Միխեիլ Սաակաշվիլին զարմացած է Վիրահայոց թեմի արձագանքից
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին զարմացած է Վիրահայոց թեմի ղեկավարության արձագանքից՝ կապված վրացական բանտերից «ռուս գործակալների» ազատ արձակման հետ: Այս մասին նշված է նախագահի աշխատակազմի տարածած հայտարարությունում.
«Առաջին հերթին ցանկանում ենք ևս մեկ անգամ ընդգծել մեր խորին հարգանքը մեր հայ համաքաղաքացիների և Վիրահայոց թեմի նկատմամբ: Բազմաէթնիկությունն ու բազմաթիվ դավանանքները հանդիսանում են այն անկյունաքարը, որի վրա հենված են վրացական պետության ուժն ու ազատությունները:
Վրաց հասարակությանը հայտնի է, որ Վրաստանում եղել և այսօր էլ կան քաղաքական ու հասարակական այնպիսի խմբեր, որոնք իրենց քաղաքական հեռանկարները կառուցում են ամեն տիպի ատյացության, այդ թվում նաև հայատյացության հաշվին: Վրաստանի նախագահը քանիցս կտրուկ հայտարարել է, որ այդպիսի մոտեցումն ընդունելի չէ: Այս ֆոնին զարմանք է հարուցում Վիրահայոց թեմի վերջին հայտարարությունը, որն առնչվում է Վրաստանի քաղաքացի Վահագն Չախալյանին բանտից ազատելուն:
Իր հայտարարության մեջ նախագահն ընդգծել է, որ Չախալյանի էթնիկ ծագումը չունի որևէ նշանակություն: Բանը կայանում է Վրաստանի քաղաքացու իրականացրած հանցավոր գործողություններում: Վրաստանի նախագահը քանիցս իր կտրուկ բացասական վերաբերմունքն է հայտնել համաներման և հատկապես ռուս գործակալների ազատ արձակման մասին, որոնց մեծամասնությունը կազմում են էթնիկ վրացիները:
Անհասկանալի է մնում Վիրահայոց թեմի արձագանքը դրա նկատմամբ: Անհասկանալի է, թե ինչու կոնկրետ հանցագործների, ռուս գործակալների ազատումը և Վրաստանի նոր իշխանությունների հանդեպ հիմնավոր քննադատությունը պատճառ է դարձել Վիրահայոց թեմի ղեկավարության կողմից քաղաքական հայտարարությամբ հանդես գալու համար: Հուսով ենք, որ այդ թյուրիմացությունն առաջացել է անիրազեկվածությունից»:
Հիշեցնենք, որ Չախալյանի ազատ արձակումից հետո Սաակաշվիլին նրան որակել էր որպես «վրացական պետության թշնամի և ռուսական Գլխավոր հետախուզական վարչության գործակալ»՝ ընդգծելով, որ նրա ազատ արձակումը «հակապետական» քայլ է: Չախալյանի հետ կապված՝ Վրաստանի նախկին վարչապետ, «Միասնական ազգային շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար Վանո Մերաբիշվիլին իր հերթին հայտարարել էր, թե Վրաստանի նոր իշխանություններն ազատել են Վրաստանի պետականության դեմ պայքարի «խորհրդանիշին»:
Դրանից հետո Վիրահայոց թեմը Սաակաշվիլուն և «Միասնական ազգային շարժում» կուսակցության մյուս լիդերներին կոչ էր արել զերծ մնալ սադրիչ և ոչ վայելուչ հայտարարություններից: