Ի՞նչ պաշտոն կտա Անդրիաս Ղուկասյանը Սերժ Սարգսյանին
Այսօր արդեն 8-րդ օրն է` ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը ԳԱԱ դիմաց գտնվում է հացադուլի մեջ է: Նշենք, որ այսօր հացադուլին միացել է նաև Շանթ Հարությունյանը: 168.am-ի հետ զրույցում Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ իր ինքնազգացողությունը լավ է: Թեկնածուի խոսքով` քանի դեռ իշխող կուսակցության թեկնածուն մասնակցում է ընտրություններին, ուրեմն` իր ներկայացրած պահանջները բավարարված չեն և ինքը շարունակելու է հացադուլը:
Մեր հարցին, թե այս օրերին գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այցելե՞լ է Ձեզ` հաշվի առնելով հացադուլի վայրի մոտ գտնվելը ՀՀ նախագահական նստավայրին, Ա. Ղուկասյանը պատասխանեց. «Չէ, չի եկել: Նման հանդիպման կարիք էլ չեմ զգում: Հանդիպեի` ի՞նչ քննարկեի, ընտրակաշառք բաժանելու պրոբլե՞մը, Հանրապետական կուսակցության լուծարման հա՞րցը»:
Իսկ հարցին, թե նախագահ դառնալու դեպքում ի՞նչ պաշտոն կտա Սերժ Սարգսյանին, ՀՀ նախագահի թեկնածուն պատասխանեց. «Սերժ Սարգսյանին չեմ պատկերացնում պետական պաշտոններում, բայց գտնում եմ, որ Սարգսյանը կարող է աջակցել պետությանն այն հարցով, որը վերաբերում է անհիմն հարստության հետ վերադարձնելու գործընթացին: Դա միջազգայնորեն ճանաչված նորմ է, որ պետական պաշտոնյաները և նրանց ընտանիքի անդամները, եթե չեն կարող ողջամիտ բացատրել, թե որտեղի՞ց է առաջացել իրենց սեփականությունը, այդ դեպքում նման սեփականությունը համարվում է անօրինական և պետք է վերադարձվի պետությանը:
Գտնում եմ, որ և’ Սերժ Սարգսյանը, և’ Ռոբերտ Քոչարյանը, և’ Լևոն Տեր-Պետրոսյանը մեր երկրում անօրինական ճանապարհով կուտակած հարստությունները բացահայտելու հարցում կարող են մեծ օգնություն ցուցաբերել մեր պետությանը, մեր հանրությանը»: