Րաֆֆի Հովհաննիսյանը մազերը կտրեց պատահական վարսավիրանոցում
aravot.am-ի փոխանցմամբ՝ այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը շրջում է Էրեբունի համայնքում ու շատ օրիգինալ, աննախադեպ քարոզարշավ անցկացնում: Քարոզարշավն աննախադեպ է այն առումով, որ այս անգամ մարդկանց զուտ բարևելուց բացի, Րաֆֆի Հովհաննիսյանը պահի ազդեցությամբ կտրուկ քայլերի է գնում: Օրինակ՝ Էրեբունի փողոցում պատահական, անգամ անանուն մի վարսավիրանոց մտավ ու հանկարծ որոշեց մազերը ուղղել այնտեղ: Նրա նոր սանրվածքով զբաղվեց վարսավիր Արշակը: Մի մարդ, որը նույնպես մազերն էր կտրում՝ Արշակին ակնարկեց. «Ուստա՛ Արշակ, գիտե՞ս, որ 4-րդ նախագահի մազերն ես կտրում»:
Լրագրողների հարցին, թե ինչու է նման ամերիկյան «սթայլի» քարոզարշավ անում՝ պարոն Հովհաննիսյանը չհամաձայնեց՝ ասելով, որ սա զուտ հայկական է:
Րաֆֆի Հովհաննիսյանը այցելեց նաև տոնավաճառ ու սկսեց զրուցել վաճառականների հետ: Նրանց զրույցի մանրամասները՝ շուտով:
Րաֆֆի Հովհաննիսյանին քարոզարշավի ընթացքում ուղեկցում էր ոստիկանական մեքենան, որը կա լուսանկարում: Մեզ հետ զրույցում պարոն Հովհաննիսյանն ասաց, որ այս անգամ մոտեցել են իրեն և տեղեկացրել, որ ուղեկցելու են. «Այսինքն՝ այս անգամ որոշել են օրինական կարգով գործել, ոչ այնպես, ինչպես մարզերում էին թաքուն անում»:
Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը «Էրեբունի» հիվանդանոցում է: Նա գլխավոր բժշկից թույլտվություն է փորձում ստանալ, որ ներս մտնի ու քարոզարշավ անի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
aravot.am