Էլիսեո Դիեգո
Դիվերտիսմենտներ Գրքից
Նրա մեծ հաջողության երեկոյի մասին
Սոպրանո, կոլորատուրային սոպրանո Կարմեն Մարիա Պելեասը քարացել էր բեմեզրին, հիմա նա կերգի, այսօր նրա մեծ հաջողության երեկոն է: Ներկած բեղերով և լաքած ճիտքակոշիկներով իմպրեսարիոն երաշխավորում էր. «Գրողը տանի, Կարմեն, մեծ հաղթանակ է լինելու»: Կարմեն Մարիան, շողշողուն և երիտասարդ` կուրացած բեմեզրի լուսարձակներից` երգում է:
Օ՜հ Կարմեն, երգիր, երգիր: Եվ Կարմենը բառաչում և ծլվլում է` կոտորում է իրեն: Վերջին ակորդի հետ ծավալվում է ծափահարությունների փոթորիկը: Կարմեն Մարիան խոնարհվում է, այդ տաք ալիքից օրորուն՝ շտկվում է: Լույսերը մարում են, խավարի ուղղաձիգ պատը, բանալով ընդարձակ, անմարդ դահլիճի երախը` ծիծաղից ուժասպառ իմպրեսարիոն պտտում է հրեշային թմբուկի բռնակը` ծափահարությունների համար նախատեսված հրեշավոր ապարատը: Կարմեն Մարիան ուզում է փախչել, բայց զգում է, թե ինչպես են իրեն կաշկանդում չծալվող հոդերը: Նա զննում է ինքն իրեն` ինչ սարսափելի պառավ է:
Հին հողաթափերի մասին
Ահա դրանք` հին հողաթափերը: Թաքցնենք, թե ով է դրանց տերը, չէ՞ որ վաղուց դրանք դեն նետելու ժամանակն է, դրանք` ոչ մեկինն են` մաշվել, կորցրել են տիրոջը, իսկ տիրոջ հետ նաև այն համեստ և ինքնին ենթադրվող նշանակությունը, որը ոգեշնչում էր նրանց, այն համեստ տեղը, որ նրանք գրավում էին մարդու սրտում, որ հարցնում էր` «Ո՞ւր են իմ սև հողաթափերը, և դրանով ուժ և իմաստ էր հաղորդում դրանց գոյությանը. դրանք նույնիսկ գույնն էին կորցրել, մնացել էր ինչ-որ ընդհանուր մի գույն, որով բավարարվում են մահացող իրերը:
Հիմա դրանք ընկած են մեռյալ բակերից մեկում, որոնք լինում են լքյալ տների մոտ: Ի՞նչ է նրանց հալը: Ո՞վ են նրանք: Հեքիաթային էակներ` հաստ ալ կաշվով, որոնք ոտքերից ու աչքերից զուրկ են, և միայն ունեն սև, դուրս ընկած դնչով բերան: Մրջյունները, ի դեպ, առանց դույզն-ինչ վախի, սողում են նրանց տամուկ երախների մեջ, մրջյունների համար դրանք երկու սովորական քարանձավ են, երկու անանուն տձև սար, երկու առարկա, որ անհամար մրջնային աչքերի համար ինչ-որ բան են, որ երբեք չի ըմբռնի մեր զառանցական գիտակցությունը: Եվ այդ էակներն այժմ չեն քայլում, այլևս երբեք շարժում ձեռք չեն բերի, փոխարենը` կշիռ ունեն: Նրանց քաշը վիթխարի և անպարագրելի է:
Այդպես է մտածում քեռի Պեդրոն, վարդագույն երեկոյան ելնելով զբոսանքի: Ձեռքերը մեջքի ետևը խաչած, կլորիկ-անուշիկ փորը դուրս գցած, քեռի Պեդրոն այդ պարզ երկոյան ջանում է ըմբռնել իրերի իմաստը, որոնք դեռ լեզու-բերան չեն եկել: Նա կանգ է առնում և դարձյալ քայլում, ցրված նայելով իր հին հողաթափերին: (Մտքի տարօրինակ թռիչքներից մեկը ստիպում է երևակայել, թե իբր ինքը կրկեսի շնիկներից մեկն է, որ կարողանում է թաթիկներով գլորել վիթխարի գնդակները, բայց գնդակը, որ գլորում է նա, անսահման մեծ է` այդպես համաչափ, այդպես ճարպկորեն և անձայն գլորվում է երկիրը նրա հին հողաթափերի տակ):
Մատների տարբեր ճակատագրերի մասին
Քեռի Պեդրոյի մատը կտրել էին` փտախտ էր: Անկեղծ ասած, մենք չգիտեինք, թե նրա մատի հետ ինչ է եղել, պարզապես այն սևացել էր և դիմակայում էր այն բանին, որ քեռի Պեդրոն շարժի այն:
Սովորաբար ասում են՝ «ոտքը շարժել», «ձեռքը շարժել», ասես խոսքը հին, խորշոմած, մաշված հողաթափերի մասին է, որոնք, դառնալով մեր մի մասը, կարող են դեն նետվել, թաքցվել, մոռացվել: Բայց ձեռքի մասին հարկ է ասել. «ձեռքս շարժվում է», իսկ ավելի ճիշտ` «շարժվում է», չխոսելով այն մասին, թե ինչն է շարժվում: Եվ ինչ զարմանահրաշ ահով ես բացահայտում, որ բանից պարզվում է, թե շատ ճիշտ բան կար «շարժել մատը» արտահայտության մեջ:
Եվ ահա մատը սեղանի վրա է: Սևացած, կողքի ընկած` ասես որդ, որն ապակու վրա չի կարողանում տեղից շարժվել, ծանրացած իր սեփական քաշից, քեռի Պեդրոյից բացարձակ անկախ: Դե, իրավիճակն էլ անսովոր է` միաժամանակ ծիծաղելի և դառը, ինչպես փորի մեջ, որում գինին խառնված է քացախին:
Կոշկակարի և քաղաքների մասին
Նրա խելագրությունը համեստագույն էր` հազիվ նշմարելի: Նա կրպակատեր էր, հնությունների փոքրիկ կրպակի տեր, և անունն էր Պեդրո Ալվարես: Իր գժության մեջ նա իրեն ոչ Նապոլեոն, ոչ էլ Ալեքսանդր Մակեդոնացի, ոչ էլ Կեսար չէր երևակայում: Պարզապես ազդարարեց, որ իր անունն է Յոհան Շլեյբեն, և կոտրտված իսպաներենով հավելեց, որ ինքը «կոշկակար է Ամստերդամից»: Կինը փորձեց նրանից այդ տափակությունները վանել, բայց նա շարունակում էր իր մթին բարբառով հարցնել, թե ինչպես են իրենք ընկել այս տարօրինակ քաղաքը, այնպես որ, երբ նա երրորդ անգամ կնոջը «Փոքրիկ Գրետա» կոչեց, նրան այդ ամենն այնքան ձանձրացրեց, որ նա նրան վստահեց բժշկական խնամակալությանը:
Այս խելագարությունը և, հնարավոր է, դրանում խառնված դեմքերն այդքան խղճուկ չէին լինի, եթե այդ ամենը ինչ-որ լավ բան ծներ, թեպետ և ոմանք ենթադրում են, որ ցանկացած պարզություն իր մեջ անթափանց խավար է պարունակում:
Մենք դա ասում ենք այն պատճառով, որ թերթերից և ոչ մեկը տեղեկություն չէր տպագրել ինչ-որ Յոհան Շլեյբենի մասին, կոշկակարի մասին Ամստերդամից, ով հիվանդացել էր չտեսնված խելագարությամբ` իրեն համարում էր հնավաճառ Պեդրո Ալվարեսը Մանիլայից, որ Ֆիլիպիններում է: Եվ քանի որ ոչ մի թերթ այդ գործի հետ կապված լուսանկարներ չէր տեղադրել, ոչ մեկն այդպես էլ չիմացավ, որ Յոհան Շլեյբենը, կոշկակարն Ամստերդամից, նույն Պեդրո Ալվարեսն էր, հնավաճառը Մանիլայից, ում խելագարությունը ճիշտ հակառակն էր: Բայց հայտնի դարձավ նաև այն, որ նրանց տիկինները, ի բացառյալ որոշ մանրուքների, ջրի երկու կաթիլի հանգույն նման էին իրար: Դրանից զատ, այդպես էլ չհաջողվեց նրանց չորսին ի մի բերել, ինչը, մյուս կողմից, ճակատագրական հետևանքներ կունենար այդ քնքշենի սենյորների համար:
Արդյո՞ք նրանց կյանքերը զուգահեռ են ընթանում: Թե՞ այդ բազմաբարդ զուգահեռականությունն ընդմիշտ ընդհատվել է: Ըստ Ալեքսանդր Մակեդոնացու կարծիքի, հանգույցները, երբ դրանք անհնար է քակել, հատում են: Հնարավոր է, Բնությունը, մինչև ողնուծուծը շվարած, համաձայնվե՞լ է Ալեքսանդրի դրույթի հետ:
Բազկաթոռի մասին
Արժե՞ արդյոք հիշեցնել նրան լավ ժամանակների մասին, եթե նա այդպես մգդակած է և համ էլ՝ առանց մի ոտքի: Ոչ մեկը հիմա չի կարող արժանանալ նրա համակրանքին, ոչ մեկը չի ըմբռնի մտածելու, նայելու, լսելու այդ տարօրինակ եղանակը, որը հանգում է լոկ այն բանին, որպեսզի քաշ լինի, մարմնի ողջ քաշով ունկնդրելու համար երկրի մանրագույն տատանումները: Մի ժամանակ այդ լքված բազկաթոռն ուներ, թող որ և մեկ, բայց բարի խոսք՝ մեզ հետ զրուցելու համար, ընդարձակ, գեղեցիկ, բավականաչափ` նրա ձևը, որով նա շփվում էր մեզ հետ:
Ահա նա ընկած է կողքի վրա, ջարդված կղմինդրի վրա` նրա աբսուրդ ֆորման, որ մոռացել են թե՛ մարդիկ, և թե՛ ինքը: Նրա ողբերգական և անապաստան ընթացքը, վերջին ներկա չէ նույնիսկ ինքը:
Օհ, և չէ՞ որ երբեք, այլևս երբեք այն հարություն չի առնի:
Քամու մասին
Սև գիշերային քամին տարուբերում է վշտալի բարդիների ճյուղերը: Ուժեղ թակում են դուռը: «Դա քամին է թափ տալիս ճաղավանդակը, մայրիկ»:
Նա զննում է սեղանը: Լուսամփոփի լույսի դեղին կոնն իր հստակ ծայրերով սկզբում հափռում է նրա թմբլիկ ձեռքերը, հետո՝ վարսերի ճերմակ հանգույցը: «Ո՞ւր է մատնոցս, որդյակ»: «Սատանան է պահել, մայրիկ»:
Կոշտացած ձեռքերով նա թերթում է ընտանեկան ալբոմը: «Մենք կորցրել ենք պապի նամակները, մայրիկ»: Դրսից երկարաձիգ ճիչ է լսվում, որ ընդհատվում է հեկեկոցով: «Դա կատուն է, ում կտուրի վրա մրսացրել է լուսինը»:
«Իսկ ի՞նչ ասաց այն անգամ պապը, մայրիկ»: Երկնագույն երակներով ձեռքը մի կողմ է դնում ասեղը, որի վրա շողում է ճառագայթը: «Կհավատա՞ս արդյոք, ես մոռացել եմ»: Հենց այդ պահին խուլ դիպչելով պատուհանին՝ քամին մահանում է:
Կարմիր գլխարկի մասին
Դոնյա Էնգրասիա, Աստված սիրեք: Ձեր տարիքում էլ մարդ կանաչ փետուրներով, քամուն խտուտ տվող, կարմիր նշաձև գլխա՞րկ առնի: Արդյո՞ք ձեր մտքով անցել է այդ տեսքով դուրս գալ: Դե խելքի եկեք:
Սակայն Դոնյա Էնգրասիան դրել է այն գլխին և նույնիսկ հայելուն չի նայում: Նստել է խեղճը անկյունի հյուսած բազկաթոռի վրա և ձեռքերը խաչել է իր օսլայած շրջազգեստի վրա: Մոդայի կտրուկ պտագոյացումը, տերևներից զատ, բերեց Դոնյա Էնգրասիայի ջահելության ֆասոններից մեկի կրկնօրինակը: Եվ Դոնյա Էնգրասիային անրջվում է, որ վարսերը, որ կրում էին այդ թևավոր հրաշքը, դեռևս շագանակագույն և մետաքսավետ են, թե նա շրջում է պուրակում, իսկ ուսանողները նայում են իրեն:
Բայց եթե մեկը նայում է նրան, ապա դա փոքրիկ սպասուհին է, որ անասելի բարձր ծիծաղով թավալ է գալիս:
Գորգի մասին
Ծայրի անդունդի եզրին կեցած է մի տուն: Եվ այնտեղ ապրում է իր չորս թոռներով ծեր գորգագործը: Մեծ ընկուզենիները կախվել են պատուհանների վրա:
Ահա արդեն մի քանի օր է, ինչ ծերուկը տքնում է միևնույն գորգի վրա: Հյութեղ, հոծ տոներով այդ վիթխարի գորգն անհիշելի ժամանակներից գրավում է հյուրասենյակի մեծ պատը: Մի անգամ թխպոտ ձմեռային լուսաբացին, պապի բացակայության ժամանակ, երբ անկարելի էր անտառ զբոսանքի գնալ, չորս տղեկները կտրեցին, ինչը նրանցից մեծ աշխատանք էր պահանջում, գորգի մի ծայրը, որպեսզի տեսնեն, թե արդյո՞ք դրա ետևում դուռ կա, թե՞ չէ:
Իսկ այնտեղ նրանք գտան Աննկարագրելին, և որպեսզի հասկանալի լինի, թե ինչպիսի մորթ ունի այն, համեմատենք այն, դե, ասենք, մուժոտ խավարի հետ` ոչ այնքան գիշերվա խավարի, որքան ցանկացած դատարկության սևության հետ:
Վերադառնալով, ծերունին շվարեց, տեսնելով, թե ինչ են նրանք արել: Վերցնելով գործիքը, նա նետվեց դեպի գորգը և սկսեց կտրվածքը նոր նախշերով լցնել: Երեխաները, որոշելով, որ դա խաղ է, ճչալով նետվեցին դեպի գորգը, որպեսզի դարձյալ կտրեն այն: Բայց հանկարծ այն, ինչ գորգի ետևում էր, սկսեց նրանց քաշել, այնպես որ, նրանք ոչ մի կերպ չէին կարողանում ազատվել: Սարսափած ցնցվելով, նրանք պոկում են թելը թելի ետևից, բայց Հենց Այն, կախարդանքի նման քաշում է նրանց:
Իսկ ծերուկը ոչնչով չի կարողանում նրանց օգնել` հո նրանց հետ չի. կորչելու: Նրա միակ հույսն անցքը նախշերով կարկատելն է: Նրա թևերը սավառնում են, հորինելով դրանք, բայց նա ուժասպառվում է, նախշերը հիշեցնում են դրանց ստվերը:
Եթե նա այլևս չկարողանա հյուսել դրանք, անցքը երկրի չափ կդառնա:
Սափորի մասին
«Օ Աստված իմ,- ասում է սենյորա Անիսիան, իր կոկիկ ձեռքերով հավաքելով իր մոխրագույն մազերը: -Կրիստոբալի մոտ նորից ջղաձգումներ են»: Այդպես էլ կա` Կրիստոբալի վիթխարի, անճոռնի մարմինը, որ բազկաթոռի մեջ այնպես է լարվել, որ հաստ կապույտ քուղերի տակից երակները դուրս են պրծել, մարմինը, գիշերվա հանդիման, բացված պատուհանի դիմաց քարացել է: Սենյորա Անիսիան հուշիկ մոտենում է նրան: «Ախ, Կրիստոբալ, որդյակսգ»,- քնքուշ շշնջում է նա: Իսկ նա, ամբողջովին ինքն իր մեջ խորասուզված, հանկարծ թուլանում է: Քրտինքի ծանր կաթիլները ծորում են նրա դժգույն դեմքի վրայով: «Ահ,- լսվում է նրա թույլ, անհեթեթ ձայնը: -Չէ՞ որ այն ինձ մոտ էր»: Հեծկլտոցը խեղդելով՝ նա նորից շրջվում է պատուհանի կողմը:
«Ի՞նչը, ե՞րբ, տղաս»,- հարցնում է սենյորա Անիսիան: «Բռնակը,- շշնջում է Կրիստոբալը, հենված լուսամուտագոգին,- իմ սափորի բռնակը»: Նա հասակով մեկ կանգնում է, նայելով պատուհանից անդին ծավալվող խավարին, և իր բարալիկ ձայնով վանկարկում է. «Սա երազ է: Երազ: Եթե ես կարողանայի հիշել իմ սափորը, նրա քաշը, գույնը, նրա կավի սառնությունը, եթե ես կարողանայի հիշել այն ամբողջությամբ, ապա նրան այլևս ոչինչ չէր մնա, ոչինչ չէր մնագ»: Եվ Կրիստոբալը, խուլ փնթփնթալով, փլվում է բազկաթոռի վրա: «Գնամ հորդ ետևից»,- վախեցած շշնջում է սենյորա Անիսիան, լքելով Կրիստոբալին, որ քարանում է չարագուշակ ոսկեգույն լուսնի ներքո:
«Կրիստոբալ»,- խիստ կանչում է նրան դռների արանքում հայտնված հայրը: Քանի որ Կրիստոբալը չի պատասխանում, նա մոր ուղեկցությամբ մտնում է ներս:
Կրիստոբալն անշարժ է: Նրա դեմքի վրա պաղել է անվրդով ժպիտը: Իսկ ձեռքերի մեջ կավե սափոր է: Լուսնի լույսը խաղում է նրա սև-կարմիր եզրանախշի վրա, շողշողում է սափորի ներսի էմալի վրա:
«Ոնց որ թե սա այն սափորն է, որ նա կորցրել էր փոքր ժամանակ,- շշնջում է սենյորա Անիսիան: -Որտե՞ղ ես դու այն գտել, Կրիստոբալ»:
Բայց լռած Կրիստոբալն այլևս երբեք չի պատասխանի:
Աշտարակի մասին
Հեռաստանում քարքարոտ հողի վրա փռված որսորդը երազ է տեսնում: Նա երազում տեսնում է մի վիթխարի առյուծի: Հուզված որսորդը երազում համոզվում է, որ կենդանին համարյա անմարմին է: Բայց, ճիգ գործելով, որը ջղաձգում է նրա ողջ մարմինը, նա սկսում է նկատել բիբերը, մաշկի գույնը, սրածայր մագիլներով թաթերը: Մահացու ծանրություն զգալով, նա հանկարծ զարթնում է: Առյուծը մագիլները խրում է մարդու կոկորդը և սկսում է նրան խժռել:
Իր զոհի ոսկորների վրա փռված՝ առյուծը երազ է տեսնում: Նա տեսնում է մոտեցող որսորդին: Ցասումը նրան ստիպում է սպասել, թաքնվել, մարդուն ամբողջությամբ զննել, իսկ այնուհետև նետվել նրա վրա և հոշոտել: Ի վերջո, լարված թաթերը թուլացնելով՝ նա զարթնում է` ուշ է: Որսորդը տեգը խրում է նրա կոկորդը և պտտում է այն:
Որսորդը թարմացնում է իր զոհին, ոսկորները դեն է նետում, մորթի վրա փռվում, քնում և երազում մի վիթխարի առյուծ է տեսնումգ
Ոսկորները լցնում են ողջ հեռաստանը, գիշերվա մեջ դառնում են մեծ աշտարակ, որը երբեք չի դադարի աճել:
Հայելու մասին
Նրա հետ կատարված փոփոխությունը լիակատար էր: Նա ձախլիկ էր արթնացել, թեպետ միշտ օգտվել էր աջ ձեռքից: Եվ ահա այլ մի բան, սովորաբար այնքան խոնարհ և անհմուտ, հիմա նա ձախ հակումներ էր ձեռք բերել: Ընկերները, տեսնելով, թե նա ինչպես է գավաթը բռնում, ծայրահեղ զարմացած վրա էին բերում` «Ձախլիկ է, էլի»:
Նա հանրապետական էր, իսկ զարթնել էր միապետական: Նրան դուր էին գալիս երեխաները, իսկ այդ երեկո նա փուչիկավաճառից գնեց նրա բոլոր փուչիկները և վառվող սիգարի ծայրով (մինչ այդ նա երբեք չէր ծխել) դրանք բոլորը պայթեցրեց, մեկը մյուսի ետևից, վախեցած երեխաների աչքի առաջ:
Ինչպես ճշմարիտ կաբալյերո, նա շատ սիրալիր էր, իսկ այժմ նրա շուրթերի վրա հայտնվել էր ռամիկի լկտի և կոպիտ քմծիծաղը: Ինչո՞վ է դա բացատրվում: Սարսափելի հանցագործությամբ:
Այդ երեկո, շտկելով նրբին փողկապը, նա արդեն քանիերորդ անգամ մտածեց՝ արդյո՞ք այս մեծ հայելին դուռ չէ, կեսկատակ նա ոտքը առաջ մղեց` և ոչ մի խոչընդոտ չզգաց: Նա կողքանց խցկվեց հայելու մեջ, նեղ անցքից ներս սողոսկող մարդու բնազդական շարժում անելով: Նրա արտացոլանքի չափազանց սիրալիրությունը պիտի որ նախազգուշացում լիներ, բայց ով կսկսի մտածել սեփական արտացոլանքի մասին, որը նման է ծառայի, որի հավատարմությունը կասկածի ենթակա չէ: Նա դրա վրա բնավ ուշադրություն չդարձրեց:
Նա ձմեռային երեկոյան կոստյում էր կրում, իսկ հայելու միջանցքում անասելի հեղձուկ էր: «Հասնեմ մինչև անկյունը»,- մտածեց նա, մինչև անկյունը, որի ետևում, հայելու մեջ, ինչպես նա միշտ համարել էր, սպասում են ամենաանսպասելի և հետաքրքրական հանդիպումները: Այստեղ ավարտվում էր համընկնումը տարածությունների երկու կացարաններում` հայելայինի և իր սենյակի: Անկյունի ետևում սկսվում է ամենազարմանալին:
Նա հասավ անկյունադարձին և շրջվեց, ինչպես և մտադրվել էր: Այդտեղ էլ հենց պատահեց ամենասարսափելին` նրա արտացոլանքը, որը հայելու միջից սողոսկեց սենյակ և շրջանակի ետևից նայում էր տիրոջը, բարձրացրեց աթոռը և այն նետեց ապակու վրա: Մինչև որ հայելին, փշուր-փշուր լինելով, շաղ կգար, կարող էր թվալ՝ նրա խորքում գտնվող զոհը վշտալի ձեռքերն իրար զարնեց:
Մարդասպանը շտկեց փողկապը և ժպտալով հեռացավ:
Ալքիմիկոսի մասին
Նա, ով համանման բաներից գլուխ է հանում, որոշակիորեն գիտի, որ Ակվիսգրան քաղաքում, միջնադարի ավարտին ապրում էր ծագումով հրեա մի ալքիմիկոս, ով գտել էր երիտասարդության գաղտնիքը:
Կազդուրված թուրմով, որը նրան թույլ էր տալիս կենալ ուժերի լիակատար ծաղկման մեջ հարյուր հիսուն տարի ավելի, քան մնացյալ մարդիկ, նա իր կենաց օրերը նվիրաբերել էր անմահության գաղտնիքի որոնմանը: Ասում են, որ նա գտել էր՝ ինչ որ փնտրում էր, բայց այդ պահից ի վեր, փակված իր մութ խցում, որ սարդոստայնով էր պատված: Այժմ նա, քրտինքի մեջ կորած, փնտրում է ամենամահաբեր թույնը, որը կօգնի նրան, դժբախտին, մահանալ:
Հռոմի օդը
Ես ապրում եմ բաղնիքների դիմաց
Սենեկայի նամակից
Լավագույն եղերերգերից մեկում, որ երբևէ գրվել է իսպաներենով, պոեմում, որ դոն Խորխե Մանրիկեն նվիրել է հոր մահվանը, խոսվում է այլ, «առավել երկար» կյանքի մասին` մարդկային փառքի կյանքի մասին, որը, ինչպես նկատում է բանաստեղծը, «նույնպես հավերժական ու ճշմարիտ չէ»: Ինչը վկայում է մի կյանքից ավելին ճանաչելու մարդկային ցանկության ունայնության մասին, կյանքի մասին, որ պիտի կենաց սահմաններից դուրս ձգվի մինչև այն պահը, որ վրա գա երկրորդ մահը:
Փառքի կյանքը` այլ բան չէ, քան հիշողության կյանքը` թեթև, քամու տատանումների նման: Ժամանակի կարճ հատվածները, երբ, լուցկու կրակի բռնկման պես, որը ինչ-որ մեկը մի պահ վառում է, ավելի շատ չես ապրում, քան ջերմանում է կրակը: Ինչ-որ մեկը հիշատակում է նույն դոն Խորխե Մանրիկեին, և, քանի որ նրա անունը տվել են, նա ստիպողաբար հայտնվում է, բայց միայն մշուշի մեջ, միգապատ, կողպեքի անցքի ալ պեծկլտոցով, վառված լուցկու լույսով: Բայց այստեղ` ճերմակափառ թեժ անթարթն է, կրակը մարում է, և դոն Խորխե Մանրիկեն ուղևորվում է այնտեղ, ուրկից հայտնվել էր:
Եվ եթե նույնիսկ գտնվեր նրա նման մեկը, ով օժտված լիներ բռնկեցնելու բառերն այնքան, որ դրանք, մեկը մյուսին այրելով, վազեին կրակի լեզուների պես, պատի վրա նետելով շարժվող ստվերները, մի՞թե մահացու տաղտուկ չէ` բառերի մեջ ապրել այն, ինչ ապրել ես իսկապես` լինել երազում հեծյալ ամպե նժույգի վրա: Խորխե Մանրիկեի ոչ մի վարք չէի փոխի Խորխե Մանրիկեն իր կյանքի հետ:
Շատ ավելի լավ է, երբ եղերերգի բառերը, բոլորը միասին, որպես շողշողուն համաստեղություն, բռնկվում են էջի երկնակամարի վրա` պահը, երբ բանաստեղծի աչքերը` աչքերը նրա, ով գիտե հիանալ` բազմակի, հավերժական նորածնունդի պահը: Գուցե թե, հենց այդ պատճառով, որ դա նրանց հայտնի էր, այն ժամանակների որմնադիրները, դոն Խորխե Մանրիկեի ժամանակների, գերադասում էին իրենց անունները բաց թողնել քարերի վրա, որպեսզի ոչինչ չմթագնի հենց կյանքի փայլն աչքերում, որ լայն բացված են լուսավոր ձևերի հանդիման: Բայց դա փառքի կյանքը չէ, այլ պոեզիայի կյանքն է, որում պետք է լուծվի քո ողջ էությունը, մինչև որ, հղացման մարմնավորումից հետո, ծնվի փառքի կյանքը, որը, ինչպես մենք գիտենք, հավերժական չէ, ճշմարիտ չէ:
Դե, ուրեմն, ինչպե՞ս է հնարավոր, որ կոպտավուն, գլուխը կորցրած մարդը, ով անտարբեր է բոլոր այդ նրբությունների հանդեպ, կարող է կենալ փառքի մեջ այնպիսին, ինչպիսին մնացել էր կյանքում: Նա Հռոմի բնակիչ էր Ներոն կայսեր օրոք, փիլիսոփա Սենեկայի հարևանը: Գուցե թե լեգեոներ էր, իսկ գուցե թե` հացթուխարանի տեր, ուր քաղցր փքաբլիթներ էին թխում կրկեսի վաճառականների համար: Սակայն, եթե մենք դա չգիտենք, ապա ինչո՞ւ է նա դեռևս ողջ, մինչև ուղնուծուծը շվարած ու գլուխը կորցրած, կքած փառքի մշուշում:
Դե, հենց այն պատճառով, որ մի անգամ նրա կյանքը հատվել է այն պահի հետ, երբ նա, մտնելով բաղնիք, սկսել էր մարզվել արճիճե վիթխարի կլորակներով: Այդպես նա փողոցից անցավ Սենեկայի տուն, ով դիմացն էր ապրում, այդպես նա անցավ մոմե հուշասյան վրա, հետո՝ մագաղաթի վրա, իսկ հետո՝ տպագրական թղթի վրա` նրա խոր հոգոցները մինչև այժմ խնդրում են ուշադրությամբ վերաբերվել նրա կատարած մարզանքին: Միայն մեծ արհավիրքը, որը կմարեր գիտակցության վերջին արտացոլքը, միայն երկրորդ, մեր բոլորի վերջնական մահը կկարողանար խլացնել նրա թոքերի անկրկնելի փնչոցը, որ շնչում էին Հռոմի օդը, այնժամ, երբ Սենեկայի ստվերը, որ հարություն առավ նրա անվան հիշատակմամբ, զուր ջանում է փակել ականջներն իր թափանցիկ ափերով:
Դիմակի մասին
Օխ. օխ, օխ: Ի՜նչ արած, պետք է սպասել: Քեռի Պեդրոն և քեռակին Ագաթան նստած են անկյունում, և նրանց աղջիկ Կոնսուելիտոն ինչ-որ տեղ պարում է, մազերի մեջ խրված վառվռուն ժապավենը քորում է քեռի Պեդրոյի քիթը, նեղելով նրան: Երեկոյան նրա ատամը մահացավ:
Պաղած ժպիտներով դիմակներն անցնում են կողքանց՝ ողջունելով նրան իրենց արհեստական ձայներով:
«Ո՞րն է Կոնսուելիտոն,- մտորում է քեռի Պեդրոն: -Ով մադամի պես զուգվե՞լ է: Գիշերվա տասներկուսին դիմակահանդես է, բոլորը դիմակները դեն են նետում: Պարգևներ են մատուցվում: Քեռի Պեդրոն կարող է հանգիստ գնալ, որպեսզի ողբա իր կորուստը, որ զգում է բերանում` իր անդառնալի կորուստը:
Եվ ահա… Ինչպե՞ս պատահեց: Գունավոր ժապավենը քնքշորեն փաթաթվեց նրա ճաղատին: Եվ շրջապատող մարդիկ, ասես տրորելով սեփական դեմքերը, սկսում են զվարթ հուզմունքից թավալ գալով ճչալ: Բոլոր տարուբերվող ձեռքերից առանձնանում է մեկը, որ խիստ և նպատակաուղղված մատնացույց է անում Քեռի Պեդրոյին: Անվստահ ձայնը երկարաձգելով արտաբերում է. «Հիմա մենք կտեսնենք հաղթողի դեմքը»: Նուրբ ունելիները սկսում են համառորեն ձգել Քեռի Պեդրոյի քթամաշկը: Սառը քրտինքով պատված քեռի Պեդրոն գիտի` ամեն ինչ զուր է, ոչ մեկը և երբեք չի կարողանա նրանից հանել սարսափելի դիմակը:
Ռուսերենից թարգմանեց ՎԱՐԴԱՆ ՖԵՐԵՇԵԹՅԱՆԸ