Բաժիններ՝

«Հիմա ես ժպտում եմ, բայց պատերազմի ծանրությունը երբեք չի անցնում»

Ասում է Արցախյան հերոսամարտի մասնակից Վիտալի Ռադչենկոն 

Արդեն 20 տարի Հայաստանում բնակվող Ուկրաինացի Վիտալի Ռադչենկոն  Արցախյան հերոսամարտի մասնակից է: 1993թ. ընկերոջ՝ Զաքարի հետ միասին եկավ Ղարաբաղ՝ պաշտպանելու ընկերոջ երկիրը:  Պատերազմն ավարտվեց, բայց  Վիտալին այդպես էլ չվերադարձավ հայրենիք, մնաց ու հաստատվեց Հայաստանում: «Այստեղ լավ է: Շատ բան կա, որ ինձ դուր չի գալիս: Իմ ապրելն էլ ինձ դուր չի գալիս, բայց չեմ դժգոհում»,- ժպիտը դեմքին ասում է Վիտալին: Հայաստանում չի ամուսնացել:

168.am-ի հետ զրույցի ընթացքում ասաց. «Դեռ չեմ ամուսնացել: Սիրում եմ հայ աղջիկների հասկանալու, ըմբռնելու կարողությունը: Լավ է, որ հիմնականում նյութականի հետևից չեն վազում: Արդեն 41 տարեկան եմ: Ամուսնանալու համար մի քիչ էլ ուշացել եմ՝ գիտեմ: Բայց ես էլ, բոլոր կարիերա անել ցանկացողների նման, մտածում եմ՝ մի բան ստեղծեմ, հետո նոր ընտանիք կազմեմ: Չեմ կարող մի հրեշտակի բերել մի տեղ, որտեղ անգամ ես ինքս եմ ամաչում ապրել, բայց եթե ամուսնանամ՝ հայի հետ եմ ամուսնանալու»:

Զաքարին որտեղի՞ց էիր ճանաչում:

Կարդացեք նաև

– Մենք Ուկրաինայում միասին էինք աշխատում: Մոտավորապես 6 ամիս  միասին էինք ուտում, ապրում: Շատ կարճ ժամանակում միմյանց հարազատ դարձանք: Մենք այն ժամանակ ոչ մի ազգային, մշակութային խնդիրներ չունեինք, իրար հասկանում էինք պարզ ու հեշտ: Մեզ մոտ խաղաղ ժամանակ էր: Ամեն ինչ լավ էր, ոչ մի բանի կարիք առանձնապես չկար: Զաքարը որոշել էր գալ Հայաստան: Ղարաբաղում պատերազմ էր սկսվել, ուզում էր գար ու կռվեր իր հողի համար: Նա պատմեց ինձ ամեն բան Հայաստանի և Ղարաբաղի մասին: Ես շատ հարգեցի իր որոշումը ու թույլ չտվեցի, որ միայնակ գա Հայաստան: Ամեն մարդ չի կարող նման որոշում կայացնել: Մարդիկ հիմնականում հրաժարվում են պատերազմներից:

Ուկրաինայում ընտանիք ունեի՞ր:

– Ես փոքր էի՝ 21 տարեկան: Իմ սեփական ընտանիքը դեռ չէի կազմել: Բայց ունեմ երկու քույր, եղբայր, մայր, հայր, ով արդեն մահացել է:

Բայց դա քո կռիվը չէր: Ինչո՞ւ եկար:

– Ես ցանկանում էի ընկերոջս հետ լինել: Ինչ լինում էր՝ թող երկուսիս լիներ: Բացի այդ, անկեղծ ասած, ուզում էի ինձ փորձել, ուզում էի հասկանալ՝ ի՞նչ կարող եմ դիմացինի, ընկերոջ համար անել, ինչի՞ց եմ վախենում: Անցավ Նոր տարին ու եկանք Հայաստան: Երբ  եկանք Ղարաբաղ, մեզ առաջարկեցին սովորել, առաջարկում էին չպատերազմել, ասում էին, թե փոքր ենք: Մենք հրաժարվեցինք: Մենք չէինք գնացել այնտեղ սովորելու, գնացել էինք կռվելու, երկիր ազատելու: Մեր ամեն զինվորի դեմ 5-6 հակառակորդ կար: Մենք նախ՝ գիտակցեցինք դա, հետո նոր միայն վերապատրաստվեցինք ու սկսեցինք կռվել:

Առաջին անգամ էիր Հայաստանում, այն էլ՝ ցուրտ ու մութ տարիներին: Ի՞նչ զգացողություններ ունեիր, երբ առաջին անգամ մտար Երևան:

– Պատկերացրեք՝ Ուկրաինայից մարդը գալիս է Երևան ու՝ տպավորությունները վառ էին: Ես քաղաք մտնելուն պես Զաքարին հարցրեցի, թե ոստիկաններն ո՞ւր են նայում՝ տրոլեյբուսի դռները բաց են, մարդիկ՝  աստիճանների վրա կանգնած, դռներից կախված, փողոցում մարդիկ ծառերն են կտրում, որը քաղաքին է պատկանում, ու դա նորմալ էր ընկալվում: Ոչ ոք դրան ուշադրություն չէր դարձնում: Շենքերը սևացած էին, ամեն տան պատուհանից  խողովակով ծուխ  էր դուրս գալիս:

Վիտալի2

Վիտալի

Զաքարն ինձ ասաց, որ այդ քաղաքում մարդկանց երկու ժամ են օրվա մեջ լույս տալիս, տրանսպորտի խնդիրը շատ է: Ես մտածեցի, որ 13-րդ դարն է Հայաստանում: Կիևը շատ սիրուն մայրաքաղաք է, ու ես այնտեղից եկա Հայաստան՝ Երևան: Գիտեք, զարմանալին այն էր, թե մարդիկ ինձ ինչպես ընդունեցին Ղարաբաղում: Մարդկանց բարությունը, այդ սրտի բացությունը ես զգացել եմ:  Ինձ համար դրանք անփոխարինելի զգացումներ էին: Երևի մարդիկ ինձ հավանել էին: Ամեն ինչով հետաքրքրվում էին՝ ո՞վ եմ, ի՞նչ եմ արել, քանի՞ քույր-եղբայր ունեմ: Մինչ օրս էլ հարաբերությունները չեն փոխվել: Ես ժամանակին սպորտով էի զբաղվում, կարողանում էի ինչ-որ հնարքներ սովորեցնել մարդկանց:

Պատերազմի դաշտում կորցրեցիր ընկերոջդ…

– Մարտակերտի շրջանում էինք կռվում: Պատերազմը դեռ չէր ավարտվել, ընթացքում ընկերս զոհվեց, իսկ ես վիրավորվեցի: Նրան թաղեցինք Ստեփանակերտի եղբայրական գերեզմանում: Երբ նա զոհվեց, ինձ ասացին, որ ես արդեն իմ բաժինն արել եմ և կարող եմ հանգիստ տուն գնալ: Բայց ես չգնացի՝ մնացի ու հանուն իրեն կռվեցի:

–  Պատերազմն ավարտվեց, բայց դու Ուկրաինա չվերադարձար: Ինչո՞ւ:

– Կռվից հետո պայմանագիր ստորագրեցի և մնացի Ղարաբաղում, անգամ սպայական կազմի մեջ եմ մտել, բայց հետո խնդրեցի,  որպեսզի ինձ ավելի թեթև տեղ ուղարկեն: Հասկանո՞ւմ եք, անընդհատ առաջին գծում լինելը, զինվորների հետ այդ ամենը նորից վերապրելը ծանր էր: Մոտ 4 տարի մնացի Ղարաբաղի մարտական շրջաններում: Երբ մարդը տևական ժամանակ նույն վիճակում է լինում, սկսում է կտրվել մարդկանցից, նյարդային համակարգը խախտվում է: Ուզում էի ավելի հեշտ ու քիչ լարված տեղում աշխատել: Դիմում գրեցի ու դուրս եկա: Ուզում էի մենակ մնալ, մարդիկ ինձ հոգնեցնում էին, մենակության ու հանգստության էի ձգտում:

Հե՞շտ  կարողացար մարդկանց հետ շփվել, պատերազմից հետո ինտեգրվել կյանքին:

– Ես միշտ շփվել եմ մարդկանց հետ: Ես միշտ նորություններ եմ փնտրել, ինձ այդ ամենը հետաքրքրել է: Ես այսօր հայերի հետ շփվում եմ իրենց մայրական լեզվով: Ճիշտ է, ես ձեր դպրոցը չեմ ավարտել, բայց կարողանում եմ շփվել: Ես խորացել ու ուսումնասիրել եմ ձեր երգերը, լեզուն, մշակույթը, պարերը: Ես ոչ միայն լսում եմ, այլև հասկանում եմ ձեր երգերը, գիտեմ՝ ինչի մասին են: Կարդացել եմ ձեր պատմական գրքերը նաև 1915թ. մասին: Ես հետաքրքրվել եմ հայ ազգով: Ես ուսումնասիրել եմ նախապատերազմյան Հայաստանի պատմությունը, գիտեմ, թե հայերն ինչի՞ միջով են անցել: Հիմա ես ժպտում եմ, բայց այն ժամանակ ամեն ինչ շատ ծանր էր: Այդ ծանրությունը չի անցնում երբեք: Մարդ կա՝ գիտի, թե ամեն բան հեշտ է եղել, բայց դա այդպես չէ:

–  Հիմա որտե՞ղ ես ապրում:

–  2001թ. սկսեմ եմ ապրել Էջմիածնում: Պատերազմի ավարտից հետո պետությունից ոչինչ չեմ պահանջել՝ ո՛չ թոշակ, ո՛չ օգնություն: Որտեղ հարմար է եղել՝ աշխատել եմ: Հետո ինձ ասացին, որ ես կարող եմ դիմել օգնության համար: Ես տեղեկանքներ հավաքեցի, ներկայացրեցի Պաշտպանության նախարարություն և 2006 թվականից թոշակ եմ ստանում: Ես մշտական տուն չեմ ունեցել: Ապրել եմ՝ որտեղ պատահել է: Իրոք մեծ շրջապատ ունեմ, ովքեր միշտ իմ կողքին կանգնած են եղել: Մարդիկ ինձ 6 ամսով պահել են, ինչ կերել են՝ ինձ հետ են կերել: Հետո ես եմ ամաչել, ու, երբ որոշել եմ դուրս գալ ու վարձով ապրել՝ ընկերս նեղացել է ինձանից:

Միշտ փորձել եմ իմ ուժերով ինչ-որ բանի հասնել: Ես ապրել եմ արհեստանոցում, ապրել եմ դաչայի պադվալում, գոմում, և միշտ ինձ այնպես եմ պահել, կարծես ոչնչի կարիք  չունեմ: Չեմ ցանկանում, որ ինձ խղճան, միշտ ցանկացել եմ, որ ինձ հարգեն՝ որպես մարդ: Հիմա ես ապրում եմ 10 քմ  տարածքի վրա: Էլի շնորհակալություն եմ հայտնում դրա համար, որ ինձ այդ տարածքը տվեցին: Ապրում եմ առանց մարդկային պայմանների, բայց ապրում եմ: Միշտ շնորհակալ եմ: Գիտեմ, որ կյանքում այնպիսի մարդիկ կան, ովքեր դա էլ չունեն: Ես «Երկրապահին» եմ շնորհակալություն հայտնում իմ «տան» համար, հատկապես Կարեն Գրիգորյանին, իսկ հիմա փորձում եմ Հայաստանի  քաղաքացիություն ձեռք բերել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս