակ է անցկացնում, բայց իր կողքին մեծ թիմ է կանգնած
Եվ իհարկե ամբողջ այդ քաղաքացիական թիմը սատարում է նրան: Նրա կողքին է ու փորձում է բոլոր հարցերում օգնել նրան և առաջ տանել իր գաղափարները::
– Պատկերացնու՞մ եք Ձեզ Առաջին տինոջ դերում:
– Երկար չեմ մտածել դրա մասին, բայց ինչո՞ւ ոչ, պատկերացնում եմ:
– Ինչո՞վ կզբաղվեք դուք, եթե դառնաք Առաջին տիկին:
– Շատ հարցեր կան, որոնց պետք է ուշադրություն դարձնի Առաջին տիկինը: Առաջին հերթին սոցյալական ծրագրեր են, անպաշտպան խավերի համար: Ընտանիքներում երեխաների պաշտպանության հարցը: Ծնողազուրկ երեխաների հարցը: Ուսման ու բարոյական դաստիրակության հարցը: Դպրոցում չեն անցկացնում բարոյականության դասեր, սակայն դա պետք է դեռ դպրոցում սովորեցնեն :
– Կշարունակե՞ք զբաղվել Ձեր գործով։
– Շատ եմ սիրում իմ գործը, հատկապես, որ դա ընտանեկան գործն է: Հորիցս փոխանցվել է ինձ, ինձնից էլ՝ երեխաներին: Եթե ժամանակը բավականացնի, անպայման կշարունակեմ զբաղվել իմ գործով, բայց երևի որպես հոբբի: