Մի քաղաքականացրեք «Մատաղիսի» գործը
Մատաղիսի զորամասի 2 զինծառայողների մահվան գործով երեք տղաների մեղադրանքը կազմվել է Ռազմիկ Սարգսյանի խոստովանական ցուցմունքի հիման վրա: Վերջինս ժամանակին «ինքնախոստովանական» ցուցմունքը տվել է դաժան ծեծի, խոշտանգումների հետևանքով: Այն ժամանակ Ռ. Սարգսյանի ծնողները հայտարարում էին, որ քննիչները ցուցմունք կորզելու համար նրան ոչ միայն խոշտանգել են, այլև առաստաղից կախելով՝ ձեռքերը կապել ու սպառնացել են «դուբինկայով» բռնաբարել:
Ինը տարի անց՝ երեք տղաներն արդարացվեցին
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երկու զինծառայողների սպանության մեջ մեղադրվող երեք երիտասարդներին՝ Արայիկ Զալյանին, Մուսա Սերոբյանին և Ռազմիկ Սարգսյանին անմեղ ճանաչելով՝ արդարացրեց: Հիշեցնենք, որ 9 տարի շարունակ նախաքննական մարմնում և դատարանից դատարան «թափառող» այս գործն այդպես էլ հանգուցալուծում չստացավ:
«Մատաղիսի» գործն այսօր էլ գտնվում է փակուղում, քանի որ երկու սպանված զինծառայողների՝ Հովսեփ Մկրտումյանի և Ռոման Եղիազարյանի սպանության համար ոչ ոք մինչ օրս պատիժ չի կրել, և մարդասպանները բացահայտված չեն: Սակայն այս գործի, մասնավորապես՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռի հրապարակմանը հաջորդող ամենացավալի փաստը, թերևս, քաղաքական բանսարկություններն են: Խնդիրն այն է, որ քրեական այս գործն օգտագործում են քաղաքական դաշտի թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր հատվածների ներկայացուցիչները:
Չի բացառվում, որ առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ` ՀՀ իշխանություններն այս քայլով փորձում են հասարակության լավ վերաբերմունքին արժանանալ: Մի բան, սակայն, միանշանակ է՝ «Մատաղիսի» գործով այս երեք տղաների մեղադրանքն ապացուցազուրկ է: Անկախ այն բանից, թե իշխանությունները կատարվածից 9 տարի անց իրենց այս որոշմամբ ինչ նպատակներ են հետապնդել, «Մատաղիսի» գործով տղաներին արդարացնելու վճռով Հայաստանի հասարակությունը շահել է: Շահել է շատ պարզ պատճառով՝ նախաքննական մարմնի հերթական «անգրագետ» ու «վայրագ» մեթոդներով կազմված մեղադրանքի վրա առաջին անգամ դատարանը չի դակել:
Եվ եթե նույնիսկ սա արդարադատության համակարգի «ինքնամաքրման» նախադեպ չէ, ապա գոնե Դատախազության բիրտ միջոցներով ցուցմունքներ կորզելու հայտնի մեթոդի զսպաշապիկն է: Օրերս լրատվամիջոցները հրապարակեցին մի տեսանյութ, որտեղ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը կրկին պնդում էր, որ մարդասպաններն այս երեք տղաներն են, որոնք արդարացվեցին դատարանի վճռով: Որպես իր խոսքերի ապացույց, նա ընդամենը մատնանշեց Ռազմիկ Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքը. «Ես բացառում եմ, ես որևէ զինվորի ընդհանրապես մատով չեմ կպել: «Մատաղիսի» գործով ընդհանրապես խոշտանգելու կամ ֆիզիկական ուժ կիրառելու որևէ խնդիր չի եղել, որովհետև այդ մեղադրյալն իր կամքով, իր ցանկությամբ, տեսանկարահանող սարքի առաջ, փաստաբանի ներկայությամբ մի քանի ժամ տևած հարցաքննության է մասնակցել: Իր ձեռքով մի քանի էջ ցուցմունք է գրել: Այդ բոլոր տեսագրությունները կան»:
Ջհանգիրյանը ստում է
Վերադառնանք 2005 թվականի դեկտեմբերի 1-ին կայացած դատական նիստին, որտեղ Գ. Ջհանգիրյանի մատնանշած տեսագրությունը ՀՀ Զինվորական Վերաքննիչ դատարանում ապացույցների հետազոտման փուլում հրապարակվեց:
Հիշեցնենք, որ այս երեք տղաների մեղադրանքը կազմվել է Ռ. Սարգսյանի հենց նույն խոստովանական ցուցմունքի հիման վրա: Ռ. Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքը հրապարակելու ժամանակ դատարանում մինչև անգամ դատավորներն անհարմարավետության մեջ հայտնվեցին, երբ տեսագրության մեջ Ռ. Սարգսյանի մարմնի կապտուկներն ու այտուցվածությունն ակնհայտորեն երևաց:
Վերջինս, «ուժասպառ» եղած, կրկնում էր հուշարար քննիչների խոսքերը և այտուցված ձեռքերով դժվարանում էր թղթի վրա ցուցմունքները շարադրել: Դեռ տեսագրությունը հրապարակելու նախորդող նիստերին Ռ. Սարգսյանի ծնողները հայտարարում էին, որ քննիչները ցուցմունք կորզելու համար նրան ոչ միայն խոշտանգել են, այլև առաստաղից կախելով՝ ձեռքերը կապել են ու սպառնացել են «դուբինկայով» բռնաբարել: Խոշտանգումների ճնշման տակ կեղծ ցուցմունք տալու մասին անձամբ Ռ. Սարգսյանը հետագայում դատարանում բազմիցս հայտարարել է, ինչն այդպես էլ քննության առարկա չի դարձել:
2005թ. դեկտեմբերի 1-ին հրապարակված այդ տեսագրությունից հետո սպանված երկու զինծառայողներից Հովսեփ Մկրտումյանի հայրը՝ Մովսես Մկրտումյանը, որ դատարանից պահանջում էր այս երեք երիտասարդներին առավելագույն պատիժ սահմանել, տարակուսած հայտարարեց. «Երբ քննիչը Ռ. Սարգսյանին ասաց` նկարագրի Հովսեփին՝ նա ասաց, թե Հովսեփը բոյով տղա է, և այլն: Բանից պարզվում ա՝ նա չի էլ ճանաչում իմ տղային»:
Շիրակի ընդհանուր իրավասության դատարանում Հ. Մկրտումյանը նույնպես հայտարարել է, որ իր որդուն սպանողներն այս երեք տղաները չեն, իսկ մյուս՝ Ռոման Եղիազարյանի իրավահաջորդը, նրա հորեղբայրն այսօր էլ պնդում է, որ այս երեք տղաներն են սպանությունը կատարել: 2006թ. Վճռաբեկ դատարանը «Մատաղիսի» գործը բեկանել էր՝ ապացույցների ոչ բավարար հիմքով: Հիշեցնենք, որ այդ վճիռը կայացնող դատավորները հետագայում որպես «պատիժ» հետ ուղարկվեցին Ընդհանուր իրավասության դատարաններ:
Ինը տարի անց
«Մատաղիսի» գործից հետո Հայաստանում երեք զինդատախազ է փոխվել, ու ներկայիս զինդատախազ Գևորգ Կոստանյանը Panorama.am-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Մատաղիսի քրեական գործով ձեռք բերված ապացույցներին, հայտարարել է. «Դատարանը անթույլատրելի ճանաչեց դրանք, որովհետև դրանց մի մասը ձեռք էր բերվել խոշտանգումների արդյունքում, ըստ դատարանի որոշման, մյուս մասի անարժանահավատության խնդիր էր դրված, և այլն: Եթե ժամանակին պատշաճ գնահատական տրվեր այդ ապացույցների թույլատրելիության խնդրին, ես կարծում եմ, որ այսօր մենք չէինք կանգնի այս խնդրի առաջ:
Այդ ապացույցներն, այնուամենայնիվ, հետազոտվել են, Վճռաբեկ դատարանի որոշման հիման վրա քննություն է իրականացվել: Եթե ժամանակին թույլատրելիության վերաբերյալ խնդիրները պատշաճ գնահատվեին, մենք չէինք կանգնի այդ փաստի առաջ և կունենայինք մեղադրական դատավճիռ»:
Հիշեցնենք, որ Գագիկ Ջհանգիրյանը պնդում է, որ խոշտանգումների մասին խոսք լինել չի կարող, իսկ Գևորգ Կոստանյանը հայտարարում է, որ խոշտանգումներ են եղել: Ուրեմն՝ երեք զինդատախազներն էլ հանցագործություն պարտակողներ են, քանի որ խոշտանգված Ռ. Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքը` որպես փաստ, գտնվում է քրեական գործի նյութերում:
Բնականաբար, այս գործին կարող է հաջորդել նախաքննական մարմնում ծառայողական քննությունը: Բնականաբար, ոմանց «դուբինկաներով» բռնաբարելու սպառնալիքի տակ ցուցմունք կորզելու մեթոդը հանցակազմի մասին է վկայելու: Սոցիալական ցանցերում և որոշ լրատվամիջոցներում տղաներին անմեղ ճանաչելու ՀՀ քաղաքացիների անկեղծ ոգևորությունը ոմանք «հորթի հրճվանք» են որակում: «Մատաղիսի» գործը քաղաքականացնում են, ոմանց գծի վրա պահելու ու ոմանց գծից իջեցնելու համար:
Անկախ նրանից, թե ովքե՞ր են իրական մարդասպանները «Մատաղիսի» գործով, ու զարգացումներն ո՞ւր կտանեն՝ քաղաքական բանսարկուները պետք է գիտակցեն, որ մի օր էլ իրենց են նույնկերպ խոշտանգելու, առաստաղից կախած՝ «դուբինկայով» բռնաբարելու:
Հ.Գ. Նախկին զինդատախազ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը վերոնշյալ տեսագրության մեջ հայտարարում է. «Եթե Ջհանգիրյանը որևէ ապօրինություն էր կատարել «Մատաղիսի» գործի նախաքննության ընթացքում, և ոչ միայն Ջհանգիրյանն, այլև՝ քննչական խումբը, օպերատիվ աշխատողները, ապա 2008 թվականի հայտնի իրադարձություններից հետո, երբ ես հայտնվեցի ձեզ համար հայտնի վայրում, իշխանությունները լավ առիթ ունեին ինձ մեղադրել և դատել արդարադատության դեմ ուղղված ծանր հանցագործություն կատարելու համար և ոչ թե ոստիկանին հրելու կամ գրպանը պատռելու մեղադրանքով դատի տալ»:
Միայն թե Ջհանգիրյանին պետք է, թերևս, ամեն օր հիշեցնել, որ արդարադատության դեմ ծանր հանցագործություն իր կողմից նաև կատարվել է «Հոկտեմբերի 27»-ի գործը քննելու ընթացքում, որի պատասխանատուն ինքն էր, և որի ժամանակ ինքը՝ ՀՀ զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն, իշխանությունների հրահանգով փոխում էր գործի էությունը:
Այնպես որ, Ջհանգիրյանն էլ` իր հերթին, իշխանությունների դեմ բազում «կոմպրոմատներ» ունի, և նրա հանդեպ նման անզգույշ քայլը կարող էր շատերի համար ճակատագրական լինել: