
Թուրքիայի էներգետիկայի նախարարը դժգոհել է Իրանից

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Թուրքիան դժգոհ է ներկրվող իրանական գազի գնից:
Նա հավելել է, որ չնայած Թուրքիան այդ հարցով դիմել է Միջազգային միջնորդ դատարան, Իրանը ցայժմ Թուրքիայի հետ չի քննարկել գազի նոր գների հարցը: Յըլդըզի խոսքերով՝ եթե իրանական կողմը փոխի Թուրքիային վաճառվող գազի գինը, ապա Թուրքիան պատրաստ է դիտարկել և քննարկել դրանք:
Հիշեցնենք, որ Թուրքիան Իրանի գազի գնի հարցով Միջազգային միջնորդ դատարան է դիմել 2012 թվականի մարտին՝ ընդգծելով, որ Իրանը Թուրքիային վաճառում է շուկայականից շատ ավելի բարձր գնով գազ: Ի դեպ, 2011թվականին Թուրքիան հազար խորանարդ մետր գազի դիմաց Ադրբեջանին վճարել է 282 դոլար, Ռուսաստանին` 418 դոլար, Իրանին` 423 դոլար: 2012 թվականին Թուրքիան արդեն ստիպված է եղել հազար խորանարդ մետր գազի դիմաց Իրանին վճարել 524 դոլար: