«Ես Սերժ Սարգսյանից լավ եմ շախմատ խաղում և հաստատ կհաղթեմ». Ա. Հարությունյան

«Ես Սերժ Սարգսյանից լավ եմ շախմատ խաղում և հաստատ կհաղթեմ»,-այսօր հրավիրված մամուլիս ասուլիսում հայտարարեց նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Ա. Հարությունյանը: Նա հայտարարեց, որ շախմատում ընդամենը երկու քայլով կարելի է մատ անել հակառակորդին և ինքը դա արել է՝առաջադրվելով և ինքնաբացարկի մասին հայտնելով:

Արամ Հարությունյանն այօրվա ասուլիսում առանձնապես հակված չէր խոսել նախընտրական քարոզչությունից և իր ելույթի մեծ մասը նվիրեց հայոց բանակին՝ հավատարիմ մնալով օրվա խորհրդին: Նա հայտարարարեց, որ բանակի ոգին պետք է բարձր պահել, վերացնել «ատկատները», ինչն էլ կբերի բանակի մարտունակության բարձրացմանը: «Բանակում մեկ բարեփոխում է պետք, պետք է բարձրացնել զինվորի, սպայի ոգին»,-հայտարարեց Արամ Հարությունյանը:

Անդրադառնալով նախընտրական քարոզարշավին՝ Արամ Հարությունյանը հայտարարեց, որ ընտրողների հետ հանդիպում ինքը նախատեսում է, բայց թե երբ հայտնի չէ: Արամ Հարությունյանի խոսքով, առհասարակ ինքը խնդիր չունի ցույց տալու, որ կարող է հանդիպումների ժամանակ մարդ հավաքել: Իր խոսքերին հավատալու համար՝ Արամ Հարությունյանը խորհուրդ տվեց համացանցում փնտրել իր նախորդ հանդիպումները և տեսնել, օրինակ, Եղեգնաձորում 2003թ. հրապարակում որքան մարդ է հավաքվել իրեն լսելու համար: «Չեք կարծում չէ՞, որ էդ մարդկանց  ես եմ բերել ավտոբուսներով»,-ասաց թեկնածուն:  Նա վստահ է, որ հիմա էլ նման խնդիր չի ունենա, եթե ցանկություն ունենա հանրահավաք կազմակերպել: Ա. Հարությունյանը պատմեց, որ ինքնաբացարկի մասին հայտարարությունից հետո շատերն են զանգում իրեն. ոմանք ափսոսանք են հայտնում, ոմանք էլ նրա քայլը համարում են ճիշտ որոշում, կան մարդիկ անգամ, որոնք զանգում են և պարզապես շնորհակալություն են հայտնում, որ ինքը կա:

168.am-ի այն հարցին, թե ինչո՞ւ թեկնածուները չընդառաջեցին իր կոչին և կարծես չեն պատրաստվում հանել թեկնածությունները, Արամ Հարությունյանը պատասխանեց. «Պատճառները շատ տարբեր են: Եկեք ես անուններ չտամ, որ հակաքարոզչություն չհամարեք, դուք ինքներդ կհասկանաք: Մեկին երկրորդ տեղ են խոստացել, մյուսին ասել են՝ քեզ Կենտրոնական բանկի նախագահ կտանք, երրորդը, որի մասին լավ կարծիքի եմ, ինքն էապես կկորցնի շատ բան, բայց նա դեռ գործարքի չի գնացել, չորրորդը, ով հինգ տոկոս երբեք չի հաղթահարել, հիմա ուզում է ցույց տալ, որ կարող է»:  Անձամբ իրեն ոչինչ չեն առաջարկել, քանի որ գիտեին՝ Արամ Հարությունյանը մերժելու է:  Նրա խոսքերով, իշխանությունները գիտեն՝ ում ինչ առաջարկել և ումից ինչ ուզել:

Կարդացեք նաև

Արամ Հարությունյանը հայտարարեց նաև, որ փետրվարի 18-ին չի գնալու քվեարկության և ընտրողներին էլ կոչ է անում բոյկոտել ընտրությունները: Ի դեպ, այդ օրը թեկնածուի համար տոն է՝ ծննդյան տոն: Արամ Հարությունյանը փետրվարի 18-ին դառնալու է  55 տարեկան:

Տեսանյութեր

Լրահոս