Սերգեյ Լավրովը հայտնել է, թե որն է Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների հետաձգման պատճառը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունների հետաձգումը.
«Իրանի ու «Վեցյակի» միջև հանդիպումը իսկապես հետաձգվել է: Դրա պատճառն այն է, որ կողմերը չեն կարողանում համաձայնեցնել բանակցությունների անցկացման վայրի հարցը: Ես կարծում եմ, որ այդպիսի ձգձգումների պատճառը կատարելապես գոհացուցիչ չէ. «Վեցյակի» գծով մեր գործընկերները և իրանական կողմը ոչ մի կերպ չեն կարողանում պայմանավորվել, թե կոնկրետ որտեղ, որ երկրում, որ քաղաքում են հավաքվելու:
Ռուսական կողմը պատրաստ է Իրանի միջուկային ծրագիրը քննարկել յուրաքանչյուր վայրում և հնարավորինս արագ: Կարծում ենք, որ մեր բանակցությունների էությունը շատ ավելի կարևոր է, քան բանակցային այս կամ այն վայրից բխած հետևանքները: Մենք հուսով ենք, որ ամեն դեպքում գերակայելու է առողջ մտածելակերպը և վերջ կդրվի քմահաճույքներին, ի վերջո, մենք փոքր երեխաներ չենք»:
Հիշեցնենք, որ Իրանի ու «Վեցյակի» միջև բանակցությունները պետք է անցկացվեին հունվարի 28-29-ին, սակայն դրանք հետաձգվել են փետրվարի սկզբներին: Իրանական կողմն առաջարկել է դրանք անցկացնել Կահիրեում: