
Թուրքիան վերածվել է բանվորների գերեզմանոցի. Քեմալ Քըլըչդարօղլու

Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի հիմնական ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կուսակցական ժողովի ժամանակ քննադատել է վարչապետ Էրդողանի գլխավորած կառավարության քաղաքականությունը.
«Երեկ երեկոյան Զոնգուլդակից ցավալի լուր ստացանք: Այնտեղի ածխահանքում զոհվել է 8 հանքափոր: Թուրքիայում հաճախակիացել են արդյունաբերական վթարները, որոնց զոհերի ցուցանիշով աշխարհում զբաղեցնում ենք երրորդ տեղը: Այդ մարդիկ քրտինք են թափում գետնի տակ, չեն զբաղվում գողությամբ և կոռուպցիայով:
Սրանից մեկ տարի առաջ այստեղ նույնպես վթար էր գրանցվել, ինչի հետևանքով զոհվել էր մոտ 30 հանքափոր: Թուրքիան վերածվել է բանվորների գերեզմանոցի: Այստեղ արդյունաբերական վթարներից ավելի շատ մարդ է զոհվում, քան՝ ահաբեկչությունից»: