ՓՄՁ-ն զարգացնում են ընդամենը 150 միլիոն դրամո՞վ
ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատել է «Աջակցություն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին» 2013 թ. ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը։ Ծրագրի նպատակներն են պետական ուղղակի աջակցության գործիքների միջոցով խթանել ՓՄՁ զարգացումը, այդ ճանապարհով նպաստել երկրի, հատկապես նրա հեռավոր և սահմանամերձ բնակավայրերի տնտեսական զարգացմանը և անհամաչափության հաղթահարմանը, տնտեսության դիվերսիֆիկացմանը, բարձրացնել զբաղվածության և ինքնազբաղվածության մակարդակը։ Կատարելով ՓՄՁ աջակցության հերթական քայլը` կառավարությունը դրանով իսկ կարևորում է ՓՄՁ դերը երկրի տնտեսության զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման, բնակչության կենսամակարդակի բարձրացման, հասարակության միջին խավի ձևավորման, երկրի սոցիալական և քաղաքական կայունության ապահովման գործում։ Ծրագրի իրականացման համար ՀՀ 2013 թ. պետբյուջեից նախատեսվում է հատկացնել 150 մլն դրամ, որի հաշվին կապահովվի անձնակազմի և փորձագետների` Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աշխատակիցների վարձատրությունը։ Ծրագրի իրականացման արդյունավետությունը և ֆինանսական գործիքների ճկունությունն ապահովելու նպատակով 2013 թ. կմիավորվեն սկսնակ գործարարների ֆինանսական աջակցության և վարկային երաշխավորությունների դրամագլուխները որպես մեկ միավորված դրամագլուխ։