Բաժիններ՝

Դադարեցրեք այս 10 սովորույթներն ու եղեք ավելի ուրախ

Երբեմն բիզնեսի մեջ բավարարվածության և ուրախության ճանապարհին կարևորն այն չէ, թե ի՞նչ ես անում, այլ կարևոր է, թե ինչ չես անում: Օրինակ, մտածիր,  թե ի՞նչ տեղի կունենա, եթե ներքոշարադրյալ 10 սովորույթները դադարեցնես:

1. ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ՄԻ՛ ՄԵՂԱԴՐԵՔ

Մարդիկ սխալներ են գործում: Աշխատակիցները չեն արդարացնում Ձեր սպասելիքները, իսկ առաքիչները ժամանակին տեղ չեն հասցնում հաճախորդի պատվերը: Նման դեպքերում ձեր պրոբլեմների համար դուք մեղադրում եք նրանց: Բայց թերևս դուք ինքներդ ձեզ էլ մեղադրելու տեղ ունեք. միգուցե բավականաչափ չե՞ք պատրաստել նրանց կամ չափից շա՞տ բան եք պահանջել նրանցից և չափից շո՞ւտ եք նրանց առջև այդ պահանջները դրել:

Դժվարությունների և անհաջողությունների ժամանակ հատկապես պետք է դուք պատասխանատվությունը վերցնեք ձեզ վրա, և դա կհամախմբի աշխատակիցներին, և ոչ թե անհաջողությունների մեջ մեղադրեք թիմի անդամներին:

Կարդացեք նաև

2. ՄԻ՛ ՓՈՐՁԵՔ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՂՆԵԼ

Որևէ մեկը ձեզ չի սիրում և գնահատում զուտ ձեր հագուստի, ավտոմեքենայի, պաշտոնի, ունեցվածքի կամ նմանատիպ այլ «նվաճումների» համար: Դրանք բոլորն անցողիկ և ժամանակավոր երևույթներ են: Մարդիկ կարող են սիրել ձեր ունեցվածքը, ձեր փողերը, բայց դա չի նշանակում, թե  նրանք սիրում են ձեզ: Մի փորձեք նման բաներով տպավորություն թողնել մարդկանց վրա և ուշադրություն հրավիրել ձեր նկատմամբ:

Միայն իրական ու իսկական արժեքների հիման վրա ստեղծված հարաբերությունները ձեզ ուրախություն կբերեն: Իսկ իսկական  և անկեղծ հարաբերությունները ձևավորվում են միայն այն ժամանակ, երբ դուք դադարում եք մարդկանց տպավորել նման անցողիկ երևույթներով  և սկսում եք ներկայանալ այնպիսին, ինչպիսին իրականում եք: Առանց ավելորդ «տպավորությունների»:

3. ՄԻ՛ ԿԱՌՉԵՔ

Երբ որևէ բանից վախենում եք կամ անապահով եք զգում,  սկսում եք պինդ բռնվել ձեր իմացած, ձեզ ծանոթ բաներից, թեև դուք գիտեք, որ այն, ինչ գիտեք՝ այնքան էլ լավ չէ ձեզ համար: Վախի կամ ապահովության բացակայությունը նույնպես երջանկություն չէ: Մի՛ կառչեք ձեր իմացածից, երբ գիտեք, որ այն այնքան էլ լավ լուծում չէ  ձեր համար: Մի խուսափեք նոր մոտեցումներից: Եթե նույնիսկ դուք չհաջողեք, ապա միայն այն պատճառով, որ նոր բան, նոր մոտեցում փորձեցիք՝ դուք ձեզ լավ կզգաք:

smily face

 

 

 

 

 

4. ՄԻ՛ ԸՆԴՀԱՏԵՔ  ԴԻՄԱՑԻՆԻՆ

Դիմացինի խոսքն ընդհատելը միայն անքաղաքավարություն չէ: Երբ դիմացինին ընդհատում ես՝ դրանով նրան ասում ես, որ ոչ թե լսում ես` հասկանալու համար, այլ` որպեսզի որոշես, թե ինչ ես ասելու: Ուզո՞ւմ եք, որ մարդիկ սիրեն ձեզ: Լսեք, թե ինչ են նրանք ասում: Կենտրոնացեք նրանց ասածի վրա: Հարցեր տվեք: Դրանք կօգնեն, որպեսզի ավելի լավ հասկանաք դիմացինին, նրա միտքը: Նրանք կսիրեն ձեզ, իսկ ձեզ դուր կգա սիրված լինելու զգացումը:

5. ՄԻ՛ ՆՎՆՎԱՑԵՔ

Նվնվալը միշտ բարդացնում է իրավիճակը, քանի որ ձեր խոսքերն իշխանություն ունեն ձեզ վրա: Երբ գործերը վատ են ընթանում, ապա նվնվալու և բողոքելու փոխարեն` ջանքեր գործադրեք, որպեսզի իրավիճակը շտկեք: Մի կենտրոնացեք այն բանի վրա, թե ի՞նչն է սխալ, այլ մտածեք՝  ինչպե՞ս շտկել իրավիճակը: Ձեր ընկերներին էլ նույն խորհուրդը տվեք: Ընկերները միմյանց բողոքներն ու նվվոցները լսելու համար չեն միայն, այլև միմյանց  օգնելու համար են:

6. ՄԻ՛ ԻՇԽԻՐ

Հասկացանք, որ դու ես ղեկավարը: Բայց դու կարող ես վերահսկել ու իշխել միայն ինքդ քեզ: Իշխող վերահսկումը երկար չի կարող գոյություն ունենալ: Այն հաճախ պահանջում է ուժի գործադրում, վախ, անհարկի հեղինակություն կամ որոշակի ճնշում: Սրանցից և ոչ մեկը քեզ չի թողնի, որ լավ զգաս: Այնպիսի մարդկանց գտիր, ովքեր ուզում են քեզ հետ ընկերություն անել և աշխատել:  Նման մարդիկ ավելի շատ կաշխատեն, ավելի շատ հաճույք կստանան գործից և ավելի լավ հարաբերություններ կստեղծեն գործնական և անհատական հողի վրա:

7. ՉԱՓԻՑ ՇԱՏ ՄԻ՛ ՔՆՆԱԴԱՏԻՐ

Թերևս, այո,  դու ավելի կրթված ես ու ավելի փորձառություն ունես, բայց դա քեզ չի դարձնում ավելի իմաստուն, ավելի լավը ու ավելի խելացի: Դու` որպես գործի կառավարիչ, անկրկնելի չես, պարզապես  այդ ամենը քեզ միայն դարձնում են այն, ինչը որ դու ես՝ ԴՈՒ:

Ամեն մարդ տարբեր է՝ ոչ թե լավը կամ վատն է, այլ պարզապես տարբեր է: ԳՆԱՀԱՏԻՐ այդ տարբերությունները, այլ ոչ թե միայն  թերությունները: Այդ դեպքում դու ինքդ քեզ, ընկերներիդ ու գործդ կտեսնես ավելի լուսավոր բարձունքում:

8. ՉԱՓԻՑ ՇԱՏ ՄԻ ՛ՔԱՐՈԶԻՐ

Զգո՛ւյշ եղեք: Չափից շատ քարոզելն էլ քննադատության պես մի բան է: Քննադատությունից մինչև դատելը  ընդամենը մեկ քայլ է: Երբ շատ ես բարձրանում՝ սկսում ես մարդկանց վերևից նայել, ու քեզ թվում է, թե դու բոլորի և ամեն ինչի մասին գիտես ամեն ինչ: Եվ սկսում ես մարդկանց գլխին քարոզներ կարդալ, ընդ որում՝ ոչ մտքի խորությամբ: Այդ ժամանակ, ճիշտ է, մարդիկ կսկսեն քեզ լսել, բայց ականջ չեն դնի:

9. ՄԻ՛ «ԼՌՎԻ» ԱՆՑՅԱԼԻ ՎՐԱ, ԵՐԲ ԴԱՍԸ ՍՈՎՈՐԵԼ ԵՍ

Անցյալը շատ արժեքավոր է: Սովորիր անցյալի սխալներից, սովորիր ուրիշի սխալներից ու անցիր առաջ: Բայց սա կախված է նպատակի վրա քո կենտրոնանալու կարողության աստիճանից: Անցյալն ընդամենը դասեր քաղելու համար է: Այն չի բնութագրում քո ներկան, եթե դու ճիշտ դաս ես քաղում անցյալից ու անցնում ես առաջ՝ կերտելու քո ապագան: Պարզապես տես, թե ի՞նչն էր սխալ, և, թե դու ի՞նչ կարող ես անել, որ հաջորդ անգամ միևնույն սխալը չկրկնվի:

10. ՄԻ՛ ՎԱԽԵՑԻՐ

Բոլորս ինչ-որ բանից միշտ վախենում ենք: Արդյունքում` խուսափում ենք  վճռական որոշումներ կայացնել: Շաբաթներն ու տարիներն անցնում են, իսկ մեր երազները` մնում անկատար:

Մի թող, որ այդ վախը քեզ հետ պահի քո բարի նպատակներից: Մի թող, որ քո երազանքներն անկատար մնան: Բոլոր բարի նպատակներդ հենց այսօրվանից սկսիր իրականացնել: Վախդ մի կողմ դիր ու սկսիր հենց այսօրվանից: Հակառակ դեպքում այսօրը կգնա, ու վաղը կգա, իսկ այսօրը կգնա հավիտյան: Հիշի՛ր, բիզնես սկսելու համար քաջություն է պահանջվում: Այսօրը, որ դու ունես՝ քո ամենաթանկ ակտիվներից մեկն է:

Սկսիր այսօր քո հողի վրա: Կառուցիր քո տունը, կերտիր քո պատմությունը և կզգաս ի վերուստ տրված օրհնությունը:

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

Hareyan Publishing Corporation-ի հիմնադիր, տնօրեն

www.huliq.com, www.emaxhealth.com, www.TorqueNews.com

Հ.Գ. Այս հոդվածը մասամբ հարմարեցվել է ամերիկյան թղթակից Ջեֆֆ Հադենի գաղափարներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս