Հայ աղջիկները նո՞ւյնպես կզորակոչվեն բանակ
ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան հունվարի 24-ին հայտարարել է, որ ինքը չեղյալ է հայտարարել այն նորմատիվային ակտը, որն արգելում էր կանանց՝ ռազմաճակատի առաջին գծում մասնակցել պատերազմական գործողություններին: Այդ նորմատիվային ակտն ԱՄՆ-ում ընդունվել էր 1994թ., որի նպատակը կանանց զոհվելու հնարավորության բացառումն էր:
Ընդամենը մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի Պետդումայի «Արդար Ռուսաստան» խմբակցության պատգամավորները մշակել են մի օրինագիծ, որով առաջարկվում է բանակ զորակոչել 18 տարին լրացած բոլոր աղջիկներին: Զինկոմիսարիատներն աղջիկներին ծանուցագիր կուղարկեն այնպես, ինչպես տղաներին, սակայն աղջիկները հնարավորություն կունենան բանակ գնալ միայն ցանկության դեպքում, այսինքն՝ կամավոր: Ռուսաստանը կանգնած է լուրջ դեմոգրաֆիական խնդրի առջև. այնտեղ ոչ միայն բնական աճ չկա, այլև բնակչությունն անընդհատ պակասում է՝ այնպես, ինչպես Հայաստանում:
Ռուսաստանում որոշ փորձագետներ առաջարկում են կիրառել հետևյալ բանաձևը` «Ծննդաբերիր կամ ծառայիր», ըստ որի՝ զինվորական ծառայությունից կարելի է ազատել ամուսնացած կանանց՝ դրանով խթանելով ամուսնությունների թվի աճը:
Ռուսաստանում այս նախաձեռնությունը միանշանակ չի ընդունվում ինչպես՝ կանանց, այնպես էլ՝ տղամարդկանց շրջանում: Կանայք պնդում են, որ երկրի ամբողջ հոգսն առանց այն էլ իրենց ուսերին է, և հիմա փորձում են տղամարդկանց վրայից գցել նրանց միակ պարտականությունը՝ հայրենիք պաշտպանելը: Տղամարդ փորձագետները համոզված են, որ դա կարող է հանգեցնել ոչ թե ծնելիության աճի, այլ արտագաղթի նոր ալիքի, այս անգամ՝ երիտասարդության շրջանում:
ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանն իր նախընտրական հանդիպումների ժամանակ հայտարարում է, որ նախագահ ընտրվելու դեպքում բանակը դարձնելու է պրոֆեսիոնալ, ինչը նշանակում է, որ զինվորական ծառայության դիմաց մարդիկ պետք է վճարվեն: Բագրատյանն իր հետ հանդիպմանը եկած կանանց ասում է, որ նախագահ ընտրվելու դեպքում մտադիր է պայմանագրային զինծառայության վերցնել նաև կանանց: Բագրատյանի այս նախընտրական խոստում-հայտարարություններն այնքան էլ էնտուզիազմով չեն ընկալվում կանանց կողմից:
Եթե ԱՄՆ-ը կամ Ռուսաստանը պատերազմական կամ դրան մոտ գտնվող իրավիճակներում ծառայող զինծառայողներին, անկախ սեռային պատկանելությունից, ամսական վճարում են մի քանի հազար դոլարի հասնող աշխատավարձ, ապա Հրանտ Բագրատյանը խոստանում է 140 հազար դրամ: Անգամ, եթե Հրանտ Բագրատյանը չընտրվի նախագահ, չի բացառվում, որ Հայաստանի իշխանություններն` անկախ տված նախընտրական խոստումներից, որոշեն կանանց և աղջիկներին զորակոչել բանակ: Հայաստանում զորակոչը տարեցտարի ավելի է դժվարանում, և դա կարող է ինչ-որ լուծում լինել:
Ռուս օրենսդիրներն իրենց մշակած օրենսդրական նախագծում հղում են անում Իսրայելի օրինակին և փորձին: Հայաստանում կարող են հղում անել Ռուսաստանին: Ռուսաստանը Հայաստանում ռազմաբազա ունի, և այդ օրենքի ընդունման դեպքում ռուս աղջիկները կարող են իրենց զինվորական ծառայությունն անցկացնել Հայաստանում, դրանով ուրախության առիթ դառնալով՝ հայ տղամարդկանց, և կենդանի օրինակ հանդիսանալով՝ հայ կանանց ու աղջիկների համար: