Ես բոյկոտում եմ բոյկոտը. մամուլ
«Ոչ ոք չի կարող ինձ համոզել, որ բոյկոտը կարող է ինչ-որ նշանակություն ունենալ որևէ երկրի, ժողովրդի կյանքում, քաղաքացիական հասարակության և ընտրական համակարգերի կայացման առումով: Իբր ի՞նչ` Սերժ Սարգսյանը պետք է ամոթից մեռնի՞, որ հասարակությունը չի գնում ընտրությունների, և ինքն ընտրվում է ՀՀԿ-ական պնակալեզների քվեների շնորհիվ: Պետք է խղճի խա՞յթ ունենա երկրի քաղաքական դաշտն ամայացնելու համար` այնպես, որ քիչ թե շատ ազդեցիկ մրցակից չի մնացել երկրում: Պետք է խղճա՞ ընդդիմությանը, որը զրկվել է հենարանից ու հայտնվել ողբալի վիճակում: Բոլորովին:
Վստահ եմ, որ նախագահականի վերլուծաբաններն այս իրավիճակը որպես փայլուն հաղթանակ են գնահատում և հպարտանում իրենց գործած ավերածություններով: Հակառակ պարագայում Ծառուկյանին չէին ստիպի հրաժարվել առաջադրվելու մտադրությունից, Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի վրա այդպես հետևողականորեն չէին աշխատի, մեյդան չէին բերի տարբեր էպոսագետների ու «նուռերի», որոնք նախագահի հաստիքային թեկնածուների կարգավիճակում կապահովեն քվեաթերթիկում մի քանի անունների առկայությունը և պայքարի իմիտացիան:
Բոյկոտն անգամ բարոյական հաղթանակ էլ չէ: Դա թույլերի, անզորների, անկարողների քայլ է: Խեղճ, սպառված հասարակության դրսևորում: Ոչ մի առաջընթաց, ոչ մի զարգացում չապահովող գործընթաց: Առանց այն էլ մեր հասարակությունն ակտիվ հասարակությունների թվին չի պատկանում և պայքարի փոխարեն նախընտրում է դիմանալն ու հանդուրժելը: Բոյկոտ հայտարարելով` մարդկանց ավելի ենք մղում անհուսության, պասիվության: Ներշնչում ենք, որ ոչ մի հեռանկար ու հույս չկա: Վերջապես` ամեն պարտություն չէ, որ ձախողում է: Պատկառելի քվեներ ստացած այլընտրանքային թեկնածուն նոր քաղաքական ուժ ձևավորելու շանս է ստանալու»,- գրում է «Հրապարակ» օրաթերթը: