
ՀՅԴ-ի էլեկտորատը դեռևս անորոշության մեջ է

ՀՅԴ-ն չի հստակեցնում, թե նախագահի որևէ այլ թեկնածուի կսատարի առաջիկա ընտրություններում, թե` ոչ: ՀՅԴ ներկայացուցիչներն այսօր հրավիրված ասուլիսում միայն հայտարարեցին, որ իշխանության թեկնածուին չեն սատարելու, մյուս թեկնածուների դեպքում հստակությունը կմտնի քարոզարշավի ժամանակ:
«Բացառելով իշխանության թեկնածուին աջակցելը` լիազորել Գերագույն մարմնին` հետևել նախընտրական գործընթացներին և ի հարկին կողմնորոշել ՀՅԴ կազմակերպական կառույցին և համակիրներին»,- այսօր հրավիրված ասուլիսումհայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Նա նշեց, որ զարգացումները լիովին չի կարելի կանխատեսել, որևէ տարբերակ չի բացառվում, բացառվում է միայն Սերժ Սարգսյանին սատարելը: Աղվան Վարդանյանը նշեց, որ իրենց տեսակետը դեռ կհայտնեն այս հարցի շուրջ` հետևելով առաջիկա գործընթացներին: Նա չբացառեց նաև ընտրության գնալու և որևէ մեկին չընտրելու տարբերակը:
Ինչ վերաբերում է բոյկոտին, ՀՅԴ ներկայացւոցիչները գտնում են, որ սա հնարավոր տարբերակ չէր ի սզբանե, բոյկոտը իմաստ կունենար համընդհանուրի դեպքում, մյուս կողմից էլ՝ դրա իրավունքը կուսակցությունը չունի:
«Մենք քաղաքական ուժ ենք և իրավունք չունենք մեր բոյկոտով վերջնականանապես վարկաբեկել ընտրության ինստիտուտը: Ի վերջո, փոփոխությունների միակ օրինավոր ճանապարհն ընտրություններն են, և մենք չենք կարող մեզ նման շռայլություն թույլ տալ»,- ասաց ՀՅԴ բյուրոյի անդամ Աղվան Վարդանյանը: