Իրանցիները Հայաստանում ոչխա՞ր են բուծելու
Հունվարի 14-ին Սյունիքից պատվիրակություն էր մեկնել Իրանի Ատրպատական նահանգ, որտեղ ստորագրվել է հուշագիր` գյուղատնտեսության ոլորտում համագործակցության մասին: Պատվիրակության ղեկավարը եղել է Սյունիքի ՀՀԿ-ական մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Հիշեցնենք, որ այդ հուշագրով, ըստ մարզպետարանի Բնապահպանության և գյուղատնտեսության վարչության պետ Սամվել Թանկյանի, Հայաստանը վարձակալության հիմունքներով արոտավայրեր է տրամադրելու իրանական կողմին, որն այն ծառայեցնելու է ոչխարաբուծության համար:
Գյուղնախարարության Անասնապահության և տոհմային վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը 168.am-ի հետ զրույցում` անդրադառնալով այդ հուշագրին` ասաց, որ ինքը ծանոթ չէ դրան, բայց ենթադրում է, որ իրանական կողմը ոչխարի գլխաքանակ չի տեղափոխի Հայաստան: Ըստ նրա` անասունները մի երկրից մեկ այլ երկիր տեղափոխելու դեպքում հսկողություն է սահմանվելու, որն իրականացնելու է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:
«Կենդանիները պետք է համապատասխանեն հատուկ անասնաբուժական սերտիֆիկատի պահանջներին, որոնք սահմանվում են միջազգային տեղափոխությունների ժամանակ, բայց չեմ կարծում, թե Սյունիքի մարզ կտեղափոխվեն պարսկական կենդանիներ, հավանաբար, մեզ մոտ բուծվող կենդանիներն արոտային պահվածքի պայմաններում կաճեցվեն և կենդանիները կարտահանվեն Իրանի Իսլամական Հանրապետություն»,- նշեց Ա. Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է բնապահպանների այն մտավախությանը, թե ոչխարների Հայաստան տեղափոխումը կարող է հանգեցնել վարակի ներթափանցմանը, ինչպես նաև հողերի անապատացման վտանգ ստեղծել. Ա. Հովհաննիսյանն ասաց, որ Իրանում հակահամաճարակային խիստ հսկողություն է սահմանվում, և հիվանդությունների ներթափանցումը Հայաստան, ըստ էության, բացառվում է:
«Ինչ վերաբերում է բնապահպանական վիճակին, ապա, այո, ոչխարի խիտ ծանրաբեռնվածությունն արոտներում առաջացնում է բնապահպանական խնդիրներ, քանի որ ոչխարների կճղակները բավականին նեղ մակերես են զբաղեցնում, սուր են և արածելուց թափանցում են հողի ներքևի շերտերը` վնասելով արժեքային բուսատեսակների արմատային համակարգը, բացի այդ, ոչխարի շարժական ծնոտները և ատամները, ինչպես նաև ատամների թեք դրված դիրքը նպաստում են, որպեսզի խոտը պոկեն գետնի մակերեսից, ինչը մեծացնում է հավանականությունը՝ կտրված խոտն արմատից դուրս գալու համար:
Այդ առումով, այո՛, խնդիր կա, և դա դարձյալ պետք է վերահսկվի և սահմանվի չափավոր գլխաքանակ, ասենք, յուրաքանչյուր հեկտարի հաշվով 5-6 ոչխարից ոչ ավելի, ինչը չի առաջացնի բնապահպանական խնդիր»,- նշեց Ա. Հովհաննիսյանը: Նրա փոխանցմամբ` ներկայումս օգտագործվում է Հայաստանի արոտավայրերի հնարավորությունների 40%-ը, և եթե տարիներ առաջ ՀՀ-ում կար 2,5մլն ոչխար, երբ արոտվայրերը ծանրաբեռնված էին, ապա հիմա ՀՀ-ում ոչխարի գլխաքանակը 600.000 է: Այդ տեսանկյունից, ըստ Ա. Հովհաննիսյանի, արոտավայրերի ծանրաբեռնվածություն չի կարող լինել, քանի որ իրանական կողմն այդքան մեծ թվով գլխաքանակ չի կարող ապահովել: Համաձայն վիճակագրական տվյալների` 2008թ. մեր հանրապետությունից արտահանվել է 12.000 գլուխ ոչխար, 2009թ.-ին` 147.000, 2010թ.` 187.000, և 2011թ.` 56-57. 000:
Թե ինչո՞վ էր պայմանավորված 2011թ. ոչխարի գլխաքանակի արտահանման ցածր ցուցանիշը, Գյուղնախարարության աշխատակիցը պատասխանեց. «Քանի որ հիմնական արտահանողն Իրանի Իսլամական Հանրապետության գործարարներն էին, որտեղ տեղական ազգային արժույթը` թումանը, արժեզրկվել էր դոլարի նկատմամբ, իսկ գործարարները պետք է իրենց ազգային արժույթը վերածեին դոլարի, գային այստեղ գնեին կենդանիները, ապա տանեին Իրան և հանձնեին իրենց ազգային արժույթով, այդ ժամանակ իրենք վնասներ էին կրում: Դա է պատճառը, որ արտահանման ծավալը կրճատվեց, իսկ այն 56-57.000 գլխաքանակը, որ արտահանվել էր, Իրանը հանդիսանում էր՝ որպես տարանցիկ երկիր: Այդ գլխաքանակը արտահանվել էր արաբական երկիր»:
Հարցին, թե տվյալներ ունե՞ն` Հայաստանում ո՞ր ընկերությունն է իրականացնում ոչխարների արտահանումը, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց. «Այդպիսի տվյալներ չկան, բայց ցանկացած ոք, հիմնականում, կարծեմ, Իրանի Իսլամական Հանրապետությունից եկած գործարարներն են կազմակերպում արտահանման գործընթացը: Նրանք մասնագետներ են բերում և կազմակերպում են գլխաքանակի տեղափոխումը»:
Հիշեցնենք, որ Հայաստանից ոչխարների արտահանման բիզնեսը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի` պատկանում է ՀՀ գործող նախագահի եղբայր, ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանին: