Հայաստանում ստեղծված համակարգչային խաղերը հին են և ոչ մրցունակ
Հայաստանում շատ քիչ թվով համակարգչային խաղեր են արտադրվում: Այն էլ՝ հիմնականում չեն համապատասխանում այսօրվա տեխնոլոգիական պահանջներին: Մեր երկրում արտադրված խաղերը ոչ մի կերպ չի կարելի համեմատել համաշխարհային նույնիսկ ամենավատ համակարգչային խաղի հետ՝ թե երաժշտության առումով, թե ծրագրավորման, թե գրաֆիկայի, և այլն: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Կիբեռսպորտի ազգային պրոֆեսիոնալ լիգայի հիմնադիր Էդգար Սահակյանը:
Նրա խոսքով՝ այդ ամենը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանում խաղերը ստեղծվում են տարբեր տեսակի մասնագիտությունների տեր մարդկանց և խմբերի, և ոչ թե՝ խաղ ստեղծողների (game developer) կողմից:
«Oրինակ, խաղեր ստեղծողների խումբը կարող է բաղկացած լինել ծրագրավորողից, նկարչից, երաժշտից և թիմի ղեկավարից: Սակայն պետք է հաշվի առնել, որ, օրինակ, նույն նկարիչը թեև նկարիչ է, բայց խաղի դիզայներ չէ»,- ասաց Է. Սահակյանը: Նա նշեց, որ արտասահմանում բոլոր ծրագրավորողները ծրագրավորման կուրսի ավարտին, եթե ցանկանում են ընդհանրապես դառնալ խաղի ստեղծող (game developer), ապա ավարտում են նաև game development ակադեմիան:
Այս ամենից բացի, ըստ Է. Սահակյանի՝ հայ developer-ների մեջ ևս մեկ կարևոր հատկանիշ է պակասում: «Դա այն է, որ իրենք «գեյմերներ» չեն: Մինդեռ game developer-ը եթե ոչ շատ լավ, ապա գոնե սովորական խաղացող պետք է լինի, այլապես նա չի կարող պարզապես լավ խաղ ստեղծել: Բոլոր հաջողված խաղերի մեջ այդ հատկանիշն առկա է: Խաղ ստեղծողը պետք է իր ստեղծած խաղի ֆանատը լինի, խաղա այն և ուրախանա իր ստեղծածով»,- ասաց Է. Սահակյանը:
Բացի այդ, ըստ մեր զրուցակցի՝ արտերկրում նախագծում ու ստեղծում են այնպիսի խաղեր, որոնք նախատեսված են վաղվա օրվա համար, խաղեր, որոնք 2-3 տարի անց շուկա մուտք գործելիք մեքենաների հզորությունների համար են ստեղծված: Այսինքն՝ այնպիսի խաղեր, որոնք հարկավոր են լինելու արդեն վաղվա շուկայում: «Ավելին, խաղերից շատերը պարզապես չեն հրապարակվում, քանի որ հրապարակվելուց հետո դրանք ֆիզիկապես ուղղակի չեն վաճառվի, քանի որ դրանցով խաղալու համար մեքենայի նկատմամբ պահանջները շատ բարձր են, և ավելի ուժեղ սարքավորումներ են պահանջվում, քան այսօր կան աշխարհում»,- ասաց Է. Սահակյանը: Իսկ Հայաստանում ստեղծվում են այսօրվա պահանջներին համապատասխան խաղեր, որոնք «վաղն» արդեն հին են և շուկայում մրցունակ չեն:
Ըստ Է. Սահակյանի՝ խնդիրը նաև մտածելակերպի, ինչպեսև՝ վերաբերմունքի մեջ է: «Մեզ մոտ ստեղծում են խաղեր՝ հույսով, որ այն կկարողանան վաճառել սփյուռքահայերին: Այսինքն՝ այստեղ կարևոր չէ՝ լա՞վն է այդ ապրանքը, թե՞ վատը, կամ արդյոք այն բավարարո՞ւմ է միջազգային որոշակի ստանդարտներին: Մտածում են՝ կարևորն այն է, որ այն հայկական խաղ է: Այսինքն՝ դրա սպառման հույսն էմոցիոնալ հիմքի վրա է դրված, ոչ թե որակի»,- ասաց Է. Սահակյանը՝ ավելացնելով, որ այս ամենը հաշվի առնելով՝ առաջիկա տարիներին ինքն այս ոլորտում որևէ ապագա չի տեսնում: