Թուրքիան և Իսրայելը գաղտնի բանակցել են Ստամբուլում
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Իսրայելն անսպասելի քայլ է կատարել՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում: Իսրայելի պատվիրակությունը երեկ գաղտնի ժամանել է Ստամբուլ և անցկացրել է մեկ հանդիպում:
Իսրայելի ԱԳՆ-ի խոսնակ Ամիրա Օրոնը հայտարարել է, որ իրենք մեծ կարևորություն են տալիս Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը: Նա հավելել է, որ իրենք ցանկանում են թուրք-իսրայելական հարաբերությունները վերադարձնել նախկին մակարդակի:
Իսրայելական Yeshiva World լրատվական կայքը հայտնել է, որ երեկ Ստամբուլ մեկնած իսրայելական պատվիրակությունը գլխավորել է Կնեսեթի (Իսրայելի խորհրդարան) անդամ Նիսսիմ Զեևը: Վերջինս Ստամբուլում հադիպել է Թուրքիայի նախկին արտգործնախարարի հետ, ով տվյալ հանդիպմանը մասնակցել է որպես Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հատուկ ներկայացուցիչ:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են առևտրային և մի շարք այլ խնդիրներ, որոնք դիտարկվում են որպես երկկողմանի կապերի վերականգնման մասնիկ:
Հիշեցնենք, որ Թուրքիան Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման համար երեք նախապայման է ներկայացրել այդ երկրին. «Մավի Մարմարայի» միջադեպի համար ներողության խնդրում, այդ միջադեպի ժամանակ զոհվածների ու վիրավորների ընտանիքներին փոխհատուցման վճարում և Գազայի հատվածի շրջափակման վերացում: