Հայաստանի ինտերնետը՝ ռուսաստանյան գրաքննության տակ
Պարզվում է՝ ռուսաստանյան ազդեցության տակ է ոչ միայն Հայաստանի տնտեսական ու քաղաքական դաշտը, այլև համեմատաբար ազատ և դժվար վերահսկելի համարվող ինտերնետ միջավայրը։ Այլ կերպ ասած՝ վիրտուալ Հայաստանը։
Հայաստանի ինտերնետ օգտագործողները հայտնվել են ռուսաստանյան օրենքների և կանոնների գործողության դաշտում, այն պարզ պատճառով, որ մեր, այսպես ասած, ամբողջ ինտերնետ-թրաֆիկն անցնում է Ռուսաստանի տարածքով։
Այս մասին գրում է ռուսական «Իզվեստիան»՝ նկատելով, որ թեպետ Հայաստանն ընդհանուր սահմաններ չունի Ռուսաստանի հետ, սակայն գործնականում ամբողջությամբ կախված է Ռուսաստանից՝ ինտերնետի և միջազգային հեռախոսակապի հարցում։ «Բանն այն է, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ ունեցած հակամարտությունների պատճառով Հայաստանը այդ երկրների ցանցերին մուտք չունի։ Հայաստանի համար կապի միակ միջոցը մալուխն է, որն անցնում է Վրաստանի տարածքով և միանում Ռուսաստանին։ Իսկ այնտեղից թրաֆիկն արդեն շարունակում է ուղին»։
Ըստ թերթի, քաղաքական-աշխարհագրական հենց այս կազուսն է Հայաստանի քաղաքացիներին ակամայից տեղափոխել ՌԴ օրենսդրության տիրույթ, այդ թվում՝ գրաքննության դաշտ։
Այսինքն, եթե Ռուսաստանը որևէ ինտերնետային ռեսուրս ներառում է սև ցուցակում և արգելափակում ՌԴ ինտերնետ օգտագործողների մուտքը դեպի այդ կայքը, ապա այն ավտոմատ արգելափակվում է նաև Հայաստանի քաղաքացիների համար։
Ըստ «Իզվեստիայի»՝ այս խնդրի մասին խոստովանում է նաև «ВымпелКом»-ը՝ հայաստանյան «Արմենտել» օպերատորի սեփականատերը։ «ВымпелКом»-ի ներկայացուցիչը «Իզվեստիային» փոխանցել է, որ արդեն հայաստանյան մի քանի բաժանորդներից բողոքներ են ստացել։ Նա նաև ասել է, որ նման բողոքներ ստանալու դեպքում իրենք փոխում են փոխում են թրաֆիկի կարգավորումները, և հայաստանցի օգտատերերը կարողանում են մուտք գործել ռուսական սև ցուցակի մեջ հայտնված կայքերը։ «Հայաստանում «Արմենտելը» աշխատում է հայկական օրենքներով»,- ասել է «ВымпелКом»-ի՝ ԱՊՀ-ի գծով հասարակայնության հետ կապերի մենեջեր Արտյոմ Մինաևը։ Նա նաև ավելացրել է, որ առաջիկայում այնպես կլուծեն այդ խնդիրը, որ հայկական ինտերնետ օգտագործողների համար ռուսական սև ցուցակները ավտոմատ դուրս կգան։
Հայաստանյան Vivacell օպերատորի սեփականատեր MTC-ը նույպես պնդում է, որ Հայաստանում ինտերնետը ենթարկվում է միայն հայաստանյան օրենսդրությանը։ Սակայն այստեղ բողոքներ դեռ չեն եղել։
Իսկ «Ростелеком»-ի հայաստանյան «դստրիկի»՝ GNC-Alpha-ի բաժանորդները կարող են խնդիրներ ունենալ։ GNC-Alpha-ի հայաստանյան բաժանորդների համար փակ են այն կայքերը, որոնք ռուսական իշխանությունների կողմից արգելափակված են։
«Իզվեստիա»-ն այս հարցով զրուցել է նաև Роскомнадзор-ի հետ, որտեղից փոխանցել են, որ պետական մակարդակով Հայաստանից դեռևս բողոք չեն ստացել։ Պետական այս կառույցի ներկայացուցիչները կարծիք են հայտնել, որ այդ հարցը հնարավոր է լուծել օպերատորների մակարդակում։ Սակայն եթե ՀՀ իշխանությունների կողմից դիմում ստանան, ապա պատրաստ են քննարկել հարցը և փորձել լուծում տալ դրան։