«Վրաստանը միշտ էլ պետական մակարդակով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ ԼՂՀ-ն»
Հարցազրույց «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Վահե Սարգսյանի հետ
– Վրաց պատրիարք Իլյա Երկրորդի և Կովկասի մուսուլմանների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ հանդիպումից հետո տեղեկություն տարածվեց այն մասին, որ Իլյա Երկրորդը հայտարարել է, թե Ղարաբաղը պատկանել և պատկանում է Ադրբեջանին, սակայն հետագայում այս տեղեկությունը հերքվեց Իլյա Երկրորդի կողմից: Փաստորեն, սա հերթական ապատեղեկատվությո՞ւնն էր Ադրբեջանի կողմից:
– Ընդհանրապես, Ադրբեջանը միշտ փորձել է հայ-վրացական հարաբերություններում հանդես գալ խառնակչի դերում, դա նրա քաղաքական գիծն է: Կոնկրետ այս դեպքը միակը չէ Վրաստանի հոգևոր և աշխարհիկ-քաղաքական կյանքում` կապված Հայաստանի հանդեպ ինչ-ինչ արտահայտությունների և այնուհետև` հերքման հետ: Հետաքրքիրն այն է, որ արտահայտություններն արվում են, աղմուկ է բարձրանում, և հետո հերքումը կա՛մ լինում է, կա՛մ էլ մինչև վերջ չենք իմանում` հերքվե՞ց, թե՞ ոչ: Այս դեպքում կարծես թե պաշտոնական հերքում եղավ, սակայն դա չէ կարևորը, կարևորն այն է, որ Վրաստանը միշտ էլ պետական մակարդակով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` ներառյալ Լեռնային Ղարաբաղը, և այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող:
Նույնը նաև հայտարարեց Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն, որ Վրաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` ներառյալ Լեռնային Ղարաբաղը, հետո հերքման մեջ հայտարարվեց, որ Վրաստանը հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և խոսք չի գնացել Ղարաբաղի մասին: Սա կարծես մանևրի մի էժանագին միջոց էր, քանի որ, եթե «հարգում է» տարածքային ամբողջականությունը, պարզ չէ՞, որ դրա մեջ բոլորն անուղղակիորեն հասկանում են նաև Լեռնային Ղարաբաղը: Այսինքն` Վրաստանի հոգևոր և քաղաքական ղեկավարներն այսպիսի մանևրների միջոցով փորձում են դուր գալ և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին:
– Հայաստանի վրացագետներից մեկը հայտարարեց, թե Վրաստանի նոր վարչապետ Իվանիշվիլին ավելի հայամետ գործիչ է լինելու և ավելի քիչ ադրբեջանամետ: Որքանո՞վ դա կարող է համապատասխանել իրականությանը:
– Ես մի փոքր զերծ եմ մնում նման հավակնոտ հայտարարություններից, այն էլ կանխատեսումների իմաստով` լինելու է ավելի շատ հայամետ, և այլն: Նման հայտարարությունները մի փոքր անլուրջ են: Մենք Վրաստանի ցանկացած իշխանություն պետք է դիտարկենք Վրաստանի անցյալի խորքային իրողությունների մեջ, պետք է լրջագույնս հասկանանք Վրաստանի պատմական անցյալը, որտեղ տեղի են ունեցել և մինչև հիմա շարունակվում են էթնոկազմավորման գործընթացներ: Սրանով է դրսևորվում երկրում ապրող ժողովուրդների նկատմամբ Վրաստանի քաղաքականությունը: Այսօր այդ գործընթացը չի ավարտվել, և Վրաստանը տանում է էթնոկրատիզմի քաղաքականություն, այսինքն` բուն վրացական` քարթվելական ժողովուրդը ձգտում է իր գերակայությունը հաստատել և ավելին` իր մեջ ձուլել մնացած բոլոր ժողովուրդներին:
Հետևաբար` այնքան էլ իրատեսական չի դառնում Վրաստանի քաղաքական գործիչների հայամետ լինելը դիտարկել այլ ժողովուրդների կրոնական, լեզվական, քաղաքական և քաղաքացիական իրավունքները հարգելու կամ, ասենք, նրանց հուշարձանները վերադարձնելու համատեքստում: Մենք այս խնդիրները պետք է դիտարկենք Վրաստանի ներկա և անցյալ խորքային գործընթացների համատեքստում, և այս համատեքստում ես այնքան էլ լավատես չեմ` նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իվանիշվիլին շատ սերտորեն կապված է հոգևոր իշխանությունների, կոնկրետ, Իլյա Երկրորդի հետ: Իսկ Իլյա Երկրորդն իմ նշած ձուլման, այլ ժողովուրդների մշակույթների յուրացման քաղաքականության գլխավոր ճարտարապետներից մեկն է: Այս ամենով եզրակացնենք` Իվանիշվիլին լինելու է միայն ու միայն վրացամետ:
– Մինչև Վրաստանի խորհրդարանական ընտրությունները մամուլը շատ էր խոսում Իվանիշվիլիի որոշակի ռուսամետ կողմնորոշման մասին: Վրաստանում Ստալինի հուշարձանների վերականգնումն այն դեպքում, երբ Սահակաշվիլիի կառավարման տարիներին դրանք ապամոնտաժվում էին, և փոխարենը բացվում էին թանգարաններ` նվիրված «խորհրդային օկուպացիային», և մոտ 3000 բանտարկյալների համաներումը ինչի՞ մասին են վկայում:
– Սկսեմ Ստալինի արձանների ապամոնտաժումից և մոնտաժումից: Եթե իրոք Իվանիշվիլին սկսել է դրանց վերականգնումը, ուրեմն շատ ճիշտ է վարվում: Ես շատ բարձր եմ գնահատում նրա խորիմաստ քաղաքականությունը, քանի որ ինքս, լինելով պատմաբան, գիտեմ, որ ներկա Վրաստանի քարտեզը` ներառյալ Աբխազիան և Հարավային Օսիան, ձևավորվել է հենց Ստալինի գլխավորությամբ` ՌԿ(Բ)Կ Կովկասի բյուրոյի որոշումների արդյունքում, 1921 թ.:
Եթե միջազգային հանրության առնվազն մեծ մասը ճանաչում է ներկա Վրաստանը` ներառյալ Աբխազիան և Հրվ. Օսիան, ապա պետք է իմանա, որ այն ձևավորվել է Ստալինի անմիջական ջանքերով, և կոմունիստական կուսակցության ու անձամբ Ստալինի նվերն է վրաց ժողովրդին: Պետք է նշեմ, որ 1990-ական թթ. սկզբներին Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան, չճանաչելով խորհրդային ժառանգությունը և մերժելով այն ամենը, ինչը նա ժառանգել էր Խորհրդային Վրաստանից, խոցելի դարձրեց Վրաստանի սահմանները` գոնե իրավականորեն: Հետագայում Շևարդնաձեն, այսպես ասենք, մի փոքր լղոզված կերպով փոխեց քաղաքականությունը և այն մոլեգին հակախորհրդային քաղաքականությունը չէր վարում, ինչն արեց Սահակաշվիլին:
Սահակաշվիլիի հակախորհրդային մոլուցքը բերեց նրան, որ, միգուցե պատմական անգիտությունից ելնելով, միգուցե ԱՄՆ-ին քծնելու տրամադրություններից դրդված, սկսվեց Ստալինի հուշարձանների ապամոնտաժումը` որպես Խորհրդային Միության արգասիք և խորհրդային գաղափարախոսության հիշողություն, որը մերժում է Արևմուտքը, իսկ ինքն էլ արևմտյան արժեքների կրողն էր: Իրականում Իվանիշվիլիի նման քաղաքականությունը կարելի է նաև քաղաքական ժեստ համարել` ուղղված Ռուսաստանին, քանի որ Ստալինը եղել է Ռուսաստանի` որպես Խորհրդային Միության կենտրոնական օրգանիզմի սիմվոլը: Այդպիսով նա ուզում է ցույց տալ, որ իրենք մերժում են Սահակաշվիլիի հակառուսականությունը: Իսկ պատմագիտորեն շատ խոշոր քայլ է` Վրաստանի սահմանների խոցելիության և ներկա Վրաստանի այդ տարածքների (Աբխազիա, Հրվ. Օսիա, Ջավախք, Աջարիա) իրավական լեգիտիմացման ուղղությամբ:
Ինչ վերաբերում է քաղբանտարկյալների համաներմանը, ընդհանրապես միայն դրանով չի դրսևորվում Իվանիշվիլիի քաղաքականությունը: Սա պարզապես քայլ է` Ռուսաստանի հետ ուղղակիորեն նորմալ հարաբերություններ հաստատելու համար: Սա նաև ձեռնտու է ԱՄՆ-ին: Ես դեմ եմ այն կարծիքին, որ Իվանիշվիլին ռուսական դրածո է, եկավ` Վրաստանը ռուսական կողմնորոշման տանելու համար, և այլն, ո՛չ: Ինքը շարունակելու է նույն արևմտամետ քաղաքականությունը և նույն գիծն է տանելու:
Ի՞նչն էր այստեղ հետաքրքիր. ԱՄՆ-ին վաղուց պետք էր այնպիսի ղեկավար Վրաստանում, ով ձերբազատված կլինի Աբխազիայի և Հրվ. Օսիայի հիմնախնդրի բարդույթից: Սահակաշվիլին ուներ այդ բարդույթը, իսկ այսօր Միացյալ Նահանգներին պետք է խաղաղ Վրաստան, քանի որ նա Վրաստանը դիտարկում է` որպես կոմունիկացիոն երկիր: Հիմա Իվանիշվիլին հեշտ ու հանգիստ կիրականացնի այս ամենը: Ընդհանրապես, իշխանության գալուց հետո նա մի քանի ազդակներ ուղարկեց, որը ձեռնտու է ԱՄՆ-ի քաղաքականությանը և միտված է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանը:
Դրանցից մեկը` աբխազական երկաթուղու վերաբացման հարցի բարձրացումն էր, որով ուղղակիորեն ճանաչելու էր Աբխազիայի անկախությունը: Մյուս կարևոր ազդակը մասնակցությունն է 2014 թ. Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերին: Այս առումով ուզում եմ մի օրինակ բերել. 1980 թ. Մոսկվայում կայացած օլիմպիական խաղերին չմասնակցեցին ԱՄՆ-ը և արևմտյան մի շարք պետություններ, քանի որ մասնակցության դեպքում նրանք կճանաչեին խորհրդային զորքերի մուտքը Աֆղանստան:
Հիմա եթե Սոչիում Աբխազիայի կամ օկուպանտ համարվող Ռուսաստանի դրոշների կողքին լինի Վրաստանի դրոշը, դա ինչ-որ տեղ կնշանակի` ընդունել անկախ Աբխազիայի գոյությունը: Երրորդ ազդակը 2008 թ. ռուս-վրացական պատերազմին մասնակցած հերոսների ձերբակալումն էր` տարբեր մեղադրանքներով: 4-րդ ազդակը, դա երկրում հակառուսական տրամադրություններ ստեղծող Առաջին կովկասյան հեռուստաալիքի փակումն էր: 5-րդ ազդակը, այսպես ասած, «ռուսական լրտեսների» ազատումն է, որոնց դատապարտումը, իմ համոզմամբ, ուներ քաղաքական ենթատեքստ:
Եվ Ռուսաստանին ուղղված այս ազդակները շարունակվում են: Իսկ Ռուսաստանը շատ հետաքրքիր կեցվածք է ընդունել. նա նստած սպասում է, ոչ մի քայլ չի անում: Պարզապես ասել է. «մենք սպասում ենք, որ Վրաստանը կուղղվի, և մենք հարաբերություններ կհաստատենք նրա հետ»: Փաստորեն, Ռուսաստանը չի հրաժարվել իր սկզբունքներից. քանի դեռ Սահակաշվիլին նախագահ է, նրանք չեն խոսելու Վրաստանի հետ, և ինչ-որ տեղ նրանք սպասում են Սահակաշվիլիի հեռանալուն:
– Իսկ ովքե՞ր են մտնում այդ 3000 բանտարկյալների մեջ, և ինչո՞ւ ազատ չարձակվեց ջավախահայ ակտիվիստ Վահագն Չախալյանը:
– Երկու մասի են բաժանվում ազատ արձակվողները: Առաջինը` 190 հոգանոց ցուցակն է, որի մեջ մտնում են հստակ քաղաքական հայացքների համար ձերբակալված մարդիկ, և նրանց մեջ ի սկզբանե չէր մտցված Վահագն Չախալյանը: Եղան խոսակցություններ իրավապաշտպանների, հասարակական կազմակերպությունների կողմից, որպեսզի Վահագն Չախալյանն անպայման ներառվի այդ ցուցակում, սակայն դեռևս դեկտեմբերի սկզբին Սահակաշվիլիի կուսակցության պատգամավորների ելույթների արդյունքում Չախալյանի անունը հանվեց: Չախալյանին այնպիսի ստահոդ և զգացմունքային մեղադրանքներ առաջադրեցին (թե իբր նա վրաց հոգևորական է ծեծել, և այլն), որ մյուս պատգամավորները որոշեցին չշտապել նրա հարցում:
Վահագնը չէր մտնում այդ ցուցակի մեջ, հետևաբար այն, որ հայտարարում էին, թե նա այսօր-վաղը պետք է ազատ արձակվի, այնքան էլ չի համապատասխանում իրականությանը: Ընդհանրապես ցուցակ ասելը մի փոքր հարաբերական է, քանի որ ազատվող բանտարկյալների ցուցակներ, որպես այդպիսիք, չկան, պարզապես համաներման մասին օրենքը կկիրառվի Վրաստանի բազմահազար կալանավորներից մոտավորապես 3000-ի վրա` դրույթների համապատասխանության դեպքում:
Այդ համապատասխանությունը պետք է որոշի դատարանը` արագ կարգով անցկացվելիք դատավարությունների միջոցով, այսինքն` պետք է ներկայացվի գործը և արդարացվի:
Մենք` այսինքն հանրությունը, իրավապաշտպանները և Վ.Չախալյանի փաստաբանները, հակված ենք ենթադրելու, որ Վ.Չախալյանը մտնելու է այդ մարդկանց մեջ: Խոսել այն մասին, որ նա անպայման պետք է ազատվի, կամ չպետք է ազատվի, ճիշտ չէ, պարզապես իրավականորեն համաներման օրենքն ամբողջովին տարածվում է նրա վրա: Միաժամանակ, եթե Վ.Չախալյանն ազատ չարձակվեց, արդեն կարող ենք ասել, որ նրան չազատելն ունի քաղաքական դրդապատճառներ:
– Վրաստանի վարչապետ Իվանիշվիլին դեկտեմբերին` մինչ Ադրբեջան մեկնելը, կասկած հայտնեց, թե Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կարող է տնտեսական առումով շահավետ լինել Վրաստանի համար: Ի՞նչ կարծիք ունեք այս մասին:
– Կարծում եմ` Իվանիշվիլին փորձում էր նախքան Ադրբեջան գնալը լրացուցիչ դիվիդենտներ շահել` կասկածի տակ առնելով երկաթուղու շահավետ լինելը, և նաև փորձում էր տարբերություն մտցնել այս հարցերում իր և Սահակաշվիլիի քաղաքականության մեջ:
Սրանք ավելի շատ քաղաքական ժեստեր էին` Ադրբեջանին շահագրգռելու համար: Իմ ասածը հիմնավորվում է դեպքերի հետագա ընթացքով. Ադրբեջան գնալուց անմիջապես հետո` հանդիպումներ, ջերմ խոսակցություններ, և Իվանիշվիլիի կասկածներն անմիջապես փարատվեցին: Հիմա արդեն տնտեսապես շահավետ է: Ի՞նչ է, մինչև Ադրբեջան գնալը չէ՞ր ուսումնասիրել այդ փաստաթղթերը, Ադրբեջա՞նը պետք է քեզ ասեր, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին տնտեսապես շահավետ է: Այստեղ մի փոքր հակասական, զավեշտալի, բայց նաև տրամաբանական պրոցես տեղի ունեցավ:
– Այսինքն` Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցումը չի՞ դադարեցվի:
– Դատելով Իվանիշվիլիի վերջնական հայտարարությունից, և եթե աշխարհաքաղաքական նոր իրողություններ ի հայտ չգան, չի կանգնեցվելու:
– Իսկ ի՞նչ նշանակություն կունենա ՌԴ-Աբխազիա-Վրաստան երկաթգծի գործարկումը Հայաստանի համար:
– Եթե առողջ դատենք, Կարս-Ախալքալաք երկաթուղին իրականում կործանարար է և՛ Հայաստանի, և՛ նույն Վրաստանի համար: Եվ Իվանիշվիլիի քաղաքականությունը` աբխազական երկաթուղու գործարկման և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կասկածի տակ առնելու, շատ ճիշտ ուղու վրա կլիներ, եթե դա լիներ իրատեսական, այսինքն` կասեցվեր Կարս-Ախալքալաքը և գործարկվեր աբխազական երկաթուղին, քանի որ և՛ տնտեսապես, և՛ աշխարհաքաղաքական, և՛ ժողովրդագրական, և՛ թուրք-ադրբեջանական էքսպանսիաներին դիմագրավելու առումներով ամբողջովին և առաջնահերթորեն ձեռնտու է մեկի գործարկումը և մյուսի կասեցումը հենց Վրաստանի համար: Նույն ձևով` անուղղակիորեն թե ուղղակիորեն, այս ամենը համընկնում է նաև ՀՀ շահերին: Այսինքն` Կարս-Ախալքալաքի կասեցումից հետո դադարում է Հայաստանի օղակումը, նաև Ջավախքի թուրքացումը, քանի որ այստեղ կա նաև հայ բնակչության անվտանգության հարցը:
Եվ աբխազական երկաթուղու գործարկումը շատ կարևոր է Հայաստանի համար` Ռուսաստանի հետ երկաթուղային կապի հաստատման, բեռների էժան փոխադրման իմաստով, քանի որ մենք այժմ բեռներն անվավոր տրանսպորտներով ենք տեղափոխում և անհամեմատ թանկ, լեռնանցքային ճանապարհներով: Այսինքն` սա անհամեմատ էժան ցամաքային կապ կստեղծի Ռուսաստանի հետ, և միգուցե նաև կապացուցի, եթե իրոք մեր վրացագետները ճիշտ են, նաև Վրաստանի, այսպես ասած, հայանպաստ քաղաքականությունը:
Բայց, իհարկե, առաջին հերթին` սա փրկում է Վրաստանի ապագան, եթե` ոչ, ապա մոտ ապագայում Վրաստանի ամբողջ հարավն անջատվելու է երկրից` միանալով Թուրքիա-Ադրբեջան դաշնազույգին: