
Երեքնուկը», «Ամարաս-Յուսը» և «Սեար Գրուպը» վարել են փոխհամաձայնեցված քաղաքականություն

Պետգնումների ոլորտում կատարված հերթական ուսումնասիրությամբ ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը պարզել է, որ որոշ ընկերություններ գործել են փոխկապակցված՝ փորձելով շուկայից դուրս մղել մրցակիցներին։
Հանձնաժողովի այսօրվա նիստում ներկայացվել են նաև մանկատների և ծերանոցների կողմից՝ սննդամթերքի, գույքի և տնտեսական ապրանքների ձեռքբերման գործընթացի ուսումնասիրության երկրորդ փուլի արդյունքները:
Հանձնաժողովի փոխանցմամբ՝ այս փուլում ուսումնասիրվել է 88 հաստատությունների կողմից հայտարարված ավելի քան 200 մրցույթների կազմակերպման գործընթացը: Պարզվել է, որ որոշ ընկերություններ՝ «Երեքնուկը», «Ամարաս-Յուսը» և «Սեար Գրուպը», մրցութային գործընթացների շրջանակներում վարել են փոխհամաձայնեցված քաղաքականություն: Ուսումնասիրված փաստաթղթերում նրանց կողմից մրցույթներում ներկայացված գնային առաջարկներում առկա են էական նմանակումներ. դրանցում կրկնվում են անգամ նույն տառասխալները և կոնտակտային տվյալները: Առկա են նաև փոխկապակցված անձանց անունների կրկնություններ: Հանձնաժողովը պարզել է, որ վերջինները մասնակցել են տասնյակ մրցույթների և փոխհամաձայնեցված կերպով հերթականությամբ հաղթող ճանաչվել դրանցից որևէ մեկում:
Օրինակ, «Երեքնուկ» ՍՊԸ-ն, մասնակցելով «Ուսուցման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված մրցույթին, հաղթող է ճանաչվել մի շարք ապրանքների մատակարարման գծով, իսկ մեկ ամիս անց մեկ այլ մրցույթում պարտվել է՝ նույն ապրանքների գծով առաջարկելով մինչև 40%-ով բարձր գին: Նշված ընկերությունները, հաղթող ճանաչվելով տարբեր մրցույթներում, սննդամթերքի մատակարարումը որոշ դեպքերում իրականացրել են շուկայականից մինչև 150%-ով բարձր գներով։
Դեռևս նախորդ տարվանից սկսված լայնածավալ ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ վերոնշյալ 3 խոշոր ընկերությունները ակտիվ դերակատարում ունեն պետգնումների ոլորտում և շատ դեպքերում հանդես են գալիս որպես սննդի հիմնական մատակարարներ: Հիշեցնենք նաև, որ նախորդ տարեվերջին Հանձնաժողովը մոտ 15 մլն դրամ տուգանք է կիրառել նույն «Սեար գրուպ» և «Երեքնուկ» ընկերությունների հանդեպ՝ մրցակցային օրենսդրության խախտման առնչությամբ:
ՏՄՊՊՀ ուսումնասիրությունները բացահայտել են նաև ընկերությունների փոխադարձ պայմանավորվածության այլ փաստեր ևս։
Մի շարք դեպքերում, միաժամանակ մասնակցելով նույն մրցույթին, վերոնշյալ երեք ընկերություններից մեկը տվյալ ապրանքի մատակարարման համար ներկայացրել է անհամեմատ ցածր գին և, բնականաբար, հաղթող է ճանաչվել: Սակայն հետագայում հրաժարվել է մրցույթից՝ իր տեղը զիջելով երկրորդ տեղը զբաղեցրած և հաղթող ընկերության հետ փոխկապակցված մեկ այլ ընկերության:
Վերոնշյալ խախտումների հիման վրա, այսօր կայացած նիստում Հանձնաժողովը վարույթ հարուցեց «Երեքնուկ», «Ամարաս-Յուս» և «Սեար Գրուպ» ընկերությունների հանդեպ: