Մահապարտների ահաբեկչությունները հակասում են իսլամի նորմերին
Ամերիկյան Christian Science Monitor թերթում հրապարակվել է Սքոթ Փիթերսոնի «Մուսուլմանական աստվածաբաններ. մահապարտների ահաբեկչությունները հակասում են իսլամի նորմերին» խորագրով հոդվածը, որում ասվում է.
«Աֆղանստանում մահապարտ-ահաբեկիչներն ընդհանրապես չափն անցել են և խաղաղ բնակիչներին սպանում են նաև հարսանեկան արարողությունների ժամանակ և մզկիթներում: Թալիբները չեն խնայում ո՛չ տարեցներին, ո՛չ էլ երեխաներին: Անցած ամառ և աշնանը հաճախակիացան ահաբեկչությունները և յուրաքանչյուր շաբաթ սկսեցին զոհվել տասնյակ մարդիկ: Մասնավորապես, հոկտեմբերի վերջին մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվեց 40 հավատացյալ մուսուլման:
Այդ ամենը հանգեցրեց նրան, որ ահաբեկիչների հանդեպ հասարակական հակակրանքը հասավ այնպիսի մակարդակի, որը հնարավոր է դարձնում դատապարտման աննախադեպ ակտը: Հունվարի վերջին համայն աշխարհի մուսուլման հոգևորականները պատմության մեջ առաջին անգամ հավաքվելու են Քաբուլում՝ դատապարտելու համար մահապարտ-ահաբեկիչների գործողությունները որպես իսլամական նորմերին հակասող: Դա կլինի նմանատիպ առաջին կոնֆերանսը, որի կազմակերպիչները հուսով են, որ միջոցառման արդյունքները չեն մատնվի անուշադրության, այդ թվում նաև Աֆղանստանից դուրս:
Քաբուլը ներկայացնող աստվածաբան, մուֆթի Շամսուր Ռահման Ֆիրոտանը հայտարարել է, որ Աֆղանստանի ու Պակիստանի գիտնականները քանիցս հանդես են եկել համապատասխան հայտարարություններով, որոնք, սակայն, արժանի արդյունք չեն տվել: Նա հավելել է, որ այդ կոնֆերանսը կունենա իր ազդեցությունը և մարդկանց, այդ թվում նաև Իրաքի ու Պակիստանի խմբավորումներին հասկացնել կտա, որ արգելված է ինքնասպան- մահապարտ դառնալը:
ՄԱԿ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները կրոնական գործիչներին կոչ են անում իրենց ձայնը բարձրացնել ընդդեմ ահաբեկչությունների, որոնք կատարվում են հանուն իսլամի: Աֆղանցի աստվածաբանները վաղուց դատապարտում են ինքնասպանությամբ ահաբեկչությունները, սակայն ծայրահեղ պահպանողական թալիբները չեն արձագանքում դրանց: Ամռանը տեղի ունեցած պաշտոնական հավաքում հայտարարվել է, որ մահապարտ-ահաբեկչությունների գործունեությունը չունի օրինական հիմքեր իսլամում: Այն ժամանակ այդ խոսքերին ուշադրություն չդարձրին: Ավելի ուշ այդ խոսքերն իր ազդեցությամբ ամրագրեց Սաուդյան Արաբիայի մեծ մուֆթին:
Իսլամի բնօրրանի գլխավոր կրոնական հեղինակությունը, ով բավական հարգանք է վայելում թալիբների կողմից, անթաքույց դատապարտել է մահապարտ-ահաբեկչությունները: Այնուամենայնիվ, անգամ այն բանից հետո, երբ հոկտեմբերի վերջին Աբդուլ-Ազիզ բին Աբդուլլահ Ալալ-Շեյխն արեց այդ հնչեղ հայտարարությունը, «Թալիբանի» մահապարտ-ահաբեկիչները շարունակեցին գործել, ընդ որում՝ երբեմն նրանք անմիջապես մի քանի հոգով մասնակցեցին մեկ ահաբեկչությանը: Մինչդեռ աֆղան աստվածաբանները վստահեցնում են, որ այդ տենդենցը պետք է անկում ապրի:
Հենվելով Մուհամմեդ մարգարեի վրա՝ Աբդուլ-Ազիզն ընդգծեց, որ անմեղներին սպանելն արգելվել է 14 դար շարունակ, և պայթյունները կրոնով արդարացնելը նշանակում է «չարաշահել» իսլամը. «Մահապարտների կողմից իրականացվող ահաբեկչությունները և անմեղներին սպանելը տեղ չունեն իսլամում: Յուրաքանչյուր ոք, ով այդպես է վարվում, զրկվում է դրախտից և ուղարկվում է դժոխք: Իսլամում կա ջիհաթ (սրբազան պատերազմ), սակայն դա անմեղների նսպանելը չէ և ոչ էլ մահապարտների պայթյունները, որոնք որևէ օգուտ չեն բերում մարդկանց:
Թալիբները վստահեցնում են, որ իրենք դեռ չեն ստացել Աբդուլ Ազիզի պաշտոնական ֆեթվան և միայն լսել են այդմասին: Ֆիրոտանն ընդգծում է, որ Ղուրանը հստակ ասում է, որ ինքնապաշտպանությունն ընդունելի է, եթե այլ ելք չկա, սակայն ներկայումս ակնհայտորեն այդ վիճակը չէ: «Եթե ինչ-որ մեկը ցանկանում է մարտնչել ամերիկյան զորքերի դեմ, ապա դրա համար կան այլ մեթոդներ: Սակայն մզկիթներ, բանկեր, շուկաներ և խանութներ գնալը ելք չէ: Ես 100 տոկոս վստահ եմ, որ որոշ թալիբներ նույնպես դեմ են այդօրինակ գործողություններին»:
Վերջին շրջանում թալիբների կողմից խաղաղ բնակիչների սպանությունների ուժգնացմանն ամռան սկզբին արձագանքեց նաև ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ ՅանԿուբիշը, ով ափսոսանքով ընդգծեց, որ այժմ յուրաքանչյուր առավոտ սկսվում է խաղաղ բնակիչների մահվան մասին խիստ ցավալի նորություններով, ինչն անընդունելի է: Նա աստվածաբաններին կոչ արեց ակտիվորեն արտահայտվել, քանի որ բազմաթիվ աֆղանների մոտ խառնաշփոթ է առաջացել նրանից, որ մի մասն ասում է, թե այդօրինակ գործողություններն արվում են հանուն իսլամի, իսկ մյուս մասը, վկայակոչելով Ղուրանը, հայտարարում է, թե դա հակասում է իսլամի նորմերին:
Անգամ «Թալիբանի» գլխավորների ազդեցությունը սահմանափակ է: Այդ մասին է վկայում շարժման թաքնվող առաջնորդ մոլլա Օմարը, ով 1998 թվականին դատապարտեց հակահետևակային ականների օգտագործումը՝ դա որակելով որպես «հակամարդկային և իսլամի նորմերին հակասող»: Չնայած դրան՝ Աֆղանստանի աջակցության գծով ՄԱԿ-ի առաքելությունն ընդգծում է, որ Աֆղանստանում խաղաղ բնակիչների զոհվելու գլխավոր պատճառը թալիբների կողմից տեղադրած ինքնաշեն պայթուցիկներն են: 2012 թվականի առաջին 9 ամիսներին դրանց պատճառով զոհվել է 340 մարդ, ինչը գրեթե 30 տոկոսվ ավելի մեծ է, քան նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածում:
ՄԱԿ-ի առաքելության քաբուլյան ներկայացուցչության տնօրեն Մասսումե Տորֆեն հայտարարել է, որ Աֆղանստանում գործնականում յուրաքանչյուր ընտանիք տուժել է մահապարտ-ահաբեկիչներից կամ ինքնաշեն պայթուցիկ սարքերից: Նշվում է, որ Աֆղանստանը կրոնական երկիր է և աֆղանների բացարձակ մեծամասնությունը լսում է իր աստվածաբաններին: Թալիբները կարծում են, որ իրենց վրա հարձակվում են, նրանց դեմ պատերազմ է մղվում: Նրանց փորձում են համոզել, որ պատերազմը օգուտ չի բերում կողմերից մեկին, և որ բոլոր վեճերը պետք է կարգավորել բանակցությունների, ոչ թե մարտի միջոցով»: