ՀՀԿ-ի թեկնածուն չպետք է մասնակցի ընտրություններին. Ղուկասյանը սպառնում է հացադուլ անել

Եթե ընտրակաշառք բաժանող կուսակցությունները շարունակեն պայքարը նախագահական ընտրությունների համար, ապա Հայաստանում ազատ և արդար ընտրություններ չեն անցկացվի: Նման տեսակետ է հայտնել նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանը:

Խոսելով փետրվարյան նախագահական ընտրություններից՝ ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում վերջինս նշել է. «Եթե ՀՀԿ-ն, իսկ ես որպես ելակետ ընդունում եմ մեր հանրության մեջ ձևավորված այն կարծիքը, որ դա ընտրակաշառք բաժանող կուսակցություն է, իր թեկնածուով մասնակցի ընտրություններին, դա չի լինի ազատ և արդար ընտրություններ: Ես կարևոր եմ համարում այսօր ձևակերպել պահանջ, որպեսզի այդ կուսակցությունը իր թեկնածուով ընտրություններին չմասնակցի: Եթե այդ պահանջը չկատարվի, իմ կարծիքով ընտրությունների լեգիտիմության մասին խոսել անիմաստ է»:

Հարցին, թե քաղաքական ուժերից իրեն սատարելու վերաբերյալ առաջարկ քաղաքագետը ստացե՞լ է, Անդրեաս Ղուկասյանը տվել է հետևյալ պատասխանը. «Ես չեմ ստացել որևէ քաղաքական ուժից աջակցելու որևէ առաջարկ և չեմ դիմել նման աջակցության համար: Ես գտնում եմ, որ այսօր մեր հանրությունը ունի նաև մեծ անվստահություն ցանկացած քաղաքական գործչի հանդեպ, և այն քաղաքացիական խմբերը, որոնք որ ձևավորվել են և ցուցաբերել են արդեն իրենց ակտիվությունը տարբեր ոլորտներում, դրանք են մեր երկրի ապագայի համար դրական ուժերը»:

Նախընտրական քարոզարշավի մեկնարկից անմիջապես հետո քաղաքագետը սկսելու է ակտիվ հանդիպումների շրջան, ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական բնակավայրերում: Սակայն գտնում է, որ մինչ այդ դեռ փոփոխություններ կարձանագրվեն: «Ես գտնում եմ, որ մինչև այդ ժամկետը արդեն պարզ կլինի, թե ԿԸՀ-ն պատրա՞ստ է որևէ բան անել, որպեսզի ընտրությունները լինեն ազատ և արդար, այսինքն՝ այդ ընտրություններին չմասնակցեն ընտրակաշառք բաժանող կուսակցություններ, և արդեն իսկ պարզ կլինի դիրքորոշումը` իմաստ ունի՞ միջազգային դիտորդների առաքելությունը Հայաստանում, թե՞ ոչ:

Եթե այդ պահին ես հիմք ունենամ համարելու, որ այդ դիտորդությունը, ըստ իս՝ իմաստ չունի, ես հանդես եմ գալու պահանջով, որ այն կասեցնի իր աշխատանքը, և ամրապնդելու եմ այդ պահանջը հացադուլով»,- ասել է Անդրեաս Ղուկասյանը:

Վերջինս ընտրակաշառք բաժանող կուսակցություն համարում է ՀՀԿ-ին, իսկ առաջադրված թեկնածուներից իրեն հիմնական մրցակից` քրեաօլիգարխիկ համակարգը:

Տեսանյութեր

Լրահոս