Սևերին պետք է խփել, որքան էլ նրանք կարմիր դիմակի տակ թաքնվեն. մամուլ
«Բարի օր սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ նորից «Ուստահրանտ FM»-ն է: Զոմբիները վերադառնում են… և հաղթում: Միշտ դժվար է նոր տարվա առաջին հոդվածը գրել:
Միշտ ուզում ես, որ դա լինի լավագույնը, հղկվածը, հստակը, տոն տվողը, բայց իրականում այն միշտ ստացվում է ավելի նախավարժանք, քան հոդված. մատներդ պետք է սովորեն նորից խփել ստեղնաշարին և ենթարկվել մտքի ընթացքին, իսկ միտքն էլ իր հերթին պետք է սովորի նորից բառային ձևակերպում ստանալ ուղեղի ծալքերում ծավալվող նեյրոնային համագործակցությունից: Այնպես որ, այսօր մենք ընդամենը նախավարժանք կկատարենք` ավելի լուրջ խոսակցությունները թողնելով մոտակա ապագային»,- «Հայկական Ժամանակ» օրաթերթում գրում է հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանն ու շարունակում.
«Շատերը տարակուսում են այն հանգամանքից, որ առաջին անգամ մեր նորանկախ պատմության մեջ նախագահական ընտրությունները լինելու են առանց մրցակցության: Դեռ առիթներ կունենանք այդ թեմայով էլ խոսելու, բայց միանգամից ասեմ, որ անսովորից նորից պետք չէ միանգամից վախենալ ու տարակուսել: Դրա հետևանքները կարող են լինել նույնքան անսպասելի և անկանխատեսելի, որքան է ինքն իրավիճակը: Ես կարծում եմ, որ դրությունը երկիմաստ է: Եթե մի կողմից դրությունը կարող է ձեռնտու թվալ իշխանական թեկնածուին, ապա մյուս կողմից այն պարունակում է նաև մարտահրավերներ:
Կարծում եմ նաև, որ հասարակության ընդդիմադիր հատվածի համար էլ որոշակի դադարը ակտիվության քառամյա շրջանից հետո կարող է ինչ որ տեղ դրական դեր կատարել: Մի պահ կանգ առնելը, անցածին ավելի ուշադիր հայացքով նայելը և հետո նոր ուժերով շարունակելը չէր խանգարի: Չեմ թաքցնի, որ անձամբ ես մեծ հաճույքով կվերցնեմ այդ դադարը` փորձելով մի քիչ ավելի կողքից հետևել հասարակական և քաղաքական գործընթացներին: Միայն մեկ ճշտում ունեմ: Դադար վերցնելս չի նշանակում, որ չեմ շարունակելու խստությամբ քննադատել և կրակել այն ուղղություններով, ուր նկատում եմ կամ նկատելու եմ հասարակական անբարոյականության հատկապես մեծ կուտակումներ: Ավելին` հենց այստեղ եմ տեսնում մոտակա շրջանի հրապարակախոսության թիվ մեկ խնդիրը` կազմաքանդել խոսքի դաշտում կեղծիքների նոր տիպի և նոր որակի կույտերը, որոնք գոյացել են վերջին շրջանում, և այստեղ ինձ չի կանգնեցնի ոչ մի «մարդկային» զգացում, և նույնիսկ չհասկացվածություն, որը սկզբանական շրջանում գուցե առաջանա նույնիսկ ինձ սիրող ու հարգողների մի մասի շրջանում: Համոզված եմ, որ ուշ թե շուտ կհասկանանք իրար: Բայց կազմաքանդումն անհրաժեշտ նախապայման է նորից իրար հասկանալու համար:
Այսօր մեր հասարակության, պայմանական ասած, հեղափոխական հատվածը պառակտված է, բաժանված է առանձին խմբերի, որոնք ինչ որ տեղ ավլի շատ իրար հետ են հարցեր լուծում, քան բռնապետական իշխանության: Այս վիճակն ուշ թե շուտ պետք է հաղթահարվի և հաղթահարվելու է` հանուն նոր ներհասարակական փոխհամաձայնության, ընդդեմ երկրում տիրող քաղաքական իրավիճակի:
Հենց այդ կառուցողական նպատակով էլ պետք է նախապես մաքրել դաշտը, որը գրավել է արտաքուստ հեղափոխական, բայց ներքուստ կոմֆորմիստական, անբովանդական և զուտ քարոզչական ջուր ծեծոցիներով և յուղ վառոցիներով: Այնպես որ, նախօրոք ասում եմ` նեղանալ չկա: Վստահ եմ, որ «մաֆիա» խաղի լեզվով ասած, կարմիրներով իրար վերջում, միևնույնն է, կհասկանանք, իսկ սևերին պետք է խփել, որքան էլ նրանք կարմիր դիմակի տակ թաքնվեն և կարմիրների իսկ մի մասին ժամանակավոր համոզեն: Դրա համար էլ ասում եմ` տարին ուրախ է անցնելու, որովհետև ելնում ենք որսի, և այն առատ է լինելու»: