Բաժիններ՝

Գիտնականները հողից շուրջ 2000 նմուշ են վերցրել՝ Երևանի էկոլոգիական վիճակը որոշելու համար

ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտնականները Երևանի տարբեր վարչական տարածքների հողից շուրջ 2000 նմուշ են վերցրել, որի ուսումնասիրությունը հնարավորություն կտա որոշելու՝ մեր քաղաքի էկոլոգիական վիճակը:

Նմուշը վերցրել են հողից, որովհետև հողը հանդիսանում է շրջակա միջավայրի իրավիճակի հայելին: «Ինչ մենք ունենք օդում, մթնոլորտում, վաղ թե ուշ անձրևի տեսքով (և այլն) հայտնվում է հողի մակերևույթին: Հողը երկարատև ազդեցության ցուցանիշն է, և եթե այն աղտոտված է, ուրեմն՝ մենք ունեցել ենք օդի աղտոտվածություն, և այլն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանը:

«Նման հետազոտությունների մի մասը, որ իրականացվում են քաղաքներում, թույլ է տալիս որոշել ռիսկի խմբերը և նույնիսկ կապել որոշ տարրերի աղտոտվածությունը որոշակի հիվանդությունների հետ: Օրինակ, 1989-1990թթ. ուսումնասիրությունների արդյունքում պերինատալ մահացությունը՝ մահացած նորածինների քանակը, շատ հստակորեն կապվեց այն տարածքների հետ, որտեղ մենք ունեինք պղնձի ու կապարի աղտոտման բարձր մակարդակ»,- ասաց Ա. Սաղաթելյանը:

Ըստ նրա՝ երկրաքիմիական հետազոտությունները կարևոր են նաև գյուղատնտեսական շրջանակների համար, քանի որ հողերի աղտոտումն անցնում է նաև պտուղ- բանջարեղենի մեջ: Ա. Սաղաթելյանի խոսքով՝ մենք ներկայումս ունենք տարածքներ, որտեղից ստացվող գյուղմթերքը վտանգավոր է պարզապես բնակչության համար:

Կարդացեք նաև

«Ընդհանրապես մարդկության առջև ծառացած լուրջ վտանգների մասին խոսելիս, պետք է հասկանալ, որ այդ բոլորը երկրաքիմական բնույթի վտանգներ են, օրինակ՝ իմունիտետի անկումից, հողերի դեգրադացիայից՝ մինչև երկրի օզոնային շերտի քայքայման վտանգը, երկրի ջերմային հաշվեկշռի փոփոխություները, և այլն»,- ասաց Ա. Սաղաթելյանը՝ նշելով, որ երկրաքիմիական բալանսի խախտումը կապված է անգամ տուրիզմի հետ:

«Մենք ցանկանում ենք զարգացնել տուրիզմը մեր երկրում, մինչդեռ տուրիստները միշտ հետաքրքրվում են, թե ինչ էկոլոգիական իրավիճակ է տվյալ երկրում: Օրինակ՝ հենց այդ հարցով մեզ մի քանի անգամ դիմել են Կարմիր խաչի ներկայացուցիչները, քանի որ կամավորները Հայաստան գալու ժամանակ ոչ թե ասում են՝ մեզ համար ստեղծեք լավ հյուրանոցային պայմաններ, այլ՝ հարցնում են, թե ի՞նչ վիճակում է մեր երկրի էկոլոգիան. արդոք այն չի՞ վնասի նրանց առողջությանը»,- ասաց Ա. Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝ երկրաքիմիական հետազոտություններն այսօր առանցքային նշանակություն ունեն ամբողջ աշխարհում: Շատ երկրներ հենց այդ ուսումնասիրությունների իրականացման համար հատուկ գումարներ են տրամադրում գիտահետազոտական կենտրոններին, մինչդեռ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոսֆերային հետազոտությունների կենտրոնը դրա համար հատուկ ֆինանսավորում չունի, իսկ այս ուսումնասիրությունն՝ կենտրոնի տարբեր ծրագրերից ստացված գումարների հաշվին են իրականացնում:

Ըստ Ա. Սաղաթելյանի՝ այդ ուսումնասիրությունների արդյունքների և այդ տեղեկատվության արագ, մատչելի կերպով և ճիշտ ներկայացումը անչափ կարևոր է խնդրի էությունը հասկանալու և հետևաբար պետական կառավարման մարմինների կողմից համապատասխան որոշումներ կայացնելու համար:

«Այդ ամենի ներկայացման համար կան շատ հետաքրքիր տեխնոլոգիաներ, որոնք կոչվում են Երկրատեղեկատվական տեխնոլոգիաներ (GeoInformation Technology), երբ ցանկացած նշանակալի էկոլոգիական տեղեկատվությունը կարող ես արտահայտել քարտեզների տեսքով: Դրանց օգնությամբ կարելի է որոշել շրջակա միջավայրին սպառնացող տարբեր վտանգներն ու հնարավոր ռիսկերը»,- ասաց Ա. Սաղաթելյանը:

Ամբողջ Երևանի համար մենք արդեն ունենք նմանատիպ երկու քարտեզ, սակայն առաջիկայում արդեն 2013թ. հողից վերցված շուրջ 2000 նմուշների ուսումնասիրության արդյունքում՝ կստեղծվի նման արդեն երրորդ հանույթը (երկրաքիմիական քարտեզագրումը կոչվում է հանույթ.- Լ.Մ.):

Տեղեկացնենք, որ նման քարտեզ կենտրոնի կողմից ստեղծվել է 10 տարի առաջ, իսկ այս ընթացքում, ըստ մասնագետի՝ շրջակա միջավայրում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս