Google-ի, IBM-ի և այլ տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչները 2013թ. կգան Հայաստան
Google-ի, IBM-ի և այլ աշխարհահռչակ տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ 2013թ. կգան Հայաստան՝ ուսումնասիրելու Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները:
Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Նրա խոսքով՝ 2012թ. Հայաստանը կարողացավ նոր էջ բացել ՏՏ ոլորտում և այս հարցում իր առանցքային նշանակությունն ունեցավ տարեվերջյան ArmTech համաժողովը, որն այս անգամ անցկացվեց ԱՄՆ-ում՝ Սիլիկոնային հովտում: Այնտեղ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՏՏ որոշ ընկերությունների ներկայացուցիչներ հանդիպեցին տեխնոլոգիական հսկաների՝ Google, IBM և Intel ընկերությունների ղեկավարության հետ: Մասնավորապես, ըստ Բ. Ենգիբարյանի, կարևոր է հատկապես Intel ընկերության հետ Հայաստանում գիտահետազոտական կենտրոն հիմնելու մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:
«Նոր տարում մենք պետք է քրտնաջան աշխատենք, որպեսզի այդ կենտրոնն արագ բացվի Հայաստանում: Ինչ վերաբերում է IBM-ին, ապա նրանց հետ ձեռք է բերվել ռեալ համաձայնություն, ինչը մեզ համար նոր ճանապարհներ կբացի ոչ միայն դեպի տեղեկատվական տեխնոլոգիաներ, այլև հետազոտական կենտրոններ:
Այս ամենի շնորհիվ մենք կկարողանանք մեր մարդկային գիտական ներուժը հասցնել միջազգային ասպարեզ, իսկ դա նմանօրինակ կազմակերպությունների համար նաև բացահայտում էր»,- ասաց Բ. Ենգիբարյանը: Ինչ վերաբերում է Google ընկերությանը, ապա, ըստ Բ. Ենգիբարյանի՝ այդ ընկերության հետ բանակցությունները փոքր-ինչ ավելի երկար կտևեն, որովհետև Google-ն ավելի բարդ կազմակերպություն է: Բ. Ենգիբարյանի տեղեկացմամբ, ներկայումս Google-ի տարածաշրջանային փոխնախագահի այցելությունն է կազմակերպվում դեպի Հայաստան, որպեսզի հասկանան և տեղում պարզեն, թե ինչո՞վ մեր երկիրը կարող է հետաքրքրել այդ ընկերությանը: «Համենայնդեպս, մեր վարչապետը կարողացավ պատվով բացել այդ դուռը դեպի Google»,-ասաց մեր զրուցակիցը:
Այսպիսով, արդեն ըստ Սիլիկոնային հովտում ձեռք բերված պայմանավորվածության, հունվարի վերջին IBM-ի առաջին այցելությունը կլինի դեպի Հայաստան, իսկ Google-ի ներկայացուցիչը ՀՀ-ում կլինի ավելի ուշ: