Կես հաստիքով չենք կարող գիտություն զարգացնել
Հարցազրույց ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրենի խորհրդական, «Բարակապատ համագարգերի մեխանիկայի» բաժնի վարիչ Լենսեր Աղալովյանի հետ
– Ինչպե՞ս եք գնահատում ներկայումս Հայաստանում գիտության վիճակը:
– Կան մարդիկ, հատկապես ավագ սերնդի գիտնականներ, ովքեր շարունակում են աշխատել և բավական ինտենսիվ են աշխատում: Սակայն, դժբախտաբար, անկախացումից հետո, ՀՀ ԳԱԱ-ն, ըստ էության, կարծես որբի կարգավիճակում լինի, որովհետև գիտաշխատողների աշխատավարձերը, որոնք ժամանակին եղել են ամենաբարձրը հանրապետությունում և ընդհանրապես ԽՍՀՄ-ում, հիմա, չգիտեք ինչու, ամենացածրն է ամբողջ հանրապետությունում:
Օրինակ` գիտության վաստակավոր դոկտորը, որը պատրաստել է բազմաթիվ աշակերտներ, ստանում է 50-60.000 դրամ, իսկ նախորդ տարիներին ավելի քիչ աշխատավարձ էր ստանում: Նոր պաշտպանած գիտնականը, օրինակ` մեր ինստիտուտում, որը ես համարում եմ, որ քիչ թե շատ բարվոք վիճակում է, քանի որ ուրիշներն ավելի վատ վիճակում են, ստանում է, օրինակ` 40-45.000 դրամ: Այս ամենից պարզ է, որ այդ երիտասարդը չի մնա:
Այսօր մեծ արտահոսք կա, ես կոնկրետ հենց մեր օրինակով կարող եմ ասել, որ վերջին տարիներին 5-6 մեր լավագույն ասպիրանտներ, որոնք պետական համալսարանում պարզապես փայլուն են սովորել ու փայլուն են պաշտպանել, պաշտպանելուց հետո թողել-գնացել են, խոսքը ոչ միայն տղաների մասին է, ովքեր բանակի խնդիր ունեն, և այլն, այլ նաև աղջիկների մասին է: Կարծում եմ, չպետք է ջայլամային ասպարեզ դառնալ, ասել, որ Ակադեմիան լավ վիճակում է, երիտասարդներով համալրվում ենք, և այլն:
Այս ամենը թվացյալ է: Ճիշտ է, երիտասարդներն իրոք ասպիրանտուրա են ընդունվում, պաշտպանում են, սակայն դրանից հետո ինչ է կատարվում նրանց հետ, եկեք դա վերլուծենք: Նրանց մեծամասնությունը գնում են, մի մասը գնում է բուհ, որտեղ ավելի բարձր աշխատավարձ է ստանում, դա էլ` ի հաշիվ վճարային ուսուցման համակարգի: Ստացվում է, որ ներկայումս Ակադեմիայում աշխատողն է գտնվում ամենավատ պայմաններում:
– Գիտության ֆինանսավորումից բացի, ուրիշ ի՞նչ խնդիր է մտահոգում այսօր Ձեզ` որպես գիտնական:
– Այսօր ծագել է նաև երկրորդ նմանատիպ շատ մտահոգիչ հարցը` սերնդափոխության հարցը: Սերնդափոխություն պետք է լինի, սակայն չկա այն միջին սերունդը` 40-55տ. գիտնականների, որոնք պետք է շարունակեն մեր գիտական ուղղությունները: Այդ սերունդը, ըստ էության, չկա, և դա իրեն զգացնել է տալիս հատկապես ակադեմիական ինստիտուտների տնօրենների վերընտրության հարցում: Ինչպես գիտեք, 2006թ.-ից ՀՀ Կառավարությունը որոշում ընդունեց, ըստ որի` բուհերի ռեկտորները և ակադեմիական հիմնարկների տնօրենները 65 տարեկանից ավելի պաշտոնավարել չեն կարող, պետք է թողնեն իրենց տնօրինությունը, իսկ լավագույն դեպքում` նրանք կարող են դառնալ խորհրդականներ:
– Ինչպե՞ս եք գնահատում 2006թ.-ին Կառավարության ընդունած այդ որոշումը, այն դրակա՞ն է, թե՞ բացասական:
– Այդ ամենը լավ է, եթե դու ունես համապատասխան քանակի կադրեր, սակայն, քանի որ այդ միջին սերունդը չկա, դա Ակադեմիայի համար խնդիր է: Ես նախագահության անդամ եմ, և հաճախ հարց է ծագում, գուցե պետք է բարձրաձայնել, որ այդ ցենզն ընդհանրապես վերացնենք: Այլ երկրներում, հատկապես` նախկին ԽՍՀՄ երկրներում, նման բան չկա: Պետք է ընտրվեն ավելի երիտասարդները, և այն տարիներին քիչ թե շատ մարդիկ կային, որոնք փոխարինեցին ավագ սերնդին, բայց ներկայումս չկան այդ դոկտորները, որոնցով կարող ենք համալրել այդ հաստիքները:
Արդեն մի քանի ինստիտուտներում թեկնածուներ ենք գտնում և համոզում, որ նրանք լինեն տնօրեն, օրինակ` Լեզվի ինստիտուտում, Ֆիզիոլոգիայի ինստիտուտում, Քիմիայի ինստիտուտում և այլն: Մենք գնում ենք, սակայն չգիտենք, թե ուր ենք գնում: Դա լուրջ խնդիր է, և ակադեմիական գիտության վիճակը հատկապես այդ տեսակետից պետք է քննարկվի: Բայց, ի հեճուկս այդ ամենի` Ակադեմիայում գիտությունը զարգանում է, և բավականաչափ ինտենսիվ է զարգանում, սակայն, ես կրկնում եմ, որ այն հիմնականում զարգանում է ավելի ավագների և ավելի երիտասարդների շնորհիվ, որոնց հետ մեծերը կարողանում են աշխատանք տանել:
– Խոսեցիք այն մասին, որ գիտությունը զարգանում է ավագների ու երիտասարդների շնորհիվ: Որտե՞ղ է միջին սերունդը:
– Միջին սերունդը, որը պետք է փոխարինի ավագին` գործնականում կամ չկա, կամ շատ թույլ է: Այսինքն` այն ուժեղները գնացել են, մնացել են այսպես միջինից ցածր կամ միջին մակարդակի գիտնականներ, որոնք չեն կարող գիտությունն առաջ տանել: Կանցնի մի տասը տարի, և արդեն ավագ սերունդը չի լինի, և մենք չենք ունենա այն գիտնականը, որը պետք է ղեկավարի երիտասարդ գիտնականներին: Իսկ ներկայիս երիտասարդները մեծամասամբ թողնում-գնում են:
Մենք հիմա նրանց փորձում ենք ինչ-որ կերպ պահել, թեկուզ կես հաստիքով, քանի որ նրանցից շատերը բուհերում են աշխատում, սակայն կես հաստիքով էլ չենք կարող գիտություն զարգացնել Ակադեմիայում: Այդ ամենը, գոնե ինձ համար, շատ մտահոգիչ է: Միգուցե շատերը նշեն, որ ակադեմիական կառույցում գտնվող իրենց ինստիտուտում այդպես չէ, վիճակը լավ է, միգուցե որոշ օրինակներ կան, բայց ընդհանուր տենդենցը շատ մտահոգիչ է:
– Այս իրավիճակում ինչպե՞ս եք գնահատում մեխանիկայի վիճակը Հայաստանում, և արդյո՞ք այն գրավիչ է երիտասարդների համար:
– Կարծում եմ, մեխանիկայի բնագավառում վիճակը վատ չէ: Մենք հաճախակի մասնակցում ենք տարբեր գիտաժողովների, հոդվածներ ենք հրապարակում միջազգային խոշոր ամսագրերում: Մեխանիկայի մեր դպրոցն ուժեղ է եղել և շարունակում է այդպիսին մնալ: Սակայն, իհարկե, ամեն ինչ կախված է ֆինանսներից: Ոլորտը գրավիչ է, եթե դու կապեր ունենաս դրսի հետ:
Սակայն, Հայաստանում, քանի որ բուն մեքենաշինություն, ըստ էության, չկա, որպես այդպիսին, դե, հնարավոր է` որոշ գրավիչ հարցեր լինեն` կապված պաշտպանության ոլորտի հետ համագործակցության մասով, որոշ առումով` նաև շինարարության մեջ կարելի է ներգրավվածություն ունենալ, սակայն դա մասսայական չէ, հետևաբար և` գրավիչ չէ: Սակայն, մեզ մոտ մասնագետները հարգի են, որովհետև նրանք լավ գիտեն հաշվարկներ անել և ծրագրավորել, նրանք պատրաստի մասնագետներ են դառնում: Սակայն նրանցից շատերը հետագայում կարող են գնալ բանկում կամ ուրիշ տեղ աշխատել, բայց ոչ իրենց մասնագիտությամբ: Այ դա շատ ցավալի է:
– Իսկ միջազգային ծրագրերի մասնակցո՞ւմ եք, որոշ ինստիտուտներ փորձում են այդկերպ լրացնել ֆինանսների պակասը:
– Մենք ներկայումս փորձում ենք տարբեր ծրագրեր ներկայացնել, սակայն ներկայումս միջազգային պայմանագրերի կնքումը բավական դժվարացել է: Ներկայումս ավելի շատ ընդունված է համատեղ տարբեր երկրների գիտնականների հետ ծրագրերի իրականացումը, մենք նման մի ծրագիր ներկայացրել ենք ատոմակայանի հետ կապված, հուսանք, ամեն ինչ կհաջողվի:
Մենք միշտ կապեր ենք ունեցել ռուսական ավիացիոն ընկերությունների հետ` հրթիռաշինության հետ կապված, արբանյակների հետ կապված, և այլն, հիմա ասես նրանց հետ կրկին փորձում ենք համագործակցել: Այսօրվա պայմաններում որոշ հարցեր ուզում են լուծել նաև պաշտպանական բնագավառում, և այլն: Իհարկե, եթե արտադրություն լինի, եթեգ: Պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկել, այլապես մերոնք դրսում կզարգացնեն գիտությունը: Եթե Ակադեմիայում լավ պայմաններ ստեղծվեն, այստեղ կարող է լուրջ գիտություն ստեղծվել ու զարգանալ:
– Այդուամենայնիվ, հատկացվող ֆինանսավորումը, ըստ Ձեզ` արդյո՞ք ճիշտ է տեղաբաշխվում:
– Ախր ֆինանսավորումն էլ այն չէ, դրանով ի՞նչ պետք է անել: Հիմա կրճատել են ֆինանսավորման թեմաները` 800 թեմայից այն դարձնելով` 100, իսկ դրանցից յուրաքանչյուրում կարող ես ընդգրկել առավելագույնը 4 հոգու, ասենք` տվեցիր 2 կամ 4 հոգու, բա մնացա՞ծը: Գումարներ կան հանրապետությունում, բայց այդ գումարները պետք է օպտիմալ ծախսվեն, և ոչ թե փոշիացվեն: Գիտության վիճակը պետք է առանձին քննարկման նյութ դառնա, արդյո՞ք Հայաստանին պետք է գիտություն: Ակնհայտ է, որ պետք է, բայց այդ դեպքում պետք է այդ գիտության համար ստեղծել մինիմալ պայմաններ:
Օրինակ` գովազդվում է, որ երիտասարդ գիտնականների համար բնակարաններ են կառուցվում, նախ` դրանց մի մասն է ընդամենը մասնակցում է այդ ամենին, ասենք` մի խումբ ստացավ բնակարան: Կամ այս տարի 100 մլն դրամ են տալիս երիտասարդ գիտնականների տարբեր ծրագրերի համար, սակայն պետք է հարցը գլոբալ լուծել, որ գիտնականը, գիտությամբ զբաղվող մարդը մինիմալ ապահովված լինի: Այսինքն` նրա աշխատավարձն ամենացածրը չպետք է լինի, այլ այն պետք է լինի հանրապետության գոնե միջինը, որը 120 հազ. է: Իսկ եթե գիտաշխատողը չի ստանում այդ միջինը, նա չի մնա այստեղ, նա կգնա այնտեղ, որտեղ իրեն կտան գումար, իսկ գնում են ամենաընդունակները:
Այս հարցը շատ լուրջ է, և ես նորից եմ կրկնում` ջայլամային քաղաքականություն պետք չէ իրականացնել, պետք է մեկ անգամ նստել շատ լուրջ ձևով ու քննարկել գիտության վիճակը:
Իհարկե, հասկանալի է, որ գիտությունն իր հերթին` ունի նաև պարտավորություններ պետության առաջ, նա պետք է զբաղվի պետությանը հետաքրքրող հարցերով: Պետությունը պետք է նաև պատվերներ տա, այդ պատվերները ֆինանսավորի և պահանջի, այլ կերպ չի լինում: Այսօր մի տեսակ կղզիացված է մեր գիտությունը` և Ակադեմիայում, և ընդհանրապես: Այսօր կան մի շարք հարցեր` և տնտեսագիտության ասպարեզում, և արտաքին քաղաքականության ասպարեզում, և ներքին քաղաքականության ասպարեզում, և այստեղ մեր գիտական միտքը, լուրջ համագործակցության արդյունքում` կարող է շատ խնդիրների լուծումներ ուղենշել:
Հ.Գ. Նշենք, որ ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտը ներկայումս ունի մոտ 87 գիտաշխատող, այդ թվում` 1 ակադեմիկոս, 2 ԳԱԱ թղթակից անդամ, գիտությունների 16 դոկտոր և 54 գիտությունների թեկնածու: Ինստիտուտի գիտաշխատողների 1/3-րդը մինչև 33 տարեկան են, սակայն նրանք հիմնականում, ըստ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանի` համատեղության կարգով են աշխատում ինստիտուտում` կես հաստիքով: