«Ամբողջ գումարը գնում է ուղղակի մի քանի մասնավոր գրպաններ»
«Կարելի է ասել՝ բնապահպանության ոլորտը մի ամբողջ խնդիր է»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զառաֆյանը՝ ամփոփելով անցնող տարին: Ըստ նրա՝ բնապահպանության ոլորտում խնդիրները բազմաթիվ են. ոլորտում միակ դրական տեղաշարժը վերջինս համարում է բնապահպան-ակտիվիստների շարժման ձևավորումը: Դրական այլ տեղաշարժ Ինգա Զառաֆյանը չի տեսնում:
«Եթե մենք գնալով կորցնում ենք մեր բնակելի միջավայրը, այդ միջավայրը տալիս ենք աղտոտելու համար, դա մի ամբողջ խնդիր է: Ամենակարևորն այն է, որ մենք անդառնալի կորուստ ենք ունենում, երբ մեր հողը տալիս են հանքարդյունաբերությանը: Ոչ մի զարգացում չկա այս ամիսներին. ամբողջ գումարը գնում է ուղղակի մի քանի մասնավոր գրպաններ: Դա միանշանակ է, և դա ցույց են տալիս ներքին համախառն արդյունքի մեր ցուցանիշները: Եթե շրջակա միջավայրի աղտոտման համար ոչ ոք պետբյուջե ոչ մի բան չի մուծում, դա նշանակում է, որ պետությունը գնում է շատ վատ ճանապարհով: Ոչ ոք ոչ մի բան հաշվի չի առնում, ոչ ոք հաշվի չի առնում, որ դա անդառնալի կորուստ է»,- ասում է Ինգա Զառաֆյանը:
Ըստ նրա՝ այսօր ամբողջ Եվրոպայում խուսափում են ցիանային արտադրությունից, իսկ Հայաստանում ցիանային տեխնոլոգիաները նոր կյանք են ստանում: Ցիանային տեխնոլոգիաների միջոցով կորզում են ոսկի և արծաթ. «Բոլոր պետություններն ի նկատի են ունենում վթարների ռիսկերը: Մեզ մոտ, փոխարենը գնան այդ ճանապարհով, ամենաէժան ձևով են դա անում: Մեզ մոտ կիրառվում է ամենավնասակար մեթոդը»:
Բնապահպանական խնդիրների շարքում Ինգա Զառաֆյանը նշեց նաև այն, որ Հայաստանը կորցնում է էկոհամակարգեր, ջրեր: «Ոչ մի երկիր չունի ստորգետնյա ջրերի պաշար, որը ունի խմելու ջրի որակը: Մենք ունենք Սևանա լիճ, որը խմելու ջրի մի հոյակապ պաշար է: Մենք ունենք քաղցրահամ և խմելու ջրի 35 մլրդ մ3 պաշար, բայց ամեն օր աղտոտում ենք, չգիտեմ`ինչեր ենք լցնում, աղտոտում ենք հանքարդյունաբերությունով և ասում ենք՝ շատ լավ ենք պահպանում, ամեն ինչ լավ է, ամեն ինչ նորմալ է: Իմ կարծիքով`մի ահավոր գործընթաց է գնում, և ոչ ոք չի կարող դեմն առնել, որովհետև ճնշումը շատ մեծ է: Մենք այդքան ասում ենք` Բնապահպանության նախարարություն, իհարկե, Բնապահպանության նախարարությունը շատ վատ է աշխատում, բայց հասկանում ենք, որ մի նախարարությունը, եթե նույնիսկ հոյակապ լինի, շատ դժվար է պատկերացնել, որովհետև քաղաքական կամք պետք է լինի: Մենք ազգովի պետք է վեր կանգնենք ու պաշտպանենք երկիրը»: