Բաժիններ՝

Փոխարժեքն ու խոզի բուդը

Արժե՞ փչացնել ամանորյա տրամադրությունը՝ դոլարի պատճառով 

Ամերիկյան դոլարը շաբաթը սկսել է անկումով։ Երեկ ամերիկյան արժույթը կրկին էժանացել է մոտ մեկ դրամով, ինչը որոշ քաղաքացիների մոտ սպասումներ է առաջացրել, որ Ամանորյա տոների հետ կապված՝ դրամի փոխարժեքն ավելի կամրապնդվի։

Եվ այսպես, հիշեցնենք, որ երկուշաբթի օրը «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում արտարժույթի առքուվաճառք տեղի չունեցավ։ Գնորդներն ու վաճառողներն այդպես էլ դոլարի գնի հարցում համաձայնության չէին կարողացել գալ։ Երեքշաբթի դոլարի միջին փոխարժեքն աննշան չափով էժանացավ։ Իսկ երեկ ամերիկյան արժույթի գինը նվազեց 0.26%-ով կամ ավելի քան 1 դրամով՝ կազմելով 405.75 դրամ։
Կանխիկ արտարժույթի շուկան բորսայական փոփոխություններին արձագանքեց դոլարի գնի համապատասխան նվազեցմամբ։ Փոխանակման կետերը երեկ երեկոյան դոլարը գնում էին միջինը 404.0-404.5 դրամով, վաճառում` 407-407.5 դրամով։
Առավել հոռետես մեր համաքաղաքացիները երեկ արդեն սկսել էին մտահոգություններ հայտնել, որ դոլարը կշարունակի էժանանալ, քանի որ մարդիկ սկսել են ամանորյա գնումների համար իրենց մոտ եղած դոլարը վերածել դրամի։ Իսկ խոշոր ներմուծողները՝ բանկիրների հետ միասին, փորձելու են առավելագույն օգուտ քաղել այդ ամենից՝ որքան հնարավոր է էժան գնով արտարժույթ գնելով։
Մեր համաքաղաքացիների մտահոգությունը հասկանալի է. աչքը տեսածից է վախենում (տարիներ առաջ ամեն ինչ հենց այդպես էլ լինում էր)։ Սակայն վերջին 2-3 տարվա դինամիկան ցույց է տալիս, որ դոլար ունեցող մեր հայրենակիցներն անհանգստանալու լուրջ պատճառներ, թերևս, չպետք է ունենան։
Այսպես, օրինակ, 2011թ. դեկտեմբերի երկրորդ կեսի ընթացքում (ամսի 15-ից մինչև 31-ը) ամերիկյան դոլարը ոչ միայն չէժանացավ, այլ հակառակը՝ արժևորվեց։ Նախորդ տարվա դեկտեմբերի 15-ին 1 ԱՄՆ դոլարն արժեր 382.29 դրամ (պաշտոնական միջին փոխարժեքը)։ Դեկտեմբերի 20-ին փոխարժեքը դարձավ 382.36, 25-ին՝ 383.58, իսկ դեկտեմբերի 31-ին հասավ 385.77 դրամի։ Այսինքն՝ դոլարային եկամուտ ունեցող մեր համաքաղաքացիները ոչ միայն չտուժեցին, այլև շահեցին։ 2010թ. պատկերը նույնն էր։ Դեկտեմբերի ընթացքում դոլարի միջին փոխարժեքն աննշան շեղումներով պահպանվում էր 360 դրամի շուրջ։ Իսկ ամսվա վերջին շաբաթվա ընթացքում դոլարի գինը նկատելիորեն աճեց՝ հասնելով 363.44 դրամի։
2009թ. դեկտեմբերի ընթացքում դոլարի գինն ընկավ շուրջ 4 դրամով։ Սակայն դա տեղի ունեցավ ոչ թե անմիջապես ամանորյա տոներից առաջ, այլ դեկտեմբերի 15-20-ն ընկած ժամանակահատվածում։
Միայն 2007թ. Ամանորն է դոլարատերերին տհաճ անակնկալ մատուցել։ Դեկտեմբերի վերջին 2 օրերին դոլարի փոխարժեքը միանգամից նվազեց շուրջ երկու դրամով։
Ինչևէ, ընդհանուր առմամբ, վերջին տարիների վիճակագրությունը խոսում է այն մասին, որ մտահոգվելու կարիք ամենևին չկա։
Իհարկե, եթե մենք՝ հայերս, այս տարի չփորձենք ամանորյա սեղանների ճոխության և լիության առումով անգերազանցելի ռեկորդներ սահմանել։ Այդ պարագայում շուկա կնետվի դոլարի մեծ քանակություն, ինչն առանց կողմնակի աջակցության կհանգեցնի ամերիկյան արժույթի գնի նվազեցման։
Քանի որ փոխարժեքի դեկտեմբերյան տատանումները հիմնականում պայմանավորում են հենց ամանորյա գնումների հետ, կարծում ենք՝ ընթերցողին հետաքրքիր կլինի նաև իմանալ, թե վիճակագրական ցուցանիշներում այդ ամենն ինչպես է արտացոլվում։
Այսպես, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2011թ. դեկտեմբերին մանրածախ առևտրաշրջանառության ծավալը կազմել է 214 միլիարդ դրամ։ Դա 75%-ով գերազանցում է նոյեմբերի ցուցանիշին։ 2011թ. ողջ տարվա ընթացքում մանրածախ առևտրաշրջանառության ծավալը կազմել է շուրջ 1.3 տրիլիոն դրամ։ Ամսական կտրվածքով՝ միջինը 108 միլիարդ դրամ։ Փաստորեն, դեկտեմբեր ամիսն առևտրի ծավալներով երկու անգամ գերազանցում է տարվա միջին ցուցանիշը։ 2010 թվականի համար դեկտեմբերի «ակտիվությունն» ավելի նկատելի է՝ 2.5 անգամ։
Ինչպես նշեցինք, դոլարային եկամուտներ ունեցող մեր հայրենակիցները փոխարժեքի հետ կապված մտավախություններ կարող են չունենալ։ Սակայն այնպես չի, որ անհանգստանալու կարիք ընդհանրապես չկա։ Խոսքը վերաբերում է ոչ թե փոխարժեքին, այլ գնաճին։ Օրինակ, նախորդ տարվա դեկտեմբերին սպառողական գները նախորդ ամսվա համեմատ զգալիորեն աճել էին՝ 2.5%-ով։ 2010 թվականին ամսական կտրվածքով գնաճը կազմել էր 1.8%։
Դժվար է ասել, թե այս տարվա դեկտեմբերին սպառողական գներն ինչպես կփակեն տարին։ Սակայն արդեն տևական ժամանակ է` խոսակցություններ են գնում լայն սպառման ապրանքների հնարավոր գնաճի մասին (առաջին հերթին` հացամթերքի)։
Ամեն դեպքում, այստեղ էլ կան լավատեսության պատճառներ։ Դրանցից գլխավորն, իհարկե, փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններն են, որոնցից առաջ մեր իշխանությունները ոչ մի դեպքում թույլ չեն տա, որ մեր ժողովուրդը տարին դժգոհ փակի։ Դրանում կարելի է համոզված լինել թեկուզ այն պատճառով, որ կառավարությունը դեռ հերոսաբար զսպում է գազի գնի թանկացումը։ Կարճ ասած՝ տրամադրությունը գցելու ոչ մի պատճառ չկա՝ մինչև հաջորդ տարվա փետրվարի 18-ը։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս